«Պետք է պատասխան տան մեզ՝ այդ զինվորին ուղղորդել ու ուղարկե՞լ են, թե՞ մոլորվե

Հոկտեմբեր 3, 2026

Հոկտեմբերի 1-ին Սիսիանի շրջանի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպի առաջին 2 օրերին մեծ իրարանցում է առաջացրել մարդկանց մի հատվածի մոտ ոչ միայն Շաքիում, այլև ամբողջ Սյունիքում։

«Սիսական» ջոկատի ազատամարտիկ, քանդակագործ Աշոտ Ավագյանն ասում է՝ այնպես չէ, որ Սիսիանից դեպի հյուսիս-արևելք ընկած տարածքից երբևէ մարդ է մտել ՀՀ սահման։ Օրինակ, դեպքեր եղել են, որ Նախիջևանի հատվածից են ադրբեջանցի զինվորներ հայտնվել ՀՀ սահմանին, բայց այնպես չի եղել, որ գյուղ են մտել ու պտտվել։

«Ինչքանով ես եմ հասկանում, մեր զինվորականները, որ կանգնած են, կարծես բաց տարածքներ կան, և հնարավոր է՝ այդ հատվածներից թափանցել են մեր տարածք։ Կարծում եմ՝ հենց այսպես է եղել։ Հիմա հարց է, թե որ կողմերից է եկել՝ Ծղուկի հատվածի՞ց, թե՞ Իշխանասարի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Ավագյանը։

Նա հիշեցրեց, որ նախկինում, երբ Նախիջևանի հատվածից որևէ ադրբեջանցի զինծառայող էր հատում ՀՀ սահմանը, դրա մասին անմիջապես տեղեկացնում էին, գոնե ասում էին, որ ադրբեջանցի է հայտնվել ՀՀ սահմանին։

Կարդացեք նաև

  • «Ադրբեջանում շարունակաբար մի ամբողջ սերունդ պատրաստում են փաստացի ապագա պատերազմի. սա Բաքվից ակնհայտ ազդակ էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
  • Չկա՛ որևէ Ադրբեջան․ սա Թուրքիայի 2-րդ պետությունն է. Կաթողիկոսի դեմ արշավի մեկնարկը տրվել է Բաքվից. Հրանտ Միքայելյան
  • «Եթե սովորական զինվորն է կարողանում հեշտությամբ սահմանը հատել, պատկերացրեք, եթե դիվերսիա լիներ, ինչ կարող էր լինել». Իրինա Յոլյան

«Ըստ երևույթին այս ադրբեջանցու հայտնվելու մասին հաշված մարդիկ են իմացել ու բնակչությանը տեղյակ չեն պահել։ Սկզբի օրը, երբ ինձ զանգահարեցին ու ասացին, որ նման բան է պատահել, ասացին՝ մեկ հոգի է, հետո ասացին՝ 6 հոգի են։ Հաջորդ օրն էլ ասացին, որ 2 հոգուն բռնել են, 4 հոգին դեռ կան։ Դե, ժողովրդի մոտ կարող են նման խոսակցություններ լինել սահմանը հատածների թվի վերաբերյալ, և սա բնական է։  Եթե պաշտոնական աղբյուրները լռում են, հստակ չեն ասում, թե քանի հոգի են հատել սահմանը, միայն վերջին պահին են խոսում, ժողովուրդը ցանկացած թիվ կարող է ասել, դե, ժողովրդի երևակայությունը լավն է»,- հավելեց Աշոտ Ավագյանը։

Քանդակագործի խոսքով՝ միջադեպից հետո մարդկանց մի մասը վախեցած է եղել, անհանգիստ, բայց մի մասին չի էլ հետաքրքրել տեղի ունեցողը։

«Այստեղ այլ խնդիր կա՝ իրականում ինքը մոլորվե՞լ է ու հայտնվել ՀՀ սահմաններից ներս, թե՞ նպատակային է հատել սահմանը, որովհետև երբ Նախիջևանից հանկարծ հայտնվում էին այս կողմերում ու բացատրություններ էին տալիս, ասում էին՝ մառախուղ է եղել, մոլորվել են, կամ իրենց բանակում վատ են վերաբերվել՝ փախել են։ 1996 թվականին նման մի դեպք եղավ, ադրբեջանցի զինծառայող էր հայտնվել Սյունիքում, անձամբ նրա հետ խոսեցի, այդ զինվորն ասաց. «Մեր բանակում մեզ շատ են նեղում, դրա համար փախել եմ»։ Հիմա պետք է պատասխան տան մեզ՝ այդ զինվորին ուղղորդել ու ուղարկե՞լ են, թե՞ մոլորվել է, իսկ գուցե ուղարկել են, որ մեր զգոնությունը փորձեն, կարող է այսպես հանգիստ լինենք ու հետո դիվերսիոն բաներ տեղի ունենան»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Աշոտ Ավագյանը նաև ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները պետք է տան իշխանությունները՝ տեղական իշխանություններից սկսած՝ մինչև երկրի ղեկավար։

«Տա Աստված, որ այս զինվորը հատուկ ուղարակված չլինի, որպեսզի մեր զգոնությունը փորձեն ու հետագայում սկսեն դիվերսիա իրականացնել, այսքան բան»,- ընդգծեց Աշոտ Ավագյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկից զինծառայող է հատել ՀՀ սահմանը՝ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցանքը կատարել է ադրբեջանցի զինվորը, նրան ձերբակալել են, այնուհետև՝ կալանավորել։

Նշենք, որ ադրբեջանցին վիրավորել է նաև կնոջ անչափահաս տղային, նա դաստակի հատվածում վնասվածք է ստացել։ Նրա հետ եղել է նաև անչափահաս քույրը, որը հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Adrine Hakobian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/03/%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%a6%d5%9d-%d5%a1%d5%b5%d5%a4-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%80%d5%ab%d5%b6/

Leave a Reply