Հոկտեմբեր 1, 2026
Պետդումայի ութերորդ գումարման ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նախօրեին անդրադարձել է Հայաստանի իշխանությունների եվրոպական ձտումներին՝ ասելով, թե Մոսկվան փչացրել է Երևանին այնպես, ինչպես ժամանակին փչացրել էր Ուկրաինային՝ էժան գազով։ Իսկ Հայաստանում բենզինի ներկայիս գները, նրա խոսքով, արտացոլում են նրա ձգտումները՝ միանալ ԵՄ-ին։
«Նրանք ուզում էին միանալ Եվրոպային, այնպես որ, թող այն լինի Եվրոպայի նման, քանի որ նրանք այդքան ձգտում են այնտեղ հասնել։ Կարծում եմ՝ գազի գները նույնպես կբարձրանան։ Եթե դուք անբարյացակամ եք ձեր հռետորաբանության մեջ, անբարյացակամ եք ձեր հարաբերություններում, ապա ինչո՞ւ պետք է զեղչով մատակարարենք՝ բարեկամությունից ելնելով»,- ասել է Կալաշնիկովը։
Խորհրդարանականը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի դրսևորումներին պետք է արձագանքել տնտեսական միջոցառումներով։ «Ես միշտ ասել եմ սա՝ օրինակ՝ Հունգարիայի կամ Սերբիայի վերաբերյալ։ Եթե կա անբարյացակամության դրսևորում, ապա մենք պետք է արձագանքենք դրան. այլ ճանապարհ չկա։ Հակառակ դեպքում, ինչպես մարդիկ կյանքում երես են առնում, այնպես էլ երկրներն են երես առնում»,- պարզաբանել է Կալաշնիկովը։
Նրա կարծիքով՝ «Ուկրաինան մի ժամանակ ևս այդպիսին էր»։
«Այս փաստերին արձագանքելու, կրթության, լրատվամիջոցների ավելի լավ ֆինանսավորման և տարբեր մարդասիրական նախագծեր իրականացնելու փոխարեն, մենք անընդհատ զեղչերով գազ էինք առաջարկում։ Ի՞նչ։ Ի՞նչ դարձավ այս գազը։ Սկզբում այն դարձավ փող օլիգարխների համար՝ նրանք էժան գազ էին օգտագործում մետաղ հալեցնելու համար, իսկ հետո՝ թշնամանք օլիգարխների միջև։ Եվ նրանց միջոցով այս թշնամանքն իջավ ներքև։ Սա շատ վտանգավոր բան է»,- եզրափակել է Կալաշնիկովը։
Դեռևս ամիսներ առաջ էլ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, թե ռուսական գազի արտոնյալ գինն օգնություն է Հայաստանի ժողովրդին՝ Ռուսաստանի հաշվին։ «Այդ արտոնությունը, որը ստանում են հայերը, միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Դա երկնքից չի ընկնում, դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Հայ ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է և կմնա եղբայրական։ Բայց դա մեր հաշվին է, պետք է իրերն իրենց անուններով կոչել։ Օրինակ՝ եվրոպացիներին, երբ գազը վաճառում են 500-800 դոլարով, ոչ ոք իր հաշվին չի օգնում։
Ամերիկացիներն օգնում են եվրոպացիներին հենց իրենց՝ եվրոպացիների հաշվին, մեծ գումարների դիմաց»,- հայտարարել էր Դմիտրի Պեսկովն այս տարվա մայիսին ԵԱՏՄ Աստանայի աղմկահարույց գագաթնաժողովին ընդառաջ։ Նա նաև ասել էր, թե ռուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Զուգահեռաբար՝ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահն առաջարկել էր վերանայել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող գազային արտոնությունները։
Այսօր Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությանն ու սպառողների վրա դրա ազդեցությանը, հայտարարեց, որ այս պահին գազի գնի թանկացման վերաբերյալ որևէ ազդակ չկա։ Նա ասաց, որ հարցի քննարկումն այս պահին պատեհ չի համարում։ «Դուք գիտեք, էլի ասել եմ, մենք այս պահի դրությամբ որևէ նման ազդակ չունենք, հետևաբար՝ այդ հարցի քննարկումը պատեհ չեմ համարում… Երբ որ ազդակ կլինի, երբ որ իրավիճակ կլինի, մենք դրա մասին կմտածենք»,- ասաց նա։ Այս ֆոնին հարկ է հիշեցնել ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի կանխատեսումը, որ գազի սակագնի բարձրացումն ապոկալիպտիկ սցենար է։
Սակայն մինչ ռուսական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները՝ Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովից մինչև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, բացահայտ և անթաքույց հայտարարում են Հայաստանին տրվող գազային արտոնությունների վերանայման և «ուկրաինական սցենարի» հնարավորության մասին, Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահպանել ցուցադրական հանգստություն։ Ճեպազրույցում հայտարարելով, թե գազի թանկացման որևէ ազդակ չկա, և հարցի քննարկումը պատեհ չի համարում, Փաշինյանը կարծես փորձում է փակել թեման։ Բայց որքանո՞վ է այս «վստահությունն» իրատեսական և փաստերով հիմնավորված։
Քաղաքական և տնտեսական շրջանակներում քննարկվող առավել հավանական սցենարներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները հույս ունեն, կամ փակ խողովակներով փորձում են հասնել որոշակի համաձայնությունների Մոսկվայի հետ ԵԱՏՄ շրջանակում գործողությունները փոխհամաձայնեցնելու ուղղությամբ։ Այս տրամաբանությամբ՝ Երևանը ենթադրում է, որ քանի դեռ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել ԵԱՏՄ-ից և պահպանում է ինտեգրացիոն շրջանակային պարտավորությունները, տնտեսական կոշտ լծակները, մասնավորապես՝ գազի գնի կտրուկ բարձրացումը, կարող է հետաձգվել կամ հաջողությամբ կանխարգելվել ինչ-ինչ սակարկությունների միջոցով։ Այնուամենայնիվ, այս մոտեցումը պարունակում է բազմաթիվ ռիսկեր։
Եթե Փաշինյանի վստահությունը հիմնված է բացառապես վերջին պահին Մոսկվայի հետ «լեզու գտնելու» կամ իրավիճակը ժամանակավորապես կոծկելու սպասումների վրա, ապա սա ավելի շատ հիշեցնում է խնդիրների հետաձգման, քան դրանց համակարգային լուծման տակտիկա։ Ռուսական կողմի հայտարարությունները վաղուց դադարել են լինել միայն զգացական հռետորաբանություն. դրանք վերածվում են հստակ պայմանների առաջադրման։
Այս ֆոնին իշխանությունների կողմից «ազդակներ չկան» վստահեցումը ծառայում է ոչ թե իրական անվտանգության ապահովմանը, այլ հետընտրական կամ ընթացիկ սոցիալական լարվածությունը ժամանակավորապես թուլացնելուց։ Սակայն, երբ գործադիրը խուսափում է բաց խոսել հնարավոր խնդիրների մասին, ցանկացած անակնկալ գների փոփոխություն կարող է ծանր հարված հասցնել Հայաստանի տնտեսությանն ու սոցիալական վիճակին։
Հետևաբար, Փաշինյանի այսօրվա վստահությունը կարող է լինել կամ փակ սենյակներում ձեռք բերված դեռևս փխրուն պայմանավորվածությունների արդյունք, կամ էլ իրականությունից կտրված մի լավատեսություն, որը հերթական անգամ Հայաստանը կկանգնեցնի տնտեսական լրջագույն ռիսկերին դեմ հանդիման։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/02/%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b7%d5%bf-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%b7%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d6%87-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ac/