«COP17-ին շատ մեծ է քաղհասարակության դերը, պատկան մարմինները դժվար թե բնապահպ

Հոկտեմբեր 4, 2026

Հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվելու է COP-17-ը՝ «Conference of the Parties՝ Կողմերի համաժողով»։ Այն ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) Կողմերի 17-րդ համաժողովն է։

COP17-ի հիմնական թեման է՝ ինչպես կանգնեցնել կենսաբազմազանության կորուստը և պահպանել բնությունը։

COP17-ին նախորդելու է Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Երևանում։ Համաժողովին ներկա են լինելու պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպություններ, գիտնականներ և այլ դերակատարներ։

Հայաստանը ոչ միայն հյուրընկալելու է COP17-ը, այլև նախագահելու է համաժողովը։

Կարդացեք նաև

  • Երբ ասում են՝ բոլոր երկրներում էլ օդի աղտոտվածությունն այս վիճակում է, ստո՛ւմ են… Երևանում շնչելը դժվար է դարձել, օդի աղտոտվածությունը հասել է իր պիկին
  • «Երևանը դարձել է քաղցկեղածին քաղաք. մասսայական կտրում են ծառերը, «թքած ունեն» ամեն ինչի վրա». Սիլվա Ադամյան
  • «Ջուրը գնալու տեղ չունի, Քաղաքապետարանն ու Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ կարող է ստեղծվել կրիտիկական վիճակ». Սիլվա Ադամյան

«Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ այս կարևոր միջոցառումն աշխարհի տարբեր երկրներում է անցկացվել և առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում։

«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ հենց Հայաստանում, կամ ինչո՞ւ հենց այն երկրներում, որտեղ կան լուրջ բնապահպանական խնդիրներ։ Հարցն այն է, որ սա ըստ երևույթին COP-ի որոշակի քաղաքականությունն է։ Օրինակ, COP-ը, որն անապատացման դեմ էր, անցկացվել էր Մոնղոլիայում, իսկ Մոնղոլիան բավականին լուրջ խնդիրներ ունի անապատացման և հանքարդյունաբերության հետ։ Այսինքն՝ COP-ն անցկացվում է այն երկրներում, որտեղ կան բնապահպանական խնդիրներ ու լուծման կարիք ունեն։

COP-ն ուսումնասիրում է աշխարհի խնդիրները՝ կապված կենսաբազմազանության հետ, նաև կլիմայական փոփոխությունները, գենդերային խնդիրները և այլն։ Այս տարի օվկիանոսի, Սառուցյալ օվկանոսի մասին է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի բնապահպանական խնդիրներին, Սիլվա Ադամյանն ասաց, որ հայկական կողմը պետք է մանրամասն ներկայացնի կենսաբազմազանության հետ կապված խնդիրները։

Ըստ նրա, հենց այս հարցում շատ մեծ դեր պետք է ունենա քաղաքացիական հասարակությունը։

«Որքանով ես եմ տեղյակ, մեր պատկան մարմինները դժվար թե գլոբալ խնդիրները ներկայացնեն այդ համաժողովի ժամանակ։ Տեսեք, պատրաստվում են տարբեր տեսակի հարթակներ, բավականին ցիվիլ հարթակներ, որոնցում քաղհասարակությունը պետք է ներկայացնի այն խնդիրները, որոնք կան կենսաբազմազանության հետ կապված։

Չեմ կարող պնդել, բայց այս ամենը կարող է Հայաստանին հնարավորություն տալ լուրջ ներդրումներ ներգրավելու։ Այսինքն՝ Հայաստանը բնապահպանական հարցերում ֆինանսական աջակցություն կստանա։ Բայց պարզ է, որ ֆինանսական աջակցությունը գնալու է պետական ատյաններին, անկախ նրանից, թե բնապահպանական սուր հարցերն ով է բարձրացնում։ Մասնավորապես, այդ կառույցները կլինեն Տարածքային կառավարման, Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունները»,- հավելեց բնապահպանը։

Նրա դիտարկմամբ՝ այլ հարց է, թե այդ ֆինանսական օժանդակությունն ինչպես կօգտագործվի Հայաստանում։ Եթե այդ ֆինանսն օգտագործվի ըստ պահանջի, ապա ինչ-որ տեղ որևէ խնդիր հնարավոր կլինի լուծել, սակայն այստեղ բնապահպանն այդքան էլ վստահ չէ։

«Ես համոզված եմ, որ երկիր գումարներ են մտնելու՝ բնապահպանական խնդիրներ լուծելու համար։ Բայց հարց է՝ արդյո՞ք դա կուղղվի խնդիրների լուծմանը։

Ունենք բավականին լուրջ քաղհասարակություն, որը մշտադիտարկում է  անում՝ հասկանալու համար՝ արդյո՞ք մեր երկիր մտնող գումարներն օգտագործվում են ըստ պահանջի։ Մենք ֆորումի ներկայացուցիչ ենք, մշտապես դիտարկում ենք Ասիական զարգացման բանկի աջակցությունը, բայց միշտ չէ, որ քաղհասարակության ձայնը տեղ է հասնում։

COP-ի հետ կապված՝ մենք հիմա մի նախաձեռնություն ունենք, որը կոչվում է  «Իմ սիրտը լեռներում է»։ Այդ նախաձեռնության մեջ կանայք են, մեծ մասը՝ բնապահապաններ։ Մենք մշակել ենք որոշակի ծրագրեր՝ խնդիրները ներկայացնելու համար։ Պետք է հանդիպումներ լինեն միջազգային պատկան մարմինների, լրատվամիջոցների հետ»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Frangulian Shushan. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/05/cop17-%d5%ab%d5%b6-%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%a7-%d6%84%d5%a1%d5%b2%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a5%d6%80%d5%a8-%d5%ba/

Leave a Reply