Սյունիքում ադրբեջանցի զինվորականի կողմից սահմանի ապօրինի հատումն ու խաղաղ բնակիչների վրա զինված հարձակումը լուրջ հարցեր են առաջացրել սահմանային անվտանգության վերաբերյալ: Իշխանությունները խոստանում են համապարփակ ծառայողական քննություն՝ խստացնելով հսկողությունը և ակնարկելով կալանավորված սահմանախախտի հնարավոր փոխանակման մասին։
Անվտանգային միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 1-ին՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում: Ժամը 14:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Նասիմի Ռահիմ օղլի Մուսաևն ապօրինի մուտք է գործել գյուղի տներից մեկը և, նկատվելով տանտերերի կողմից, կրակոցներ արձակել։ Հարձակման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված կինը, իսկ նրա երկու անչափահաս երեխաները մարմնական վնասվածքներով (դաստակի կոտրվածք և սալջարդ) տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավոր կնոջը Սիսիանում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երևան։ Դեպքից անմիջապես հետո փախուստի դիմած ադրբեջանցին ժամեր անց՝ 15:30-ին, հայտնաբերվել և վնասազերծվել է նույն փողոցի մեկ այլ տանը:
Անդրադառնալով աղմկահարույց դեպքին՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ընդունել է սահմանային պահպանության օղակում առկա բացթողումները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ հակառակորդի զինվորը սահմանը հատել էր դեռևս սեպտեմբերի 29-ին և երկու օր անարգել շրջել Հայաստանի տարածքում։
«Մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք, որը պետք է լուծել: Մեր բոլոր ծառայությունները համակցված պետք է միասին այս դեպքի առնչությամբ ոչ միայն քննություն իրականացնեն, այլ տոտալ ամբողջ տարածքը տակնուվրա անեն»,- շեշտել է խորհրդարանականը։
Դիտարկմանը, թե արդյոք գործ ունենք մոլորված զինվորի, թե հատուկ նախապատրաստված դիվերսանտի հետ, Քոչարյանը նշել է, որ քննությունը պետք է դիտարկի բոլոր հնարավոր սցենարները։ Նրա խոսքով՝ այն փաստը, որ կինը կարողացել է ինքնուրույն դիմադրել, խոսում է ոչ թե հատուկջոկատայինի, այլ սովորական զինծառայողի մասին։
Միևնույն ժամանակ նա հորդորել է զգոն լինել, քանի որ հակառակորդը կարող էր միտումնավոր մոլորեցնել հայկական կողմին։ Պատգամավորը հիշեցրել է նաև 2023 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահանորդի սպանության դեպքը՝ ընդգծելով, որ նախկինում արված ահռելի աշխատանքից հետո նման միջադեպի կրկնությունը պետք է բացառվեր։
Նասիմի Մուսաևի նկատմամբ արդեն իսկ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ պետական սահմանն ապօրինի հատելու, հրազենի մաքսանենգության և բռնություն գործադրելու հատկանիշներով, իսկ դատարանի որոշմամբ նա կալանավորվել է երկու ամսով։ Խոսելով ձերբակալվածին Ադրբեջանին վերադարձնելու հավանականության մասին՝ Քոչարյանը պարզաբանել է, որ գործընթացը կընթանա բացառապես իրավական ճանապարհով՝ որոշակի պայմանների առկայությամբ. «Հանձնելը պարզապես չի լինում, ինչ-որ բանի դիմաց է լինում»։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Mary Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/05/%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b8%d6%82%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%ac%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%af%d5%a1%d5%ba%d5%be%d5%a1%d5%ae-%d5%ad%d5%b6/