Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Ամպերա» ընկերությունն իրականացրել է հարկային և մաքսային վարչարարության վերաբերյալ հանրային ընկալումները գնահատող հետազոտություններ, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ հարկային և մաքսային վարչարարության նկատմամբ հարկ վճարողների և տնտեսավարողների ընդհանուր վերաբերմունքը դրական է, իսկ վերջին տարիներին իրականացված բարեփոխումները՝ նկատելի։
ՊԵԿ-ից հայտնում են, որ հարկային վարչարարության վերաբերյալ հետազոտության համաձայն՝ հարկ վճարողների 55.1%-ը դրական է գնահատել վերջին երեք տարիներին իրականացված վարչարարության բարելավման միջոցառումները։
Վերաբերմունքի փոփոխություն․Հարկ վճարողների 58.3%-ը (իսկ միջին բիզնեսի՝ 81.8%-ը) նշել է, որ վերջին մեկ տարում ՊԵԿ-ի վերաբերմունքը դրականորեն է փոխվել:
Կամավոր կարգապահություն․ Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք։ Միաժամանակ, 63.2%-ը վստահ է, որ բոլորի նկատմամբ կիրառվում է հավասար վերաբերմունք՝ նախորդ տարվա 45․3%-ի փոխարեն (ցուցանիշն աճել է 17.8 տոկոսային կետով): Այս գնահատականը փաստում է, որ hավասար և կանխատեսելի վարչարարությունը հարկային համակարգի նկատմամբ վստահության կարևոր նախապայման է։
Ռիսկահեն հսկողություն և կանխարգելում․ Հարկային ստուգումների ու ուսումնասիրությունների՝ ըստ ռիսկայնության չափանիշների գնահատման արդարացիությունն ու անկանխակալությունը դրական է գնահատել 75.3%-ը։ Հարկ վճարողների 76.0%-ը կարևորել է չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ ծանուցումներ ստանալու հնարավորությունը, ինչը վկայում է կանխարգելիչ և հարկ վճարողին աջակցող վարչարարության կարևորության մասին։
Մաքսային վարչարարության ոլորտում, ըստ հարցվածների, ևս արձանագրվել է դրական դինամիկա։ Տնտեսավարողների 73.8%-ը դրական է գնահատել մաքսային ձևակերպումների տևողության կրճատումը, ինչը ցույց է տալիս, որ իրականացված բարեփոխումների գործնական արդյունքներն արձանագրում է նաև գործարար հանրությունը։
Թվայնացում․ էլեկտրոնային ծառայությունների օգտակարությունը բարձր է գնահատել հարցվածների ավելի քան 66 %-ը։
Կոռուպցիոն ռիսկերի կանխարգելում․ հարցվածների 50.3%-ը մաքսային ծառայության գործունեությունը գնահատել է հիմնականում թափանցիկ, իսկ 59․3%-ը՝ ընդգծել է կառույցի հուսալիությունը։ Հարցման մասնակիցների 77.8%-ը նշել է, որ ՊԵԿ-ի կողմից կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման ուղղությամբ հետևողական քայլեր են իրականացվում։
Միասնական հաշվի ներդրում․ Հետազոտության համաձայն՝ տնտեսավարողների 79.7%-ը նպատակահարմար է համարում մաքսային վճարների իրականացման համար միասնական հաշվի ներդրումը։ Սա ևս մեկ կարևոր ազդակ է՝ մաքսային գործընթացներն առավել պարզ և հարմարավետ դարձնելու անհրաժեշտության մասին։
Բարելավման ուղղություններ․ հետազոտությունների արդյունքները վկայում են հարկային և մաքսային բարեփոխումների շարունակականության անհրաժեշտության մասին՝ վարչարարությունը պարզեցնելու, թվային ծառայությունների որակը բարձրացնելու, հարկ վճարողների հետ հաղորդակցությունն ու հետադարձ կապը բարելավելու, մաքսային գործընթացներն առավել արագ, հասանելի և կանխատեսելի դարձնելու, ինչպես նաև գործընկերային հարաբերություններն ամրապնդելու նպատակով։
ՊԵԿ-ը շնորհակալություն է հայտնում հետազոտություններին մասնակցած բոլոր հարկ վճարողներին և տնտեսավարողներին։ Ձեր մասնակցությունն ու ներկայացված դիտարկումները կարևոր նշանակություն ունեն հարկային և մաքսային վարչարարության հետագա բարեփոխումների մշակման և պահանջներին համահունչ լուծումների ձևավորման համար։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emma Jilavian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/06/%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%be%d5%a1%d5%ae%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-81-%d5%a8-%d5%b0%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%a6%d5%b6%d5%ab%d5%be-%d5%be%d5%b3%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/