ԱՄՆ-ը՝ ընդդեմ Իրանի. ռազմավարական փակուղի

Սեպտեմբեր 24, 2026

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը լուսաբանող բազմաթիվ լրատվամիջոցներ միայն հատվածաբար են արտացոլում տեղի ունեցողի մասշտաբները։ Կադրից դուրս են մնում առանցքային հարցեր. ինչպե՞ս Թեհրանը կարողացավ ցուցադրել հրթիռային այնպիսի հնարավորություններ, որոնք դուրս են գալիս հայտարարված 2000 կմ «առաստաղից»:

Ինչո՞ւ են Պենտագոնի կորուստների մասին պաշտոնական տվյալները հակասում անկախ աղբյուրների տվյալներին։ Եվ ինչպե՞ս Իրանի վրա Իսրայելի հարձակմամբ սկսված հակամարտությունը վերածվեց ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի, որը ռազմավարական փակուղու է հանգեցրել դրա բոլոր մասնակիցներին: 

ԱՄՆ կորուստներ. պաշտոնական վիճակագրությունը՝ ընդդեմ իրականության

Պենտագոնի տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերին Իրանի դեմ գործողությունների հետևանքով զոհվել է 19 ամերիկացի զինծառայող, ավելի քան 750-ը՝ վիրավորվել: Սակայն The Washington Post-ի՝ իրական թվերին տեղյակ աղբյուրներն այլ տվյալներ են նշում՝ առնվազն 22 զոհ, իսկ պարբերականի զրուցակիցներից մեկի գնահատմամբ՝ 23 մարդ:

Կարդացեք նաև

  • Ուժայիններով գրոհելու են. ՉՊԵՏՔ Է թույլ տանք՝ հասնեն Մայր Աթոռի պատերին. վճռական ճակատամարտը՝ Բաղրամյան փողոցում կամ կառավարության առջև. Սուրեն Սուրենյանց
  • Դա կարող է Հայաստանը վերածել մարտադաշտի և չափազանց կործանարար լինել Հայաստանի համար. Ալիռեզա Ղոլիփուր
  • Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով

Այս 3-4 հոգու տարբերությունը կարող է աննշան թվալ հակամարտության մասշտաբների խորապատկերին, բայց դա ազդարարում է համակարգային խնդիր. Թրամփի վարչակազմը, ըստ երևույթին, գիտակցաբար նվազեցնում է կորուստները՝ քաղաքական ծախսերը նվազագույնի հասցնելու համար:

Հակամարտության ֆինանսական գինը նույնպես աճում է ավելի արագ, քան ընդունում են պաշտոնյաները: Եթե գործողության սկզբում Պենտագոնը ծախսերը գնահատում էր 37,5 միլիարդ դոլար, ապա սեպտեմբերի 3-ին CENTCOM-ը Կոնգրեսին ներկայացրեց նոր գնահատական՝ 43,6 միլիարդ դոլար: Այդ գումարից 11,2 միլիարդը կազմում են ուղղակի գործառնական ծախսերը, 28,1 միլիարդը՝ ծախսված զինամթերքի համալրումը, և 4,3 միլիարդը՝ կորցրած զինտեխնիկայի փոխարինումը։

Հատկանշական է, որ «զոհվածներ» կատեգորիայում Պենտագոնը հիշատակում է նաև երեք ամերիկացի պայմանագրայինների, որոնց մահը ոչ միշտ է ընդգրկվում պաշտոնական ամփոփագրերում: Ռազմական կորուստները գրանցվում են մեկ գրանցամատյանում, մասնավոր կապալառուների կորուստները՝ մեկ այլ, ինչը թույլ է տալիս վարչակազմին շահարկել վերջնական թվերը: Այս համակարգը թույլ է տալիս վերահսկել տեղեկատվական հոսքերը։

Իրանական հրթիռներ. «կարմիր գծի» բեկում

Հակամարտության առավել նշանակալի ռազմատեխնիկական իրադարձությունը Դիեգո Գարսիա ռազմակայանին հարվածելու փորձն էր՝ ամերիկյան-բրիտանական համատեղ օբյեկտ Հնդկական օվկիանոսում, որը գտնվում է իրանական սահմաններից մոտ 4000 կմ հեռավորության վրա:

The Wall Street Journal-ի տվյալներով՝ Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել բազայի ուղղությամբ. մեկը վթարի է ենթարկվել թռիչքի ժամանակ, երկրորդը փորձել է որսալ ամերիկյան էսկադրային ականակիրը՝ SM-3 հրթիռի օգնությամբ, սակայն որսման արդյունքը մնում է անհայտ: Բրիտանական կառավարությունն ավելի ուշ հաստատել է արձակման փաստը, մինչդեռ Թեհրանը միջադեպը որակել է՝ որպես «կեղծ դրոշի ներքո գործողություն»:

Այս իրադարձությունը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ Իրանը տարիներ շարունակ հայտարարել էր իր բալիստիկ հրթիռների հեռահարության ինքնասահմանափակման մասին՝ 2000 կմ մակարդակի վրա: SIPRI-ն նշում է՝ դեռևս հանգուցյալ այաթոլլա Խամենեին էր հայտարարել այդ «առաստաղի» ներդրման մասին, սակայն դիտորդները վաղուց էին արձանագրել, որ Թեհրանն աշխատում է այն արագ հաղթահարելու տեխնոլոգիաների վրա:

Փոխադրողի դերի թեկնածու է համարվում «Խորրամշահր» հրթիռը, որը թեթև մարտագլխիկի և վառելիքի պաշարի մի մասի օգտագործման դեպքում կարող է ծածկել մինչև Դիեգո Գարսիա եղած հեռավորությունը: ISW-ի վերլուծաբաններն այս արձակումն անվանել են «Իրանի կողմից երբևէ ձեռնարկված ամենահեռավոր հրթիռային հարվածը»՝ ընդգծելով, որ այն «փոխում է պատկերացումներն իրանական հրթիռային ծրագրի, հատկապես այն սպառնալիքի մասին, որը կարող է ներկայացնել Եվրոպայի համար»: Իսրայելի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է. «Այդ հրթիռները նախատեսված չեն Իսրայելին հարվածելու համար։ Նրանց հեռահարությունը հասնում է եվրոպական մայրաքաղաքներ՝ Բեռլինը, Փարիզը և Հռոմը գտնվում են ուղղակի սպառնալիքի գոտում»։

Ընդ որում, ամերիկյան հետախուզությունը, 2025 թվականի գաղտնազերծված գնահատականի համաձայն, կարծում էր, որ Իրանին կպահանջվի մինչև 2035 թվականը՝ կենսունակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ ստեղծելու համար: Ակնհայտ է՝ իրականությունն առաջ է անցել կանխատեսումներից։

Թրամփը 2026 թվականի ապրիլի 1-ին իր ելույթում միջադեպն օգտագործեց էսկալացիան հիմնավորելու համար՝ ասելով, որ իրանական հրթիռները «կարող են հասնել ԱՄՆ-ի, Եվրոպայի և աշխարհի շատ այլ տարածաշրջանների տարածք»: Սակայն, նշում են աղբյուրները, այդ պնդումները հաստատում չեն ստացել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, որոնք ապացույցներ չունեն, որ Իրանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ICBM) ծրագիր է մշակում՝ ԱՄՆ-ին հարվածելու համար:

Այսպիսով, առկա է անջրպետ իրական սպառնալիքի (միջին հեռահարության հրթիռներ, որոնք կարող են խոցել տարածաշրջանում ԱՄՆ-ի բազաները) և հռետորական էսկալացիայի միջև, որն օգտագործվում է պատերազմի շարունակությունն արդարացնելու համար։ 

Միջնորդավորված պատերազմը և Սաուդյան Արաբիայի դերը

Հակամարտության բնույթի առանցքային փոփոխությունը դարձել է անցումն ամերիկա-իրանական ուղիղ առճակատումից դեպի պրոքսի ուժերին հարվածներ հասցնելը։ 2026 թվականի հուլիսի վերջին՝ ժամանակավոր հրադադարի շրջանում, Իրանը հրթիռային հարված հասցրեց Հորդանանում ամերիկյան ռազմակայանին, որից հետո ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան համատեղ հարձակվեցին Իրաքում «իրանամետ» կազմավորումների դիրքերի վրա։ Իրաքի «Փեշմերգա» կազմավորումների տվյալներով՝ այդ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, 32-ը՝ վիրավորվել: Թրամփը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ջախջախիչ հարված» կհասցնի Իրանին, և չի բացառում հետագա հարձակումները նրա տարածաշրջանային դաշնակիցների վրա:

Այս դինամիկան սկզբունքորեն փոխում է հակամարտության կոնֆիգուրացիան։ Associated Press գործակալության տվյալներով՝ եթե առաջին փուլում Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն պաշտոնապես հեռու էին մնում ռազմական գործողություններից, ապա մինչև 2026 թվականի մարտը նրանք սկսեցին «մասնավոր կերպով» դրդել Վաշինգտոնին շարունակել պատերազմը, իսկ Աբու Դաբին «ակտիվորեն առաջ էր տանում» ցամաքային գործողության գաղափարը:

Հուլիսին Էր Ռիադի մասնակցությունը ռազմական գործողություններին հրապարակային էր դարձել. Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերն ամերիկյան զորքերի հետ համատեղ հարվածներ էին հասցնում իրաքյան կազմավորումներին:

«Միջազգային խնդիրների» ինստիտուտի չինացի վերլուծաբան Լի Զիքսինը նշում է, որ «պրոքսի պատերազմի կափարիչը պոկվել է». եթե նախկինում Սաուդյան Արաբիան գոնե հրապարակային մակարդակով չեզոքություն էր պահպանում, ապա այժմ այն դարձել է «մարտական գործողությունների ուղղակի մասնակից»:

Սա ոչ միայն ընդլայնում է հակամարտության աշխարհագրությունը, այլև նախադրյալներ է ստեղծում լիարժեք տարածաշրջանային պատերազմի համար, որում իրանամետ ուժերը՝ Եմենի հութիներից մինչև Լիբանանի «Հըզբոլլահ», համակարգված կգործեն ընդդեմ ԱՄՆ-սաուդյան կոալիցիայի:

ԱՄՆ ներքին քաղաքականություն. Պատերազմը՝ որպես ընտրական խնդիր

Իրանի հետ հակամարտությունը գնալով ավելի թունավոր թեմա է դառնում ամերիկացի քաղաքական գործիչների համար, հատկապես՝ 2026 թվականի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին:

Սենատը երկու անգամ մերժել է ռազմական լիազորությունների մասին բանաձևերը, որոնք կսահմանափակեին Թրամփի՝ հետագա էսկալացիայի իրավունքը. առաջին անգամ՝ 53-47 ձայների հարաբերակցությամբ, երկրորդ անգամ՝ ընթացակարգային քվեարկության ժամանակ:

2026 թվականի սեպտեմբերին յոթ հանրապետականներ՝ ներառյալ Այովայի տատանվող շրջանների ներկայացուցիչները, քվեարկեցին պատերազմը դադարեցնելու բանաձևի օգտին, ինչը նախագահի ռազմական լիազորություններն օրինականորեն սահմանափակելու երրորդ փորձն էր: Հասարակական կարծիքի հարցումներն արձանագրում են աճող դժգոհություն։ Ամերիկացիների 59%-ը կարծում է, որ Իրանի դեմ ռազմական հարվածները «շատ հեռուն են գնացել», իսկ 45%-ը «չափազանց» կամ «շատ» մտահոգված է առաջիկա ամիսներին բենզինի գների աճով, ասվում է AP-NORC-ի ուսումնասիրության մեջ:

Վարչակազմի համար, որը խաղադրույք է կատարում «մատչելիության» վրա՝ որպես հիմնական տնտեսական թեզ, դա ստեղծում է վտանգավոր քաղաքական պարադոքս. պատերազմը, որը նախատեսված էր՝ որպես ուժի ցուցադրում, վերածվում է ընտրական խոցելիության գործոնի: 

Տնտեսական հետևանքներ. նավթային ցնցում և լճացման սպառնալիք

Հակամարտության տնտեսական հետևանքները շատ ավելին են, քան միայն ռազմական ծախսերը: Morgan Stanley-ի գնահատմամբ՝ պատերազմի հետևանքով առաջացած նավթային ցնցումն «ազդում է գնաճի, տոկոսադրույքների և ռիսկային ակտիվների վրա», և միջանկյալ ընտրությունների արդյունքը կարող է կախված լինել այն բանից, թե որքան երկար կպահպանվեն նավթի բարձր գները: Fitch Ratings-ն իր «անբարենպաստ սցենարում» նավթի միջին գինը 2026 թվականի երկրորդ եռամսյակում կանխատեսում էր մեկ բարելի դիմաց 128 դոլար, իսկ տարվա արդյունքներով՝ 100 դոլար:

2026 թվականի ապրիլին՝ պատերազմի սկսվելուց ութ շաբաթ անց, ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գները գերազանցել էին 4 դոլարը մեկ գալոնի դիմաց, իսկ գնաճը հասել էր գրեթե երկու տարվա առավելագույն ցուցանիշին։

Goldman Sachs-ը նվազեցրել է ամերիկյան տնտեսության աճի կանխատեսումը 0,2 տոկոսային կետով, իսկ Ուորթոնի բիզնես դպրոցի պրոֆեսոր Մուհամեդ էլ Էրիանը ռեցեսիայի հավանականությունը գնահատել է 35 տոկոս՝ հակամարտության սկսվելուց առաջ եղած 25 տոկոսի դիմաց: Որոշ վերլուծաբաններ զուգահեռներ են անցկացնում 1970-ականների նավթային ճգնաժամի հետ՝ նախազգուշացնելով ստագֆլյացիոն (լճացման) մղձավանջի ռիսկի մասին: 

Դիվանագիտական փակուղի

Չնայած 2026 թվականի ապրիլի 8-ին ձեռք բերված պաշտոնական հրադադարին՝ բանակցային գործընթացը մտել է փակուղի։  

Իրանական 14-կետանոց ծրագիրը նախատեսում է հակամարտության անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, հարձակման չդիմելու երաշխիքներ և պատժամիջոցների վերացում: Վաշինգտոնն իր հերթին՝ պնդում է՝ իրանական միջուկային ծրագիրը ներառվի օրակարգում, ինչը Թեհրանը կտրականապես մերժում է:

Միջնորդի դեր ստանձնած Պակիստանի ջանքերը դեռ չեն հանգեցրել բեկման. ապրիլի 11-12-ին Իսլամաբադում բանակցությունների միակ փուլն ավարտվել է առանց համաձայնության:

Հատկանշական է, որ նույնիսկ պաշտոնական հրադադարի ժամանակաշրջանում երկու կողմերն էլ շարունակում են հարվածներ հասցնել. Իրանը՝ Հորդանանում ամերիկյան բազաներին, ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան՝ իրաքյան պրոքսի ուժերին։ Սա վկայում է այն մասին, որ հրադադարը գոյություն ունի միայն թղթի վրա, իսկ հակամարտության իրական դինամիկան որոշվում է էսկալացիայի, այլ ոչ թե դիվանագիտության տրամաբանությամբ։ 

Ռազմավարական փակուղի

2026 թվականի ամերիկա-իրանական հակամարտությունը (կազմակերպված Իսրայելի կողմից, որն ԱՄՆ-ին ներքաշեց պատերազմի մեջ, իսկ ինքը մի կողմ քաշվեց) ցույց է տալիս էսկալացիայի դասական ծուղակը. յուրաքանչյուր կողմ ներքաշվում է մի պատերազմի մեջ, որում չի կարող հաղթել, բայց և չի կարող պարտվել՝ առանց իր ներքին իրավիճակի համար աղետալի հետևանքների։

ԱՄՆ-ը, ծախսելով 43,6 միլիարդ դոլար և կորցնելով առնվազն 22 զինծառայող, չի հասել հայտարարված նպատակներից և ոչ մեկին՝ ոչ Թեհրանում վարչակարգի փոփոխությանը, ոչ իրանական հրթիռային ծրագրի ոչնչացմանը, և ոչ էլ տարածաշրջանի կայունացմանը:

Իրանը, ցուցադրելով 4000 կմ հեռավորության վրա հարվածներ հասցնելու ունակությունը, ցույց տվեց, որ իր ռազմական ներուժը թերագնահատված է, բայց միևնույն ժամանակ նրա տնտեսությունը գտնվում է կոլապսին մոտ վիճակում, իսկ պրոքսի ուժերը ծանր կորուստներ են կրում:

Իրավիճակի առավել մտահոգիչ կողմը Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների ներգրավումն է իրանամետ ուժերի դեմ ուղղակի ռազմական գործողություններում:

Սա ռազմական հակամարտությունը վերածում է բազմաբևեռ տարածաշրջանային պատերազմի, որտեղ ռազմաճակատի գծերը լղոզվում են, իսկ դիվանագիտական կարգավորման հնարավորություններն օրեցօր կրճատվում են: Փորձագետները նշում են․ «պրոքսի պատերազմի կափարիչը պոկվել է», և այժմ կողմերից ոչ մեկն ամբողջությամբ չի վերահսկում էսկալացիան:

Հարցը, թե արդյոք Վաշինգտոնին և Թեհրանին կհաջողվի՞ դուրս գալ այդ ծուղակից, որի մեջ նրանց ներքաշել է Իսրայելը, մինչև այն կլանի ամբողջ տարածաշրջանը, մնում է բաց: Դրա պատասխանից է կախված ոչ միայն Մերձավոր Արևելքի ճակատագիրը, այլև էներգետիկ շուկաների և համաշխարհային տնտեսության գլոբալ կայունությունը։

«ԿՈՎԿԱՍ» ԿԵՆՏՐՈՆ

kavkazcenter.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Ani Kharatian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/24/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a8%d5%9d-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bc%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%a1%d5%af%d5%b8/