Հայաստանն ընտրում է նոր ԱԷԿ․ «Ռոսատոմի» կողմից Հայաստանում ԱԷԿ-ի կառուցումը կ

Հոկտեմբեր 6, 2026

Սեպտեմբերի 28-29-ն աշխատանքային այցով Հայաստանում էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկված հարցերի թվում են էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը, նոր ատոմակայանի հնարավոր կառուցումը և գործող երկրորդ էներգաբլոկի (որը տրամադրում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև մեկ երրորդը) աշխատանքի երկարաձգումը մինչև 2036 թվականը:

Տեսականորեն չի բացառվում նաև Մեծամորի ատոմակայանի շահագործումը մինչև 2046 թվականը երկարաձգելու տարբերակը, ինչը, սակայն, հսկայական ծախսեր է պահանջում և կարող է հանգեցնել 2036-2046 թվականներին էլեկտրաէներգիայի ինքնարժեքի կրկնակի աճի:

Բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Մոսկվան Երևանին առաջարկում է կառուցել նոր էներգաբլոկ՝ մոտ 1 գիգավատտ հզորությամբ, ՎՎԷՐ-1000 (ВВЭР-1000) տեխնոլոգիայով, որը համատեղում է անվտանգության բարձր չափանիշներն ու տնտեսական արդյունավետությունը, և որով կառուցվել ու շարունակում են կառուցվել ատոմակայաններ Հնդկաստանում և Իրանում։

«Առաջին անգամ հնչեցին մեզ համար շատ կարևոր խոսքեր Նիկոլ Վովայիի կողմից այն մասին, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը որոշում կկայացնի նոր կայանի տեխնիկական կերպարի և այն կառուցող գործընկերների վերաբերյալ։ Սա նորություն է, որը մեր առջև որոշակի խնդիրներ է դնում, այն է՝ առաջիկա ամիսներին ձևակերպել ամենամրցունակ առաջարկը, որպեսզի Հայաստանն ընտրի նոր բլոկի կառուցման մատակարարին»,- Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներով լրագրողներին ասել է Լիխաչովը։

Կարդացեք նաև

  • Ձեզ խաբում են, ոչ ոք չի գալու օգնության. գործիք մի դարձեք Թրամփի ձեռքին. Զեֆրի Սաքսի ուղերձը
  • Կվախենա… դա կլինի իր իշխանության վերջին օրը. կա՛մ պիտի հանձնվի Ռուսաստանին, կա՛մ ԵՄ-ին. Ավետիք Չալաբյան
  • Հայ-ամերիկյան օրակարգը, «Թրամփի ուղին» և Իրանի կարմիր գծերը. Արարատ Միրզոյանի այցը Թեհրան․ ինչ է փոխանցել Միրզոյանն իրանական կողմին

Սպասելի էր՝ ապագա կայանի տեխնոլոգիայի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել. Երևանը զուգահեռ դիտարկում է ամերիկյան ուղղությունը՝ ներառյալ մինչ այժմ շահագործման իրական պայմաններում չփորձարկված «փոքր մոդուլային ռեակտորները», որոնք համառորեն առաջ են քաշվում փոխնախագահ Վենսի և Սպիտակ տնից այլ պարբերական այցեր կատարող պաշտոնյաների կողմից:

Անցած փետրվարին այս թեմայի շուրջ նույնիսկ ստորագրվեց ինչ-որ թուղթ, որը հայտնի է՝ որպես «123 համաձայնագիր»՝ ակնհայտ աշխարհաքաղաքական ենթատեքստով։ Իսկ արդեն մայիսին Փաշինյանը նշել էր, որ Երևանում դիտարկում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի առաջարկները և մտադիր են համապատասխան նախագիծ ընտրել՝ ելնելով տնտեսական արդյունավետությունից և տեխնոլոգիական բնութագրերից։

Վերջին շրջանում Հայաստանում ծավալվում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների ենթակառուցվածք, որը պահանջում է էլեկտրաէներգիայի զգալի հզորություններ։ Այսպես, ի սկզբանե ենթադրվում էր, որ Հրազդանի տվյալների մշակման կենտրոնի համար (ամերիկյան Firebird AI ընկերության նախագիծ) բավարար կլինի 125 մեգավատտը, սակայն պարզվեց, որ անհրաժեշտ է մոտ 0,5 գիգավատտ։ Լիովին հաշվի առնելով տեղական էներգետիկայի զարգացման առանձնահատկությունները՝ «Ռոսատոմն» առաջարկում է կոնկրետ տեխնիկական պարամետրերով նախագիծ, որը ենթադրում է Մեծամորի ԱԷԿ-ի հարթակում նոր օբյեկտի ստեղծում: «Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում նոր ատոմային գեներացիայի ստեղծման հեռանկարներին։ «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է ապացուցված ատոմային տեխնոլոգիաներ հզորության տարբեր տիրույթներում՝ ներառյալ մեծ, միջին և փոքր հզորության էներգաբլոկները»,- նշվում է կորպորացիայի Telegram-ալիքում:

Մոսկվայում չեն բացառում նաև այլ գործընկերների մասնակցությունը հայկական պոտենցիալ նախագծին, ինչին ուշադրություն է դարձնում ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահե Դավթյանը.

«Լիխաչովի գլխավոր մեսիջը, եթե չեմ սխալվում, հենց այն էր, որ ոչ միայն «Ռոսատոմն» է պատրաստ ներգրավվել այս նախագծի իրականացման մեջ։ Խոսքը կոնսորցիումային տրամաբանության մասին էր, որի շրջանակներում կարող են միավորվել ֆրանսիական, ռուսական, հարավկորեական, չինական և ամերիկյան տեխնոլոգիաները, ընկերություններն ու կապիտալը՝ հայկական միջուկային նախագծի իրականացման համար»։

Դրա վառ օրինակ կարելի է համարել Ղազախստանում ատոմակայանի կառուցման շուրջ պայմանավորվածությունները, որտեղ «Ռոսատոմի» հետ մեկտեղ՝ ներգրավված են նաև ֆրանսիական, կորեական և չինական կապալառուներ։ Նման մոտեցում կարող է կիրառվել նաև Հայաստանում՝ պատվիրատուի ցանկության դեպքում։

Տասնամյակներ շարունակ միջուկային էներգետիկան մնացել է միջազգային համագործակցության յուրահատուկ ոլորտ, որի շրջանակներում պետությունները համագործակցության ուղիներ են գտել նույնիսկ լրջագույն քաղաքական-գաղափարախոսական տարաձայնությունների պարագայում։

Բայց արդյո՞ք հայկական գործող ղեկավարությունը բավարար քաղաքական ու դիվանագիտական ռեսուրսներ, փորձ և հեղինակություն ունի՝ ոչ միայն զուտ տնտեսական նշանակություն ունեցող նման բարդ նախագծի իրականացման համար։

Հիշեցնենք, որ «խաղաղ ատոմի» դեմ Հայաստանում, որպես այդպիսին (և մասնավորապես ռուսականի), ակտիվորեն առարկում են Բրյուսելում, Անկարայում և հատկապես Բաքվում՝ սեյսմիկ վտանգավոր տարածաշրջանում էկոլոգիական ռիսկերի պատրվակով։

Այսպես, մայիսի սկզբին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ Հայաստանը ողջունել է Եվրամիության աջակցությունը հայկական ԱԷԿ-ը մինչև 2040 թվականը շահագործումից հանելու ճանապարհային քարտեզի մշակման գործում:

Պարզ է՝ Բրյուսելում այդ մասին չեն մոռացել և ամբողջ թափով կօգտագործեն աշխարհաքաղաքական շանտաժի գործիքները, այդ թվում՝ հենվելով ամենատարբեր մակարդակների գործակալական ցանցերի վրա։ Բացի այդ, վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, համենայնդեպս՝ հրապարակային հռետորաբանության մակարդակով։ 2020-2023 թվականների իրադարձություններից հետո Կովկասում նոր իրողությունները ենթադրում են, առնվազն, Երևանի զգայունությունն արևելյան և արևմտյան հարևանների կարծիքի նկատմամբ։

Միևնույն ժամանակ դժվար չէ հասկանալ, որ Ադրբեջանի և Թուրքիայի առաջարկած այլընտրանքները հազիվ թե նպաստեն Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանը, չխոսելով արդեն հավակնոտ նախագծերի իրականացման մասին, այդ թվում՝ վերազգային բարձր տեխնոլոգիական կորպորացիաների մասնակցությամբ։ Ա. Լիխաչովի խոսքով՝ «անցյալ տարի Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման աճը կազմել է 7%։

Մասնագետների հաշվարկներով՝ նույնիսկ սպառման աճի տարեկան 4% պահպանողական սցենարի դեպքում, մինչև 2036 թվականը (գործող Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումից հանվելու պահը) էներգահամակարգում կառաջանա մոտ 1 գիգավատտ ծավալով հզորությունների դեֆիցիտ։ Բացի այդ, արևային գեներացիայի մեծ մասնաբաժնի պատճառով Հայաստանում նկատվում են էլեկտրաէներգիայի արտադրության օրական ուժեղ տատանումներ։ Ատոմակայանն իր հերթին՝ ունակ է ապահովել հուսալի բազային գեներացիա 24/7 ռեժիմով՝ անկախ արևից, քամուց և եղանակային պայմաններից»։

Երևանում «Ռոսատոմի» ղեկավարի բանակցությունները վկայում են այն մասին, որ կողմերը պատրաստ են կառուցողական քննարկել կարևոր հարցեր, որոնց դրական լուծումը կնպաստի հակասությունների սրության մասնակի վերացմանը, որոնք հատկապես ակնհայտ էին վերջին մեկուկես տարում: Հայկական փորձագիտական միջավայրում կարելի է հանդիպել այն դատողությանը, որ «Ռոսատոմի» ուժերով նոր էներգաբլոկի կառուցումը կնպաստեր պատժամիջոցների սահմանափակումների մեղմացմանը, որոնց բախվում են գյուղատնտեսական և մի շարք այլ ապրանքատեսակների հայկական արտադրողները ս.թ. մայիսից սկսած: Այդպե՞ս է դա, թե՞ ոչ, անշուշտ, ցույց կտա ժամանակը:

Երևանում գործող իշխանության համար ռուսական առաջարկներին համաձայնությունը կնպաստեր տնտեսական կոոպերացիայի վերականգնմանը և իրավիճակի կայունացմանը երկրում, որը շատ հեռու է պաշտոնական հարաբերություններից։ Բայց արդյո՞ք մերձավոր և հեռավոր հարևանները թույլ կտան որոշումներ կայացնել, որոնք կհամապատասխանեն հենց Հայաստանի ազգային շահերին, այլ ոչ թե՝ իրենց շահերին։

Այսպես թե այնպես, այս հարցի պատասխանին երկար սպասել չի մնացել։ Հստակ պատասխանից խուսափելն ու անսահմանորեն ձգձգելն ակնհայտորեն չի աշխատի՝ առանց կոտրված էներգետիկ տաշտակի առջև կանգնելու վտանգի։ Եվ, ըստ երևույթին, ոչ միայն էներգետիկ։

ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎ

քաղաքագետ

infoshos.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Kanayan Tamar. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/06/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a1%d5%a7%d5%af%e2%80%a4-%d5%bc%d5%b8%d5%bd%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4/

Leave a Reply