Սեպտեմբեր 26, 2026
Հետընտրական փուլում, երբ բազմաթիվ ընտրախախտումներից հետո Փաշինյանն ամեն դեպքում վերարտադրվեց, բնական է, որ հիմնականում ընդդիմադիր սեգմենտում հիասթափության ալիք կա։ Բայց դա պայմանավորված է ոչ թե ԱԺ-ում հիմա ընթացող քննարկումներով, այլ արդյունքով։ Իսկ ԱԺ-ում բավական երկար ձգվող գործընթացները պայմանավորված էին նրանով, որ ՔՊ-ն չէր ընտրում մի քանի հանձնաժողովների նախագահների։ «Ուժեղ Հայաստանն» առաջադրում էր, իրենք չէին ընտրում, և երեք հանձնաժողովի դեպքում մի քանի փորձից է, որ ի վերջո ընտրվեցին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Այս ընթացքում մենք հնարավորություն ունեցանք սկզբունքային դիրքորոշումներ հնչեցնելու, մասնավորապես, Սահմանադրության թեմայով։ Այս օրերին ծավալուն քննարկումներ են տեղի ունենում հենց այս հարցի շուրջ։ Ի վերջո, ՔՊ-ն ամեն անգամ ցնցումների մեջ է ընկնում, երբ ասում ես, որ ժողովուրդն իրենց չի լիազորել «ալիևյան սահմանադրություն» ընդունել։ Նախընտրական փուլում իրենք փաստացի գնացել էին ժողովրդի մոտ, խոսել էին նաև Սահմանադրության փոփոխության օրակարգից, և միայն սահմանադրական մեծամասնություն ունենալու պարագայում կարող էին ի վերջո փոխել Սահմանադրությունը»,- ասաց քաղաքական գործիչը։
«Մենք կարողացել ենք հստակ և աներկբա դիրքորոշում արձանագրել, որ «Հայաստան» խմբակցությունից որևէ մեկը չի պատրաստվում այդ խայտառակությանն ու նվաստացմանը մաս կազմել, և այդ պատի դերակատարումը պետք է ունենանք նաև խորհրդարանում։ Բնականաբար, այլ օրակարգեր էլ կան, մասնավորապես՝ «Իրական Հայաստան» կոչվող աբսուրդային գաղափարախոսության քննարկումը։ Թեև այս ժամանակահատվածում ընդդիմությունից այլ ակնկալիքներ կային, բայց սա նաև հնարավորություն էր դիրքորոշումներ հստակեցնելու, թե դու, օրինակ, ինչ պատկերացում ունես քո երկրի մոդելի մասին»,- նշեց Գրիգորյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ իշխանությունն ամբողջությամբ ուրացման, բնաջնջման, ամեն ինչի վերացման կողմնակից է՝ զրոյական կետից պետություն ստեղծելու ինչ-որ տեսլականով․ «Դա ամբողջությամբ համընկնում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին պատկերացումների հետ։ Այն, ինչն Ադրբեջանը պատկերացնում է Սփյուռքի, եկեղեցու, պատմության, Սահմանադրության հետ կապված, իրենք իրականացնում են։ Այս ժամանակահատվածում մեր հայրենակիցներն իսկապես տեսնում են պատկերացումների, պատումների և ընկալումների այն ջրբաժանը, որն առկա է մեր միջև»:
«Երբ մանդատները վերցրինք և գնացինք խորհրդարան, ակնհայտ էր, որ միայն խորհրդարանական գործունեությամբ ամեն դեպքում հնարավոր չի լինելու հասնել իշխանափոխության։ Հետևաբար՝ պետք է մեկտեղվեն խորհրդարանական գործունեությունը և փողոցային պայքարը՝ օգտագործելով ժողովրդի հետ հաղորդակցվելու, նրան ուղերձներ, տրամադրություններ փոխանցելու խորհրդարանական լծակները։ Այս ամենը պետք է լինի որոշակի գործընթացի շրջանակում, երբ բոլոր ընդդիմադիր ուժերը կկոնսոլիդացվեն՝ յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում»,- ասաց Աննա Գրիգորյանը:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/26/%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b6-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%af%d5%a5%d6%80%d5%a1%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5/