Սեպտեմբեր 28, 2026
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Արցախի 44-օրյա պատերազմից 6 տարի անց Հայաստանի Հանրապետությանը չի հաջողվել վերականգնել իր անվտանգային և ռազմական բալանսը տարածաշրջանում։
«ՀՀ օրվա իշխանությունը կոլաբորանտ իշխանություն է, որը մեր ժողովրդից գաղտնի պահվող կապիտուլյացիոն ակտի կետերն է իրականացնում՝ փոխարենը ռազմական ու անվտանգային բալանսը վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ տանելուն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը՝ խոսելով Արցախի կորստից հետո ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրների, 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանել-չհանելու վերաբերյալ խոսակցությունների մասին։
Հայկ Նահապետյանի խոսքով՝ երբ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե «Թուրքիայից Հայաստանին սպառնալիք չկա», լավ կլինի, որպեսզի մանրամասն ուսումնասիրի Թուրքիայի ազգային ռազմավարությունը, որը տարբեր բաց աղբյուրներում կա, այնուհետև խոսի Թուրքիայից եկող սպառնալիքների մասին։
«Ավելի լավ է ռազմավարությունը կարդա, հետո գնահատականներ տա, բայց ավելի ճիշտ կլինի, ինքն իր սիրած գործով զբաղվի՝ անբարո ֆիլմերում ինչ-որ մեկին մարմնավորի։
Իսկ Հայաստանին սպառնացող վտանգները շատ են, կոնկրետ այս պահին ՀՀ իշխանությունը կատարում է Ադրբեջանի պահանջները, որը սկզբունքորեն մտնում է Թուրքիայի ազգային ռազմավարության մեջ։ Այդ ռազմավարության մեջ է մտնում նաև այն, որ Հայաստանից հեռացվի Ռուսաստանի տնտեսական, քաղաքական, կոմունիկացիոն, էներգետիկ ներգրավվածությունն ու ներկայությունը։
Հայաստանն ամբողջովին դարձնեն Թուրքիայից կախված մի տարածք, ինչպես, օրինակ, Վրաստանի Աջարիա տարածքն է, որն ամբողջովին կախված է Թուրքիայից։ Աջարիայում քաղաքականությունը որոշում է միայն Թուրքիան»,- շեշտեց ռազմական փորձագետը։
Մեր զրուցակիցը վստահ է, որ երբ Հայաստանից հանեն 102-րդ ռազմաբազան ու ռուս սահմանապահներին, Թուրքիան ՀՀ իշխանություններին պարտադրելու է, որպեսզի երկու պետությունների միջև տեղի ունենա սահմանազատում և սահմանագծում։
«Այն սահմանը, որն այսօր կա, Խորհրդային Թուրքիայի սահմանն է, այսինքն՝ Խորհրդային Միության իրավահաջորդ Ռուսաստանի ու Թուրքիայի սահմանն է։ Ռուս սահմանապահները հենց այդ տրամաբանությամբ են 1992 թվականի սեպտեմբերի 30-ի պայմանագրի հիման վրա գտնվում Հայաստանում։ Հետևաբար, եթե սահմանապահները դուրս են գալիս, Հայաստանը, ուղղակի թե անուղղակի, չեղարկում է Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որոնք, ի դեպ, Վրաստանն ու Ադրբեջանը չեղարկել են։
Թուրքիան Հայաստանի իշխանությանն ասում է, որ երկու երկրների միջև նախորդ պայմանագրի հիման վրա պետք է լինի սահմանները։ Իսկ նախորդ պայմանագրով Հայաստանը Թուրքիայի հետ սահմաններն ուներ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով, այսինքն՝ 9800 քկմ։ Այսքան տարածքից էլ մեծ հավակնություններ ունի նաև Ալիևը, որը Երևանը համարում է «պատմական հայրենիքի մի մասը»։ Ալիևն ասում է նաև, որ Հայաստանը «Կովկասի մարմնի վրա ուռուցք է և պետք է հեռացվի»»,- շեշտեց Հ. Նահապետյանը։
Նրա բնորոշմամբ՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերջնարդյունքը բերելու է թուրք-ադրբեջանական իշխանությունների նպատակների իրականացմանը։
«Եթե մտածում են, որ այդ «Խաղաղության պայմանագիրը» կստորագրվի և ռազմաբազան դուրս կբերվի, ապա սխալվում են։ Վստահեցնում եմ, որ այդ պայմանագիրը չի ստորագրվելու։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանից ստանում են ամեն ինչ առանց պայմանագրի, ինչո՞ւ պետք է պարտավորված պայմանագիր ստորագրեն։ Վերջին հաշվով, այդ պայմանագրի խախտումը որոշակի հետևանքների է բերելու։ Դրա համար պայմանագիրը քարոզչական դաշտում դարձավ համաձայնագիր։ Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են Հայաստանից ստանալ բանավոր պայմանավորվածություններ կամ գուցե տեսախցիկի առաջ Փաշինյանի կողմից տված խոստումների կատարում»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Maral Chavushian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/28/%d5%a5%d5%a9%d5%a5-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a4%d5%b8%d6%82%d6%80%d5%bd-%d5%a3%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5/