Արհեստածին Ադրբեջանի դեմոկրատական կառավարության ստեղծումն ու անկումը՝ ԱՄՆ հետ

Սեպտեմբեր 27, 2026

Իրանական ճգնաժամի ժամանակաշրջանում՝ 1945 թ. աշնանը, ձևավորվեց Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը դարձավ Սեյիդ Ջաֆար Փիշևարին։ Ռեզա շահի իշխանության տարիներին Փիշևարին ձերբակալվել էր և շուրջ տասը տարի անցկացրել բանտում։

 

Նա «Աժիր» թերթի խմբագիրն էր: 1945 թվականի նոյեմբերին կուսակցությունը Թավրիզում իրականացրեց իշխանության գրավում, և նոյեմբերի 21-ին ձևավորվեց Ադրբեջանի ժողովրդական կառավարությունը՝ Ջաֆար Փիշևարիի գլխավորությամբ։ Արհեստածին և այդպես էլ չճանաչված միավորման հիմքում Խորհրդային Միությունն էր կանգնած: Նոր կառավարությունը ԽՍՀՄ-ից ստանում էր քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցություն, իսկ խորհրդային կողմը փորձում էր Իրանից ստանալ նավթային զիջումներ։ Մոտ մեկ տարվա կյանք ունեցած արհեստական միավորումը լուծարվեց 1946 թվականի հունիսի 13-ին:

Կարդացեք նաև

  • Ուժայիններով գրոհելու են. ՉՊԵՏՔ Է թույլ տանք՝ հասնեն Մայր Աթոռի պատերին. վճռական ճակատամարտը՝ Բաղրամյան փողոցում կամ կառավարության առջև. Սուրեն Սուրենյանց
  • Դա կարող է Հայաստանը վերածել մարտադաշտի և չափազանց կործանարար լինել Հայաստանի համար. Ալիռեզա Ղոլիփուր
  • ԱՄՆ-ը՝ ընդդեմ Իրանի. ռազմավարական փակուղի

Դրա պատճառը դարձավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև սկսված հակասությունները: ԽՍՀՄ-ը 1946 թվականին հրաժարվեց Ադրբեջանի ժողովրդական կառավարությանը հետագա աջակցությունից։  1946 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին իրանական զորքերը վերականգնեցին իշխանությունը, արհեստածին Ադրբեջանի ժողովրդական կառավարությունը վերացավ:

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այս խնդիրը չէր կարող  չմնալ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության ուշադրությունից դուրս: 1948 թվականի մայիսի 6-ին ԱՄՆ ԿՀՎ-ն զեկույց է պատրաստում, որտեղ մանրամասն ներկայացնում է 1946 թվականին Իրանում տեղի ունեցած իրադարձությունները, խորհրդային զորքերի դուրսբերումն ու հետագա վիճակը: Ստորև ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ.

 

«1948 թվականի ՄԱՅԻՍԻ 6
ԽԻՍՏ ԳԱՂՏՆԻ / ԳԱՂՏՆԻ

ԻՐԱՆ. Խորհրդային զորքերի դուրսբերումն ավարտված է թվում, բացառությամբ Ադրբեջանի

 

Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը զեկուցում է, որ ողջ Հյուսիսային Իրանը, հնարավոր է՝ բացառությամբ Իրանական Ադրբեջանի, ամբողջությամբ էվակուացվել է խորհրդային զորքերի կողմից։ Թեև քաղաքացիական հագուստով մնացած զորքերի թվի մասին տեղեկությունները հակասական են, դեսպանատունը չի կարծում, որ դրանց թիվը մեծ է, բացառությամբ Ադրբեջանի։ Ղավամը մայիսի 4-ին գործերի հավատարմատար Ուորդին հայտնել է, որ

(ա) նա հավատում է, որ խորհրդային բոլոր զորքերը, ներառյալ Ադրբեջանում գտնվողները, դուրս կբերվեն ոչ ուշ, քան մայիսի 6-ին:

(բ) նա կհանձնարարի դեսպան Ալային տեղեկացնել Անվտանգության խորհրդին, որ Իրանն իր զեկույցը կներկայացնի մի հանձնակատարի զեկույցը ստանալուց հետո, որին Ղավամը նախատեսում էր ուղարկել Ադրբեջան «մեկ-երկու օրվա ընթացքում»։

Թավրիզում ԱՄՆ հյուպատոսի պաշտոնակատարը զեկուցում է, որ՝

(ա) Թավրիզի խորհրդային կայազորի հիմնական մասը դուրս է բերվել մայիսի 5-ին։

(բ) Թավրիզի խորհրդային օկուպացիան փոխարինվել է խորհրդային «ներթափանցմամբ»։

(գ) Կովկասցի ներգաղթյալները գնալով ավելի շատ պաշտոններ են զբաղեցնում տեղական ինքնակառավարման մարմիններում, ներառյալ՝ ոստիկանության պետի գրասենյակը։

(դ) Խորհրդային զորքերն ու ռազմական տեխնիկան, որոնք մայիսի սկզբին շարժվել էին դեպի հարավ՝ Թեհրանի ուղղությամբ, ըստ երևույթին, հետ չեն քաշվել Ադրբեջանի տարածքով։

(ե) Թավրիզից հարավ գտնվող Մարաղա-Միանդոաբ շրջանից ռազմական տեխնիկայի և անձնակազմի տարհանումը թվում է գրեթե ավարտված։

Թեհրանում ԱՄՆ ռազմական կցորդի օգնականը, ով մայիսի 3-4-ին ավտոմոբիլային ճանապարհով մեկնել է Թեհրանից Թավրիզ, զեկուցում է, որ՝

(ա) Ճանապարհից հեռացվել են խորհրդային բոլոր հսկիչ կետերը, և խորհրդային զորքեր չեն նկատվել, բացառությամբ Թավրիզի արվարձանների։

(բ) Ղազվինում (Թեհրանից 80 մղոն հյուսիս-արևմուտք) մնում են քաղաքացիական հագուստով ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքացիներ։

(գ) Դեպի Թավրիզ տանող ճանապարհին նկատվել են բազմաթիվ ռուսախոս ադրբեջանցիներ։

(դ) Զենջանից մինչև Թավրիզ ընկած 150 մղոնանոց հատվածում նկատվել են Ադրբեջանի բանակի լավ համազգեստով, լավ հանդերձավորված և լավ առաջնորդվող բազմաթիվ փոքր ստորաբաժանումներ։

 

Բանակցություններն Ադրբեջանի հետ մտել են փակուղի

Ղավամը Թեհրանի դեսպանատանը հայտնել է, որ ադրբեջանական պատվիրակության հետ բանակցությունները մտել են փակուղի, հիմնականում ադրբեջանական բանակի հարցի շուրջ, որը, Ղավամի պնդմամբ, պետք է արձակվի։ Պատվիրակության ղեկավար Փիշևարին նույնպես մերժել է Ադրբեջանի «Ազգային ժողովը» լուծարելու և Գավառական խորհրդի նոր ընտրություններ անցկացնելու Ղավամի պահանջը։ Փիշևարին պահանջել է, որ ֆինանսների գլխավոր պաշտոնյան նշանակվի տեղում, այլ ոչ թե Թեհրանից։ Ղավամը Փիշևարիին հայտնել է, որ չի կարող և չի անի որևէ զիջում հրապարակայնորեն հայտարարվածներից զատ»: (Տես՝ CIA-RDP78-01617A005800020047-2.pdf):

Փաստաթուղթը ցույց է տալիս, որ 1946 թվականի մայիսին խորհրդային զորքերի դուրսբերումը Իրանից դեռ չէր նշանակում խորհրդային ազդեցության լիակատար վերացում։ Իրանում դեռ պահպանվում էր խորհրդային ազդեցությունը: Այս իրավիճակը դարձավ Իրանական ճգնաժամի կարևոր փուլը, որը հետագայում հանգեցրեց արհեստածին և չճանաչված Ադրբեջանի ժողովրդական կառավարության վերացմանը և Իրանում կենտրոնական իշխանության վերահաստատմանը:

Զ. Շուշեցի




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Arsine Chaltikian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/28/%d5%a1%d6%80%d5%b0%d5%a5%d5%bd%d5%bf%d5%a1%d5%ae%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4%d5%b8%d5%af%d6%80%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af/

Leave a Reply