Հոկտեմբեր 5, 2026
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, նշվում է Ուսուցչի միջազգային օրը։
«Կրթությունը մեր երկրի ապագան ձևավորող ամենակարևոր ոլորտներից է, և այդ առաքելության առանցքում ուսուցիչն է,- այսպես է իր շնորհավորանքը սկսել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը, իսկ ամփոփելիս նկատել,- մեր նպատակը հստակ է՝ ունենալ կրթական համակարգ, որտեղ ուսուցիչը գնահատված է, աշակերտն իր հնարավորությունները լիարժեք բացահայտելու հնարավորություն ունի, իսկ դպրոցը երկրի զարգացման կարևորագույն հենարանն է»։
Որքանո՞վ է այսօր ուսուցիչը գնահատված. 168.am-ն այս հարցադրումն ուղղել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին, ինչպես նաև՝ փորձել պարզել այսօր դպրոցի հարցում մասնագետի մտահոգությունները։
«Նախ, ինձ համար այդպես էլ առեղծված է մնում, թե ինչու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները՝ սկսած նախագահից և վարչապետից, երբևէ չեն մասնակցում ուսուցչի մասնագիտական տոնին։ Դուք նկատե՞լ եք, որ, օրինակ, եթե այլ ոլորտների՝ հատկապես ուժային ոլորտի աշխատողների մասնագիտական տոնն է լինում, անպայման մասնակցում են և անգամ պետական պարգևներ են տալիս։ Ուսուցչի տոնին մասնակցում է միայն կրթության նախարարը, իսկ նախկինում, օրինակ, մասնակցում էր Երևանի քաղաքապետը, այլ նախարարներ, փոխվարչապետներ։ Այսինքն` արդեն իսկ այդ մասնակցության մակարդակը ցա՞ծր է ուսուցիչների պարագայում,- զրույցում նկատեց Սերոբ Խաչատրյանը և հավելեց,-
Ուսուցիչները և դասախոսները շարունակում են մնալ ամենացածր վարձատրվող մասնագետները։ Եթե խոսում ենք, իհարկե, նվազագույն աշխատավարձի առումով, նույնիսկ, ասենք, ատեստավորված ուսուցիչների զգալի մասն էլ բարձր չի ստանում։ Մենք ունենք մի քանի հազար ատեստավորված ուսուցիչ, որոնց աշխատավարձը 200 000 դրամ է՝ ներառյալ հարկերը։ Այժմ մենք իրեն համարում ենք ատեստավորված, բարձր վարձատրվող, բայց այսօր 200 000-ը բարձր աշխատավարձ չէ։ Գուցե այդ ատեստավորված ուսուցիչների կեսն է, որ 300- 400 հազար կամ ավելի բարձր են կարողանում ստանալ»։
Կրթության փորձագետը նաև ուշադրություն հրավիրեց ուսուցիչների հանդեպ վերաբերմունքի վրա։
«Ուսուցիչներն իրենց շատ անպաշտպան են զգում, շատ դեպքերում ստիպված են լինում լռել, նահանջել, որովհետև մտածում են՝ եթե մի բան անեն իրենց հանդեպ, կլինի, այսպես ասած, ագրեսիվ վերաբերմունք ծնողների կողմից։ Դրա համար Հայաստանի կրթության ամենամեծ խնդիրներից մեկն էլ այսօր այն է, որ շատ դեպքերում ուսուցիչները նախընտրում են լռել, չխառնվել, չմիջամտել, և դա թուլացնում է ուսուցչի հեղինակությունը։
Այսօր ինձ համար մեր դպրոցական կրթության ամենամեծ խնդիրը PISA ստուգատեսը չէ․ ամենամեծ խնդիրը հարաբերությունների խնդիրն է, որովհետև եթե մենք չունենք այդ կառուցողական, առողջ հարաբերությունները՝ տնօրեն-ուսուցիչ, ուսուցիչ-աշակերտ, ծնող-դասեկ․․․, ապա եթե այդ թեստերի արդյունքները նույնիսկ շատ լավն էլ լինեն, շատ հարցերում օգուտ չեն տա»,- ամփոփեց մասնագետը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Hagop Kamalian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/05/%d5%ab%d5%b6%d5%b1-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%a1%d5%b5%d5%a4%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a7%d5%ac-%d5%a1%d5%bc%d5%a5%d5%b2%d5%ae%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%b4%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4%d5%9d-%d5%ab/