168: Սա անուղղակի պատերազմ է․ «Պաքս-Ադրբեջան»․ ինչո՞ւ Փաշինյանը լռեց ՄԱԿ-ում.

Սեպտեմբեր 26, 2026

«ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը բովանդակային առումով չէր տարբերվում մյուս ելույթներից։ Չեմ կարող ասել, թե այդ ելույթը որքանով էր ուղղված ներքին լսարանին, որովհետև ՄԱԿ-ում ելույթ ունեցող պաշտոնյաները դա ավելի շատ ուղղում են միջազգային հանրությանը։ Նիկոլ Փաշինյանի ելույթը չէր պատասխանում այն անվտանգային հարցերին, որոնք իրականում ձևավորվել են Հայաստանի շուրջ»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց քաղաքագետ, խորհրդատու Վազգեն Հովհաննիսյանը՝ խոսելով ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի, հայ-ադրբեջանական, հարաբերությունների և, այսպես կոչված, խաղաղության գործընթացի մասին։

Քաղաքագետը դժվարացավ խոսել Նիկոլ Փաշինյանի վարքաբանական մոդելից և պատասխանել հարցին, թե ինչո՞ւ նա ՄԱԿ ամբիոնից չխոսեց ադրբեջանական սպառնալիքների մասին, քանի որ, ըստ նրա, Փաշինյանի վարքաբանական մոդելը պայմանավորված է միայն սեփական իշխանությունը պահպանելով և արդարացնելով այն գործընթացը, որը սկսել է։

«Եթե Նիկոլ Փաշինյանն անվտանգության տեսանկյունից ասեր, որ Ադրբեջանի վերջին հայտարարությունները սպառնալիք են Հայաստանի համար, նշանակում է, պետք է ընդուներ, որ ամբողջ խաղաղության գործընթացը ձախողված է, որովհետև 2 օր առաջ Ադրբեջանի նախագահը ասաց, որ Սևան չկա, այլ կա Գյոյչա։

Կարդացեք նաև

  • Հայաստանը պետք է զինվի պաշտպանվելու համար. մեր բանակը Պաշտպանության նախարարություն է կոչվում, ոչ թե ռազմական նախարարություն. Նուբար Չալըմյան
  • WSJ․ ԱՄՆ-ն օգտագործել է Nvidia-ի չիպերի խոստումը՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին աջակցելու համար
  • Այս շրջանն անվանում ենք «արատավոր» շրջան. Փորձագետները` TRIPP-ի և ադրբեջանական նկրտումների մասին

Երկարաժամկետ խաղաղությունը դա ուժային բալանսն է, և ուժային բալանսի դեպքում, եթե կան որոշակի պայմանավորվածություններ, ապա դրանք կարող են ի կատար ածվեն, մնացած բոլոր դեպքում ժամանակավրեպ են։

Այն խաղաղության գործընթացը, որն այսօր տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ կոչվում է նեգատիվ խաղաղություն։ Սա միակողմանի, պարտադրվող խաղաղությունն է, այսինքն՝ Ադրբեջանը միակողմանի Հայաստանին պարտադրում է այն օրակարգը, որն իր համար ձեռնտու է։ Կար «պաքս-հռոմա», այսինքն՝ խաղաղություն Հռոմի պայմաններով, հիմա էլ կա «պաքս-Ադրբեջան»՝ խաղաղություն Ադրբեջանի պայմաններով։ Ռազմական գործիքի չկիրառումը, դա չի նշանակում խաղաղություն, որովհետև եթե չի կիրառվում ռազմական գործիք, բայց Ադրբեջանը հասնում է իր ռազմավարական նպատակներին, սա անուղղակի պատերազմ է։ Հիմա հայկական խոսույթում կա «հիբրիդային պատերազմ» հասկացությունը, բայց սա անուղղակի պատերազմն է։ Ադրբեջանն անուղղակի պատերազմով Հայաստանից կորզում է այն զիջումները, որոնք նրան տալիս են ռազմավարական առավելություն։ Այդ ամենից հետո, եթե պետք լինի ռազմական գործիքի կիևառմամբ հասնել ինչ-որ նպատակների, ապա Ադրբեջանի համար վճարելիք գինն ավելի ցածր է լինելու։ Երկրորդը՝ մեր հնարավոր դիմադրության արդյունքը կարող է լինել ուղղակի զինաթափումը»,- հավելեց քաղաքագետը։

Քաղաքագետը նաև նկատեց, որ ամեն փուլում Ադրբեջանի պայմանները փոխվում են և այդպես էլ շարունակվելու է։ Նույնիսկ, եթե Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի ճաշակով փոխվի, ապա այդ պահանջները շարունակվելու են։ Այս ամենին զուգահեռ, երբ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «օկուպացիոն» երկիր լինելու մեջ, Հայաստանում այդ խոսույթը կիրառվում է, քանի որ Արցախի ինքնորոշման համար մղվող պայքարն իշխանությունների կողմից ներկայացվում է՝  որպես օկուպացիոն պատերազմ։ Սա հանգեցնելու է նրան, որ Ադրբեջանը կգնա միջազգային իրավունքի գործիքի կիրառման։

«Ադրբեջանը քանի որ ուժ ունի, կարող է այդ գործիքը կիրառել և պահանջում է կոմպենսացիաներ։ Ավելի քան վստահ եմ, որ հետագայում՝ այս պահանջը բավարարելուց հետո, Ադրբեջանն անցնելու է մյուս պահանջին։ Չեմ կարող ասել, թե այդ պահանջներն ինչ տեսքով կլինեն, բայց ոչ միայն Ալիևը, այլև Հաջիևը մշտապես խոսում են այս մասին։ Ադրբեջանը փուլ առ փուլ, ոչ ռազմական գործիքի կիրառմամբ Հայաստանից կորզելու է զիջումներ՝ նպատակ ունենալով Հայաստանին վերջնական ենթարկել աբսորբցիայի։

Հայաստանը որևէ պահանջ չունի Ադրբեջանից, հայկական կողմը գտնվում է աղերսողի վիճակում, որպեսզի «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, և Նիկոլ Փաշինյանը հանրությանը հայտարարի, որ խաղաղություն ունի»,- նշեց քաղաքագետը։

Վազգեն Հովհաննիսյանը խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին, այդ հարաբերությունները բնորոշեց՝ որպես տուրբուլենտ վիճակում գտնվող հարաբերություններ։

«Ռազմավարական տեսանկյունից հայ-ռուսական հարաբերություններն ունեն անվտանգային մեծ վակուում, այսինքն՝ հստակեցված չէ, թե երկուստեք ինչ անվտանգային ակնկալիքներ ունեն։ Կա նաև տնտեսական կոմպոնենտ, հարաբերությունների վատթարացումը բերել է նրան, որ Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցների գործիքակազմ է կիրառում։ Արդեն առաջին «ծիծեռնակները» կան։ Հետաքրքիր է, որ Կենտրոնական բանկի նախագահն ասել է, որ գազի գնի թանկացումը մեր տնտեսության համար շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Կոմպետենտ իշխանությունը պետք է փորձեր առնվազն այս ռիսկը դարձնել կառավարելի»,- ընդգծեց Վազգեն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Karabekian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/26/168-%d5%bd%d5%a1-%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%af%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4-%d5%a7%e2%80%a4-%d5%ba%d5%a1%d6%84%d5%bd-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5/

Leave a Reply