Հոկտեմբեր 5, 2026
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները պահպանվում են իրենց ռեկորդային բարձր մակարդակի վրա․ կայաններում Ռեգուլյար ԱԻ-92 տեսակի բենզինը վաճառվում է 620 դրամի, իսկ Պրեմիում ԱԻ-95-ը՝ 650 դրամի շրջակայքում։
Այս ֆոնին դիզելային վառելիքի և հեղուկ գազի շուկաները նույնպես չեն զիջում իրենց դիրքերը. դիզելը վաճառվում է 710 դրամով։
Շարքային քաղաքացիների համար սա վերածվում է սոցիալական լուրջ խնդրի, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռևս սահմանափակվում է շուկայի մոնիթորինգով։
Պատճառների մասին մասնագետները գրեթե համակարծիք են՝ միջազգային իրողությունների հետևանք է։
«Սա պայմանավորված է հիմնականում համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացմամբ,- 168․am-ի հետ զրույցում վերահաստատեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» մբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը և հավելեց,- նաև, քանի որ Հայաստանը մեծապես կախված է ռուսական շուկայից, ապա այն ևս ազդում է, քանի որ ռուսական շուկայում այդ վերամշակվող նավթամթերքի գների թանկացում կա»։
Ի դեպ, երբ Հայաստանը սկսեց Ադրբեջանից բենզին ու դիզելային վառելիք ներմուծել, այն համընկավ գների նվազման հետ, և ի՞նչ՝ գների նվազումն իշխանությունները վերագրեցին ադրբեջանական վառելիքի ներմուծմանը։
Իսկ այսօր, երբ Հայաստանը շարունակում է Ադրբեջանից նավթամթերք ներմուծել, գները հասել են պատմական առավելագույնի․ սա էլ, պապոյանական պարզաբանմամբ, էլի Ադրբեջանի «շնորհքն է», քանի որ, ըստ նրա, եթե չլիներ ադրբեջանական բենզինը, Հայաստանում բենզինը կթանկանար այնքան, ինչքան միջազգային շուկաներում։
Հայկ Ֆարմանյանին խնդրեցինք անդրադառնալ իշխանությունների այս փաթեթավորումներին ևս։ Ի պատասխան՝ նա նկատեց․ «Մեծ հաշվով, Ադրբեջանից առնելը չի երաշխավորում, որ Հայաստանում բենզինի գները չեն թանկանա։ Մենք, ինչպես ասացի, կախված ենք 2 գործոնից՝ համաշխարհային իրավիճակով պայմանավորված նավթամթերքի թանկացում և Ռուսաստանում վերամշակվող նավթամթերքի գների թանկացում։
Կհիշե՞ք՝ մի քանի տարի առաջ, որ գործող իշխանությունները 100 կետեր էին թվարկում, թե ինչ հաջողությունների են իրենք հասել, այդ կետերում նաև աբսուրդային բան էին ասում՝ թե բենզինի գները նվազել են։ Իհարկե, դա իրենց գործունեության հետ կապ չուներ ընդհանրապես, մանիպուլացնում էին․ դե թող հիմա էլ ասեն՝ թանկացել է»։
Համեմատական տանելով նաև գազի գնի հետ՝ Հայկ Ֆարմանյանն ասաց՝ մեջբերելով ԿԲ նախագահի՝ ապոկալիպտիկ սցենարի մասին դիտարկումը։
«Կենտրոնական բանկի նախագահն ասում է, որ կունենանք ապոկալիպտիկ սցենար, և շատ ճիշտ է ասում։ Հիմա մեծ-մեծ խոսում են, չէ՞, ասում են՝ թող թանկանա, մենք ինքնիշխան ենք և այլն, բայց հույսն ո՞ւմ վրա են դրել․ եթե հույսը դրել են Ադրբեջանի վրա, Ադրբեջանը չունի այդ հնարավորությունները, իսկ Ռուսաստանից եթե առնի-վերավաճառի, թանկ գնով է վերավաճառելու, եթե Իրանի վրա է մեր հույսը․ Իրանը չունի այդ թողունակությունը։
Եվ այս դեպքում էլ, եթե ՀՀ-ն Ադրբեջանից բենզին է ներկրում, նախ այդ քանակներն այն քանակները չեն, որ գնային գործոնի վրա ազդեցություն ունենան, հետո նաև՝ չպետք է մոռանալ միջազգային իրողությունների մասին՝ Հորմուզի նեղուցի հետ կապված՝ 1 բարելի գինը հսկայական ավելացել է համաշխարհային շուկայում»,-ասաց Հայ Ֆարմանյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հրապարակել է 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին և որպես 47-րդ փաստ՝ նշել․ «2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել է զգալի փոփոխություն. մասնավորապես, դիզելային վառելիք ներկրողների թիվն ավելացել է 11-ով՝ 6-ից դառնալով 17, իսկ խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5 տոկոսով՝ 97-ից դառնալով 92 տոկոս։ Մրցակցության ավելացումը՝ մի կողմից, և վառելիքի գների համաշխարհային միտումները՝ մյուս կողմից, իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանում նավթամթերքի գների նվազման վրա․ 2018 թվականի մայիսի դրությամբ դիզելային վառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020 թվականի մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38 տոկոսով նվազել է նաև բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչև 280 դրամ»։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Toneyan Mark. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/05/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%b6%d5%a1%d5%be%d5%a9%d5%a1%d5%b4%d5%a9%d5%a5%d6%80%d6%84-%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d5%ac%d5%a8-%d5%b9%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a1%d5%b7/