Հոկտեմբեր 2, 2026
Մինչ հայաստանյան իշխանությունները փորձում են հանրությանը համոզել ռեգիոնում «խաղաղության դարաշրջանի» հաստատման մասին, նույնիսկ անշարժ գույքի շուկայի ակտիվությունը բացատրելով, այսպես կոչված, խաղաղության սպասումներով, տարածաշրջանում դրան բացարձակապես հակադիր և սահմռկեցուցիչ իրողություններ են ծավալվում։ Նախօրեին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում էր Հայաստանում տնտեսական որոշ ցուցանիշների:
Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվությունը, շինարարության ծավալներն ու անշարժ գույքի շուկայի աճը վկայում են այն մասին, որ Հայաստանի քաղաքացիները խորապես հավատում են խաղաղությանը՝ ի հեճուկս լրահոսում տիրող տագնապային ու խուճապային տրամադրությունների։
«Այս փուլում խաղաղություն կա, խաղաղությունն առկա է, իրականություն է, բայց խաղաղությունը մինչև վերջ ինստիտուցիոնալացված չէ։ Կառավարության մեծագույն խնդիրն է՝ մարդկանց սպասումը տանել մինչև վերջ և տեղ հասցնել»,- նախօրեին ասաց Փաշինյանը: Այս հայտարարությանը գրեթե զուգահեռ՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինված զինծառայողը մտել էր բնակիչներից մեկի տուն, ապա զենքով ահաբեկել, հարձակվել, կրակել ընտանիքի մորը երեք երեխաների աչքի առաջ, պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:
Միջադեպից ժամեր անց Բաքվում անցկացվող CAMCA 2026 տարածաշրջանային համաժողովում Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, թե Բաքուն մտահոգված է հայկական հասարակությունում առկա որոշ միտումներով, մասնավորապես՝ զգալի ազդեցություն ունեցող ուժերի առկայությամբ։
«Մեկ այլ մտահոգիչ գործոնն այն է, որ ռևանշիստական տրամադրությունները պահպանվում են հայ երիտասարդության շրջանում։ Սա կարևոր հանգամանք է։ Այդ պատճառով մենք նույնպես կոչ ենք անում Հայաստանի կառավարությանն ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»,- ասել է նա։
Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից կա ռազմավարական վճռականություն՝ շարունակել խաղաղության օրակարգը, գործնականում ամրապնդել այն և կառուցել խաղաղության այնպիսի ճարտարապետություն, որը կկարողանա ապահովել երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար։ «Այդ պատճառով մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի, այլև հայ ժողովրդի հետ։ Եվ այդ պատճառով մենք շարունակում ենք ակնկալել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Անշուշտ, սա ներքին հարց է, և մենք լիովին ձեռնպահ ենք մնում այդ գործընթացին միջամտելուց»,- հավելել է Հաջիևը:
Ոչ պատահականորեն այսօր Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության VIII համագումարի իր ելույթում Ադրբեջանի նախագահը նշել է, թե այն, ինչ տեղի է ունեցել ռեգիոնում, չի կարելի մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա, թեև, նրա խոսքով, Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը:
«Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեր նկատմամբ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի ու անքաղաքավարի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ ադրբեջանցիները երբեք չպետք է մոռանան դա։
Ալիևը նաև ասել է, թե իրենց, այսպես կոչված, «փառահեղ հաղթանակից հետո» իրենց ջանքերն ուղղված էին երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը։ «Մենք երբեք կանգ չենք առել, երբեք մեզ թույլ չենք տվել մեկ օր հանգստանալ այս փառահեղ առաքելությունը կատարելիս։ Արդյունքում, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության միջև ընկած ժամանակահատվածում մենք գործել ենք մի քանի ճակատներում»,- նշել է նա:
Այս սահմռկեցուցիչ իրողությունները և Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների սպառնալի հռետորաբանությունը բնավ առանձնացված դրվագներ չեն, այլ համակարգված ու շարունակական ագրեսիայի վառ ապացույց։ Դրանք գալիս են ամբողջացնելու տարածաշրջանում արձանագրված այլ աղմկահարույց միջադեպեր, ինչպիսին էր, օրինակ, Գանձասարի աղմկոտ միջադեպն ու Հայաստանի, Արցախի պատմության աղավաղումն ու ծաղրը: Այս ամենը զուգորդվում է Իլհամ Ալիևի վերջերս հնչեցրած մի շարք բացահայտ թշնամական և ծավալապաշտական հայտարարություններով, որոնք ուղղակիորեն հերքում են պաշտոնական Երևանի լավատեսական թեզերը և ցույց տալիս, որ հայկական կողմի միակողմանի խաղաղասիրական ջանքերն անպատասխան են մնում։
Առավել ցցուն է այն հակասությունը, որ Բաքուն, պահանջելով հայկական կողմից «հասարակությանը նախապատրաստել խաղաղության», միաժամանակ ամեն օր իր սեփական հասարակությանն է սնում հայատյացությամբ, ատելությամբ և ռևանշիստական թեզերով: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան շարունակաբար ձևավորում է հայ ժողովրդի կերպարը՝ որպես մշտական սպառնալիքի, ինչը բացառում է իրական խաղաղության հաստատման որևէ հիմք։ Այդ պայմաններում Հայաստանի ժողովրդին ուղղված «խաղաղության կոչերը» ոչ այլ ինչ են, քան քաղաքական խաբկանք և հերթական հոգեբանական ճնշման գործիք, որի նպատակն է՝ թուլացնել հայկական դիմադրողականությունն ու լեգիտիմացնել նորանոր զիջումներն ու պահանջները։
Այսպիսով, Հայաստանի իշխանությունների կողմից առաջ քաշվող «խաղաղության դարաշրջանի» պատրանքը և գետնի վրա տիրող ահաբեկող ու թշնամական իրականությունը գտնվում են բացարձակ հակասության մեջ։ Երբ տնտեսական ցուցանիշներն ու անշարժ գույքի շուկայի աճը ներկայացվում են որպես հասարակության կողմից խաղաղության անվերապահ ընդունման վկայություն, ադրբեջանական փամփուշտները, տների վրա հարձակումներն ու ամենօրյա սպառնալիքները ցույց են տալիս իրականությունն իր ողջ պերճանքով:
Առանց անվտանգության նվազագույն երաշխիքների և թշնամական քաղաքականության արմատական փոփոխության՝ խաղաղության մասին ցանկացած հավաստիացում, խոսույթ ծառայում է իրական վտանգները քողարկելուն:
Անվտանգությունն ու խաղաղությունը չեն կառուցվում սեփական քաղաքացիների աչքերը փակելով այնպիսի սահմռկեցուցիչ փաստերի վրա, ինչպիսիք են հայկական տներ ներխուժող զինված ադրբեջանցու հարձակումը կամ Բաքվից հնչող ամենօրյա սպառնալիքները: Քանի դեռ ադրբեջանական պետական մեքենան շարունակում է սնել հայատյացություն, պահանջել նոր զիջումներ ու ուժի վրա շեշտը դնել, իսկ հայկական կողմը հույսը դնում է զուտ տնտեսական ցուցանիշների և թղթե պայմանավորվածությունների վրա, տարածաշրջանը շարունակելու է մնալ վտանգավոր խաչմերուկում։ Իրական խաղաղությունը չի կարող լինել զիջումների կամ հպատակեցման արդյունք. Խաղաղությունը պահանջում է ուժային հավասարակշռություն, ինչո՞ւ ոչ՝ նաև արժանապատվություն:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Alex Jidarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/02/%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a2%d5%a5%d5%af%d5%b8%d6%82/