Հոկտեմբեր 4, 2026
Կառավարությունը գրավոր քվեարկության հարցերի փաթեթով նախօրեին որոշել է 50 մլն դրամ դրամաշնորհ տրամադրել «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպությանը՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայանալիք Հայաստանի Հանրապետություն-Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործարար համաժողովի կազմակերպման ծախսերի համաֆինանսավորման նպատակով։
Հիմնավորման համաձայն՝ 25 մլն դրամը կապահովվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների հաշվին, և ևս 25 միլիոն էլ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությանը հատկացված բյուջետային միջոցներից կփոխանցվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։
«Նախագծի մշակման և իրականացման գործընթացում առանցքային դերակատարություն ունեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրությամբ երկու նախարարություններին էլ հանձնարարվել է քննարկել առկա ծրագրերի շրջանակներում համաժողովի անցկացման համար ֆինանսավորման հատկացման հնարավորությունը։
Համաժողովի պատշաճ կազմակերպման աշխատանքներում, ըստ ՀՀ փոխվարչապետի գրության, ներգրավված են նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը՝ յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակում»,- ասվում է փաստաթղթում։
Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբն է։ Կազմակերպիչների հետ աշխատանքային կապի համար ներկայացված են ակումբի խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը և ակումբի խորհրդի անդամ, ՀՀ-ՄԹ գործարար համաժողովի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Հայկ Կարապետյանը։
Ըստ հիմնավորման՝ նպատակը, ինչպես արձանագրվել է Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում, գործընկերային կապերի հաստատումն է և ներդրումների ներգրավումը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Talar Tumanian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/05/138-000-%d5%a4%d5%b8%d5%ac%d5%a1%d6%80%d5%9d-%d6%85%d6%84%d5%bd%d6%86%d5%b8%d6%80%d5%a4%d5%ab-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a2%d5%ab%d5%a6/