Սեպտեմբեր 27, 2026
Առաջիկայում Հայաստանի քաղաքական օրակարգը գեներացվելու է հիմնական մի քանի հարցերի շուրջ՝ Տիգրանաշենի վերադարձ Ադրբեջանին, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանության նոր արշավ, Նոր Սահմանադրության ընդունում, ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերում Հայաստանից։
Բոլոր այս հարցերը, ինչպես և դրանից շեղելուն ուղղված տեղեկատվական աղմուկը քաղաքական օրակարգ է ներմուծում/ներմուծելու իշխանությունը և ընդդիմությունը, իշխանությանը դեմ հանդես եկող այլ խմբեր ու անհատներ, լավագույն դեպքում հանդես են գալու արձագանքողի դիրքերից։ Դա է այսօրվա Հայաստանի քաղաքական ստատուս- քվոն, որի հետ նախ պետք է հաշվի նստել, ապա փորձել այդ իրողությունները հաշվի առնելով՝ ոչ միայն ուղղակի արձագանքել իշխանությանը, այլև պայքարել նրա քաղաքականության դեմ։ Եթե պայքարի մղումներն անկեղծ են, ինչպես հայտարարվում է։
Վերը թվարկված բոլոր հարցերը վերաբերում են Հայաստանի, հայկական պետականության ֆիզիկական ու հոգևոր անվտանգությանը և դրանք պայմանավորող քաղաքական կառուցվածքին։ Ընդ որում, բոլոր դեպքերում խոսքը ինչ-որ բան հանելու, ինչ-որ բանից հրաժարվելու մասին է։
Տիգրանաշենի պարագայում Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս է բերվում ռազմավարական նշանակության բնակավայր, կարճ ժամանակ անց դրանից հայկական բնակչությանը հանելու հստակ հեռանկարով։ «Եկեղեցու բարեփոխում» անվան տակ ծրագրով, Հայ Առաքելական եկեղեցուց իշխանությունը պատրաստվում է հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին ու հոգևորական այն դասին, որը չի կիսում «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։
Նոր Սահմանադրության ընդունմամբ դրանից հեռացվելու է Հայաստանի անկախության հռչակագիրը՝ ազդարարելով Երրորդ հանրապետության նաև ֆորմալ վախճանը։
Հեռացնելու, դուրս բերելու սկզբունքը գործում է նաև ռուսական ռազմաբազայի պարագային, որը առնվազն զսպող նշանակություն ունի դեռևս շատ փխրուն, այդուհանդերձ անվտանգային գործող համակարգում։ Այսպիսով, իշխանությունը առաջիկայում բոլոր ուղղություններով առաջ է մղելու օրակարգային այնպիսի հարցեր, որոնց նպատակը Հայաստանի ֆիզիկական ու հոգևոր անվտանգության, ինքնության ու պետականության կառուցակարգերից ինչ-որ բան հեռացնելն է։ Իսկ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Դատարկվող ցանկացած ֆիզիկական ու աննյութական տարածություն լցվելու է արևմտյան որևէ գայթակղիչ պատումով փաթեթավորված թուրքական և/կամ ադրբեջանական բովանդակությամբ։
Սա է իրերի դրությունը, որի դեմ պայքարելու համար ինստիտուցիոնալ գործիքները (խորհրդարան, դատաիրավական համակարգ և այլն) ակնհայտորեն բավարար չեն և բացառությամբ գուցե նոր Սահմանադրության, որի համար ՔՊ-ն չունի պառլամենտական որակյալ մեծամասնություն, մյուս բոլոր ուղղություններով իշխանությունն այս պահին ունի հաջողության հասնելու բոլոր շանսերը։
Իշխանության այս ծրագիրը տեսականորեն կարող է եթե ոչ տապալվել, ապա գոնե զսպվել միայն իրական հանրային համախմբման միջոցով, որի ուղղությամբ այսօր գրեթե որևէ քայլ չի կատարվում։
Խոսակցությունների մակարդակում հնչում են հերթապահ հայտարարություններ քաղաքական ուժերի համախմբման մասին, բայց դա գրեթե աղերս չունի այն հասարակական մոբիլիզացիայի հետ, որը կարող է կանխել արտաքին աջակցություն ունեցող իշխանության այս ծրագիրը։ Ընդդիմադիր ուժերը գնում են նույն՝ տասնամյակներ տապալում ապահոված թակարդ տանող ճանապարհով՝ փորձելով քաղաքական միավորման միջոցով ապահովել հանրային համախմբում, որի պարագայում, հասարակությունը դիտարկվում է որպես միջոց։ Մինչդեռ պետք է լինի հակառակը՝ կայանա հանրային այնպիսի մոբիլիզացիայի, որի դեպքում քաղաքական ուժերի միավորումը կծառայի որպես գործիք՝ հանրային համախմբման հիմքում դրված նպատակին հասնելու համար։
Իշխանությունը մի քանի ուղղություններով դատարկում է հայկական պետականության դիմադրողականության վերջին մնացորդները՝ դրանց տեղը հնարավոր ամեն ինչով լցնելու հստակ մտադրությամբ։
Ընդդիմությունը, ոչ թե ֆորմալ, կուսակցական ձևաչափերով, այլ հանդես գալով որպես միասնական հակաիշխանական համակարգ, միայն հանրային մոբիլիզացիայի միջոցով կարող է փորձել լցնել այդ դատարկությունը, ինչի համար անհրաժեշտ է բովանդակություն, քաղաքական բովանդակություն՝ այսօրվա իրողություններին համապատասխանող և ոչ թե անցյալի հաղթականության նոստալգիայի վրա հիմնված ապաքաղաքական բովանդակություն։ Այս պահին դա բացակայում է։ Բայց դա ունենալու համար նախ անհրաժեշտ է ընդունել քաղաքականությամբ զբաղվողների շրջանում դրա բացակայության փաստը, ինչի մասին բարձրաձայնումները դեռևս ընդունվում են որպես վիրավորանք։
Հարություն Ավետիսյան
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emma Nadirian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/28/168-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a3%d6%80%d5%b8%d5%b0%d5%ab%e2%80%a4-%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad/