Հայաստանը պետք է զինվի պաշտպանվելու համար. մեր բանակը Պաշտպանության նախարարու

Սեպտեմբեր 24, 2026

«Օգոստոսի 8-ից սկսած ընդհանրապես որևէ վտանգ չեմ տեսնում, չեմ ուզում կապել ռազմաբազայի գործոնը Թուրքիայի հետ»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների մոտ ապագայում խոստացված կարգավորումն արդյո՞ք ինքնաբերաբար չի նշանակում ռուսական ռազմաբազայի դուրսբերում։

Սիմոնյանը նաև պնդեց` չգիտի՝ արդյոք եթե դա (սահմանի բացում, հարաբերությունների կարգավորում) տեղի չունենար, ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ անվտանգության համար անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։

«Կա կարծիք, թե ընդհակառակը՝ դա վտանգ էր, մենք տենց գործիչներ էլ ունենք։ Ես չեմ կարծում, որ մեկը մյուսի հետ պետք է կապել»,-  պնդեց նա։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանի խոսքով՝ առհասարակ հայ-թուրքական հարաբերություններում վերջին 35 տարիների ընթացքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել։

Կարդացեք նաև

  • Այն, ինչ այսօր անում են նիկոլփաշինյանները, քրեորեն պատժելի գործողություն է․ բոլոր տեսակի սրիկայությունները միշտ արվում են ժողովրդի անունից․ իրավապաշտպան
  • «Ադրբեջանի ողջ գազն առաջիկա 15 տարիների համար վաճառված է եվրոպական երկրներին. ՀՀ-ն կախված է Ադրբեջանի ուժային ճնշումներից». Արա Մարջանյան
  • ՀՀ-ն Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի. իրագործվում է միջին միջանցքի գաղափարը. Ալեն Սիմոնյան

«Սկզբնական շրջանում՝ ՀՀ առաջին նախագահի օրոք, մերձեցման միտումներ են նկատվել, Երկրորդ և Երրորդ նախագահների օրոք այդպես չի եղել, քանի որ Հայաստանում կար քաղաքական ուժ, որը դեմ էր այդ հարաբերությունների սերտացմանը, քանի դեռ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։

Իսկ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ի սկզբանե պայմանավորում էր միայն Արցախի հարցի լուծման հետ»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Նուբար Չալըմյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիայից Հայաստանին վտանգներ չեն սպառնում։

Միջազգայնագետը հիշեցրեց՝ 2023 թվականից հետո, երբ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Թուրքիան արդեն եկել է այն եզրակացության, որ Հայաստանի համար այլևս Արցախի հարց գոյություն չունի։ Այս ամենը Թուրքիան փաստում է այն հայտարարություններով, որոնցով հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը, որ Արցախի հարցը փակված է, և այլն։

«Սա կարևոր հանգամանք է Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների առաջիկա զարգացման համար։

Իհարկե, 35 տարիների ընթացքում և մինչև այս պահն էլ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանի հետ ՀՀ-ի ունեցած հարաբերություններով։ Նախորդ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնության եկան և գրավոր հայտարարություն ստորագրեցին երկու երկրների ղեկավարները, անշուշտ պատերազմի վտանգը չեզոքացավ՝ Թուրքիան հենց սրան էր սպասում։

Այսօր Թուրքիան մանրադիտակով նայում է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, և գտնում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել»,- հավելեց Նուբար Չալըմյանը։

Նրա դիտարկմամբ՝ այսօր բոլորն էլ գիտեն, որ Թուրքիան համարվում է Ադրբեջանի մեծ հայրը և զորավիգ է նրա բոլոր գործողություններին։

Նա հիշեցրեց արևելյան հայտնի ասացվածքը՝ «Շանը սիրիր, բայց ճիպոտը ձեռքիդ պահիր», և նկատեց՝ թեկուզ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորում են, բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է ձեռքները ծալած նստի։ Հայաստանը մեծ ֆինանսներ պետք է ներդնի զինվելու համար։

«Նկատի ունեմ՝ պետք է զինվի պաշտպանվելու համար, մեր բանակը Պաշտպանության նախարարություն է կոչվում, այլ ոչ թե մի քանի երկրների նման՝ ռազմական նախարարություն»,- նշեց նա։

Հարցին՝ եթե Ադրբեջանն ագրեսիայի դիմի ՀՀ-ի նկատմամբ, այդ ժամանակ Թուրքիայից որևէ սպառնալիք չի՞ լինելու ուղղված Հայաստանին, Նուբար Չալըմյանը պատասխանեց՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները եղբայրական հարաբերություններ են, հետևաբար՝ Թուրքիան, ուզի թե ոչ, կանգնելու է Ադրբեջանի կողքին։

«Նրանց դաշնակցային հարաբերություններն ակնհայտ են։ Ադրբեջանը կարծես թե ավարտել է ՀՀ-ին ներկայացված պահանջները։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին շատ լավ գիտի, որ Հայաստանը որևէ նկրտում չունի Ադրբեջանի նկատմամբ։ Նաև պրոպագանդիստական աշխատանքներն է դադարեցրել Թուրքիայի նկատմամբ, այսքանից հետո ինչո՞ւ պետք է Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, նաև քանի դեռ ԱՄՆ-ի կնքահայրությամբ ամեն ինչ արվելու է, որպեսզի նման կոնֆլիկտներ չլինեն տարածաշրջանում։ Սակայն սա մեզ չպետք է հանգստացնի, թեկուզ այդ խաղաղությունը հարցի մի կողմն է, հարցի մյուս կողմն այն է, որ մենք անընդհատ պետք է զինվենք, որպեզի ցանկացած անակնկալի դեպքում կարողանանք դիմագրավել»,- ընդգծեց Նուբար Չալըմյանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Jagharian Tania. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/24/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0/