Կալանավորված ադրբեջանցի սահմանախախտը վիրավոր է և ներկայումս բուժում է ստանում

Լուսանկարը` parliament.am

Ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումը Սյունիքի մարզ ի հայտ բերեց Հայաստանի պետական սահմանների պահպանության լրջագույն խնդիրները:


Իշխանությունները կտրականապես բացառում են նախապես ծրագրված դիվերսիայի վարկածը, սակայն բացահայտ ընդունում են, որ սահմանախախտին վնասազերծելու ուղղությամբ հատուկ ծառայությունների օպերատիվ աշխատանքները ցանկալի արդյունք չեն տվել։


Factor TV-ի հետ զրույցում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզ կդառնան միայն բազմակողմանի քննությունից հետո։ Անդրադառնալով սահմանի անարգել հատման փաստին՝ խորհրդարանականը մատնանշել է որոշ հատվածներում լիարժեք վերահսկողության բացակայությունը։


«Ես չեմ կարող ասել՝ որտեղով է անցել, որովհետև տեղեր կան, որ սահմանապահների վերահսկողության տակ չեն։ Ցավոք սրտի, Հայաստանի սահմանների մեծ մասը դեռևս բանակային ստորաբաժանումների վերահսկողության տակ է: Դրա համար ենք մենք ուզում, որ օր առաջ սահմանազատումն ավարտվի, և տեղադրվեն ժամանակակից տեխնիկական միջոցներ»,- ընդգծել է Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ամրագրված է Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։


Խոսելով այն մասին, որ դեռևս սեպտեմբերի 29-ին ԱԱԾ-ն ադրբեջանական կողմից տեղեկացված է եղել զինվորի անհետացման մասին, բայց բնակչությանը չի զգուշացրել, պատգամավորը դա բացատրել է «օպերատիվ նպատակահարմարությամբ»։ Միևնույն ժամանակ, նա անկեղծորեն գնահատել է որոնողական օպերացիայի տապալումը։


«Ամեն դեպքում, տեսնում ենք, որ այդ միջոցառումները այդքան արդյունք չեն տվել, և փաստորեն հաջողվել է այդ ադրբեջանցուն ինչ-որ կերպ սպրդել, գնալ, մարդու տանը հաց ուտել, ինչին հետևել են կրակոցները»,- արձանագրել է իշխանության ներկայացուցիչը։


Ձերբակալված Նասիմի Մուսաևին հայ գերիների հետ փոխանակելու հավանականությունն այս փուլում Խաչատրյանն անիրատեսական է համարում։ Նրա խոսքով՝ միջպետական քննարկումները հնարավոր կլինեն միայն քննության ավարտից և կատարվածին իրավական գնահատական տալուց հետո։


Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ 2 ամսով կալանավորված սահմանախախտը վիրավոր է և ներկայումս բուժում է ստանում, սակայն արդեն հասցրել է նախնական ցուցմունք տալ, իսկ ապաքինվելուն պես կհարցաքննվի ավելի հանգամանալից:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Hovhannisian John. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/05/%d5%af%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d6%81%d5%ab-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%ad%d5%bf/

Leave a Reply