Հայաստանի հարավով անցնող հայ – ամերիկյան TRIPP նախագծում ներդրումների դիմաց մասնաբաժնի փոխանցման ձևաչափ նախատեսված չէ և չի դիտարկվում, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը:
Օգոստոսին Հայաստանի վարչապետ և Ղազախստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ղրզղական լրատվամիջոցներից մեկն առանց որևէ պաշտոնյայի հղում անելու գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին առաջարկել է, որ Ղազախստանն ու Ղրղըզստանը TRIPP նախագծի բաժնետեր դառնան: Ըստ այս աղբյուրի` Երևանն առաջարկել է այս նախագծում 26 տոկոս իր մասնաբաժնից 5-ական տոկոս փոխանցել Ղազախստանին ու Ղրղըզստանին՝ ներդումների դիմաց: Մնացած 74 տոկոս մասնաբաժինը, ըստ հայ – ամերիկյան համաձայնագրի, պատկանում է ԱՄՆ-ին:
«Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք այդպիսի առաջարկ է արե՞լ Տոկաևին: Հարցումը վերահասցեագրել էին արտաքին գերատեսչություն, որտեղից պատասխանել են, որ TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա ու չի դիտարկվում:
«Ազատությունը» վարչապետին նաև գրավոր հարցրել էր, թե հայկական երկաթուղիների ղեկավարումը Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը քննարկե՞լ են: Նախարարությունից ստացած գրությունում այս հարցի պատասխանը չկա: Սակայն Փաշինյանը օրերս տված հարցազրույցում հայտարարեց, որ ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին Երևանը «դեմ չէ»:
Հայկական կողմը դեռ տարեսկզբից Մոսկվային առաջարկում է հայկական երկաթուղու 30-ամյա ռուսական կոնցեսիան վաճառել բարեկամական երրորդ երկրի՝ պնդելով, որ Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի կառավարման պատճառով Հայաստանը տարածաշրջանում կորցնում է մրցակցությունը: Ռուսաստանը, մինչդեռ, որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու շահագործման իր կոնցեսիոն իրավունքը որևէ մեկին փոխանցելու համար և առայժմ մերժել է Երևանի առաջարկը: Ակնկալվում է, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը, որի ամսաթիվը դեռ հայտնի չէ, նաև այս հարցը կքննարկվի:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Hovhannisian John. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/26/tripp-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d6%81-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a1%d5%aa%d5%b6%d5%ab-%d6%83/