Թեհրանը դեմ չէ TRIPP ծրագրի իրականացմանը, եթե այն չի վնասում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Տարածաշրջանում պետք է բացառվի նաև ԱՄՆ-ի ռազմական կամ անվտանգային ներկայությունը։ Այս մասին Civilnet-ի փոխանցմամբ՝ «ԱՊՐԻ Ֆորում 2026»-ի շրջանակում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ ընդգծելով, որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։
«Ադրբեջանի ղեկավարները դեռևս շատ բացահայտ և ուղղակիորեն խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Մենք նույնպես հստակ արտահայտվում ենք այն փաստի շուրջ, որ որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հասցվող որևէ վնաս անընդունելի է։ Սա TRIPP ծրագրի իրականացման առաջին նախապայմանն է»,- հայտարարել է Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը նշել է, որ երկրորդ նախապայմանը հարևան տարածքներում ԱՄՆ-ի ռազմական կամ անվտանգային ներկայության բացառումն է։
«Այս երկու նախապայմանների հիման վրա մենք որևէ պատճառ չունենք դեմ լինելու այս նախագծին, եթե այն դրականորեն կնպաստի հայ ժողովրդի զարգացմանն ու բարօրությանը»,- ասել է դեսպանը։
Ներկայացնելով Հարավային Կովկասի վերաբերյալ Իրանի հայեցակարգային մոտեցումները՝ Շիրղոլամին շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության հիմքը պետք է լինի առկա կարգավիճակի պահպանումը։ Նրա խոսքով՝ լոկ խաղաղության մասին խոսույթը բավարար չէ, և խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն ձևավորել, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Իրանական կողմը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ընդգծելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման բոլոր հնարավորությունները պետք է օգտագործվեն։ Միևնույն ժամանակ դեսպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը մեծ ներուժ ունի դառնալու կապող հանգույց Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և Սև ծովի միջև։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դեսպանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը, Եվրոպական միությանն ու ԱՄՆ-ին մերձենալու կուրսը որոշակի մարտահրավեր է ներկայացնում Իրանի և Հայաստանի միջև գործընկերությունը պահպանելու տեսանկյունից։
«Մենք ծրագրում ենք Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի և ինստիտուցիոնալացնել մեր համագործակցությունը ապագայում»,- ընդգծել է Խալիլ Շիրղոլամին։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Jirair Kafian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/25/%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%b9%d5%a7-tripp-%d5%ab%d5%b6%d5%9d-%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d5%be-%d5%ad%d5%a1%d5%ac%d5%ab%d5%ac/