Հոկտեմբեր 5, 2026
Օրերս հայտնի դարձավ, որ խորհրդարանում Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունը նախաձեռնել է քննիչ հանձնաժողովի ստեղծում՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ՔՊ-ի պատկերացրած իրավիճակն ուսումնասիրելու համար:
Հանձնաժողովն, ըստ ԱԺ նախագահի հայտարարության, ստեղծվել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով»: Նկատենք՝ այս ճգնաժամից խոսում է ՔՊ-ն ու նրան մերձ շրջանակը՝ պատասխանատվության բեռը դնելով անորոշ ժողովրդի վրա՝ «ժողովուրդն է մանդատ տվել», «ժողովուրդն է խոսում» ձևակերպումներով։
Իշխող խմբակցությունից հայտնել են, որ հանձնաժողովը ղեկավարելու է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ Իսկ ընդդիմադիր խմբակցություններն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցի այս հանձնաժողովի աշխատանքներին՝ այն ապօրինի որակելով:
168․am-ի հետ զրույցում իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանն այս հանձնաժողովի մասին իր դիտարկումներում նախ շեշտեց․ «Տեխնիկապես քննիչ հանձնաժողով կարող է հավաքվել գրեթե ցանկացած տեսակի հարցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված մի քանի դեպքերի։ Բայց սրա բովանդակությունը քննարկելու անհրաժեշտություն չկա, դրա նպատակը ոչ իրավաչափ է․ ակնհայտ է, որ եկեղեցու նկատմամբ հարձակումների հաջորդ փուլն են մեկնարկում նոր գործիքակազմով։ Եվ այս առումով, ճիշտ եմ համարում, որ այդ խայտառակ աշխատանքներին ընդդիմադիր գործիչները չմասնակցեն»։
Հովհաննես Խուդոյանը նկատեց՝ եկեղեցու գործերին միջամտելը ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակահայկական է։ Ըստ նրա՝ երբ իշխանություններն իրենց նմանատիպ ձեռնարկումները հիմնավորում են «օրենքի առաջ բոլորը հավասար են» հայտնի ձևակերպմամբ, հնարավոր է՝ այդ նույն հիմնավորումներով շուտով մտնեն նաև ընտանիքներ։
«Խնդիրն է այն է, որ մասնավոր հարաբերությունները և նաև կրոնական կազմակերպությունների հարաբերությունները որևէ պարագայում չեն կարող միջամտության առարկա դառնալ՝ բացառությամբ շատ սահմանափակ դեպքերի, երբ որ դրանց գործունեությունը սպառնում է ազգային անվտանգությանը,- նշեց նա, ապա արձագանքելով մեր դիտարկմանը, որ իշխանությունները նաև անվտանգության խնդիրն են մատնանշում՝ գործակալների փնտրտուք սկսելով, ասաց,- Գործակալներ փնտրելու համար հստակ գործիքներ կան քրեական վարույթով․ եթե ապացուցվում է՝ ինչ-որ մեկը գործակալ է, վարույթ է նախաձեռնվում, մեղադրանք և այլն, բայց քանի դեռ նման պրոցեսներ չկան, և բացի պրոցեսներից, նաև կոնկրետ ապացույցներ չկան, իսկ մենք գիտենք, որ այդպիսիք չեն էլ կարող լինել, ապա այս պրոցեսները եկեղեցին կազմաքանդելու, հայ ժողովրդի դեմ հերթական դավաճանությունը կատարելու օրենքով փաթեթավորված գործընթաց է»։
Հիշեցնենք՝ օրերս կառավարությունը հրապարակեց «եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» մի զեկույց, որը կազմվել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ Ավելին, Փաշինյանը հայտարարել է, թե օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որով «եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կառավարության զեկույցն արդեն «հակասահմանադրական, հակականոնական և անօրինական» է որակել։ Զեկույցը խիստ քննադատել են նաև հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ, այդ թվում՝ հայաստանյան իրավապաշտպանները՝ պնդելով, որ այն հիշեցնում է դեղին մամուլի հրապարակում, ոտնահարում անձնական կյանքի գաղտնիությունը, չունի հիմքեր։ Թեմային արձագանքել են նաև միջազգային կառույցները՝ քննադատելով իշխանությունների այս մոտեցումը։
Ի դեպ, Փաշինյանն ավելի քան մեկ տարի է՝ հատկապես, որ տարբեր պատճառաբանություններով փորձում է հասնել կաթողիկոսի հեռացմանը, այդ հարցը ներառել է նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական և իր կառավարության ծրագրում։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Antranik Varosian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/05/%d5%a1%d5%af%d5%b6%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf-%d5%a7%d5%9d-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%b8%d6%82-%d5%b6%d5%af%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b4%d5%a2-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af%d5%b8/