Հոկտեմբեր 2, 2026
Հատկապես վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ամենատարբեր միջավայրերում շատ է հնչում «լավ, հիմա ելք կա՞» հարցը։
Խնդիրը միայն այն չէ, որ այդ հարցը հնչում է առավելապես որպես անհուսություն, որով հնչեցնողների մեծ մասն արդեն իսկ գիտի իր իսկ հարցի բացասական պատասխանը։ Բայց շատերն այդ հարցը ձևակերպում են ոչ միայն որպես էմոցիոնալ ճիչ, այլ փորձում են հասկանալ՝ իրականում ստեղծված իրավիճակից տեսանելի քայլերով դուրս գալու հնարավորություն կա՞, թե՞ այդուհանդերձ, որպես պետություն ու հասարակություն՝ արդեն անցել ենք անդառնալիության կետը, որից անդին գործնականում այլևս ոչինչ մեզանից կախված չէ։
Ինստիտուցիոնալ առումով այս հարցի գլխավոր հասցեատերն ընդդիմությունն է՝ խորհրդարանականից մինչև ԱԺ-ում չներկայացված ընդդիմադիր ուժեր, ովքեր կամ ֆորմալ մանդատ, կամ հանրային որոշակի վստահություն ու դրանից բխող պատասխանատվություն ունեն՝ տեսանելի լուծումներ առաջարկել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։ Այնպես չէ, որ այդ խմբերում նշված հարցը չի բարձրացվում կամ քննարկվում։ Քննարկվում է, և դրա արդյունքում մոտեցումները բաժանվում են երկու մեծ խմբի՝ քաղաքականությամբ զբաղվողների մեծ մասը գործող իշխանությանը չարիք համարելով՝ գտնում է, որ այն պետք է օր առաջ փոխել՝ ինչպե՞ս հարցի պատասխանի առնչությամբ առանձնապես որոշակի ասելիք չունենալով՝ ապավինելով ֆորսմաժորից մինչև «հանրային ապստամբություն» ու «ժողովրդի ծոցից նոր Նիկոլ գտնելու» ինքնախաբեություն։
Տպավորություն կա, որ քաղաքական ֆասթֆուդի նմանվող այդ կարծիքը տիրապետող է, դրա համար էլ հակաիշխանական խմբերի մեծ մասն առանձնապես ջանք չի ծախսում երկրորդ ճանապարհի վրա։ Իսկ երկրորդ ճանապարհը երկարաժամկետ, հեռանկարային ռազմավարական քաղաքական աշխատանքն է, որը ոչ թե ամիսների ընթացքում, այլ ժամանակի ավելի մեծ հատվածում հանրությանը կբերի այնպիսի քաղաքացիական ու քաղաքական գիտակցության, որ գործող իշխանության գոյությունն անհնարին կդառնա ներքնապես։
Սա, այո, շատ դժվարին, երկարաժամկետ աշխատանք է, որի հաջողությունը կարող է ամրացնել պետության ու հանրային դիմադրողականությունն ու իրականում նպաստել պետականությանը։ Մինչդեռ առաջին ճանապարհը, որի կողմնակիցներն ապավինում են գործնականում ամեն ինչի՝ ֆորսմաժորից մինչև արտաքին աջակցություն, անգամ հաջողելու դեպքում, լուծելու է սոսկ իշխանափոխության հարց՝ մեծ հարցականի տակ դնելով նույն պետական ու հանրային իմունիտետի հարցը։
Ասվածից ամենևին չի բխում, թե իշխանափոխությունն առաջնային հարց չէ, ճիշտ հակառակը՝ այն օր առաջ անհրաժեշտ է պետությունից մնացածը փրկելու համար։ Բայց երբ ողջ քաղաքական միտքը կենտրոնանում է միայն օր առաջ իշխանափոխության հասնելու վրա՝ առանց այս պահին դրա տեսանելի նախադրյալների, մյուս՝ երկարաժամկետ, հեռանկարային ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարվում։ Արդյունքում՝ արդեն առնվազն վեց տարի՝ 2020թ․ ողբերգական պատերազմից հետո, քաղաքական համակարգն ու հասարակությունն ապրում է օր առաջ իշխանափոխության անհրաժեշտության ռեժիմում, քաղաքական ուժերը տապալումից տապալում՝ հետևություններ չեն անում, հասարակությունն էլ հիասթափվում է՝ կորցնելով փոփոխության ու ամենայնի հանդեպ հավատը։
«Լավ, հիմա ելք կա՞» հարցին այսօրվա ստատուս-քվոյի պատասխանը, ցավոք, բացասական է, քանի որ տիրապետող քաղաքական մտածողության կողմից առաջարկվող ցանկացած ելք ապահովում է մուտք դեպի իշխանության քաղաքական օրակարգ՝ ավելի ամրացնելով երկիրն անդունդին հասցրած այս իշխանության դիրքերը։ Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ելք՝ իներցիոն ու մակերեսային քաղաքական մտածողությունից։
Հակառակ դեպքում՝ բարի գալուստ, «Իրական Հայաստան»։
Հարություն Ավետիսյան
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Ophelia Vardapetian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/02/168-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%86%d5%a1%d5%bd%d5%a9%d6%86%d5%b8%d6%82%d5%a4%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8/