X
    Categories: News

ՆԱՏՕ-ի լոգիստիկ հնարավորությունները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական օրակարգում․ ի՞ն

Նոյեմբեր 24, 2026

Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գլխավոր լոգիստիկ վարչությունում հանդիպում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի աջակցության և մատակարարման գործակալության (NSPA) պատվիրակության հետ։

Կողմերը քննարկել են Գործողությունների լոգիստիկ աջակցության գործընկերության (OLSP) աշխատանքը և ռազմական լոգիստիկայի ոլորտում Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարները։

Այս համատեքստում քննարկվել են նաև ՆԱՏՕ-ի երկրների համար անվտանգության նոր միջավայրի ձևավորումը, OLSP-ի գործունեության ուղղությունները, ինչպես նաև ազգային, բազմակողմ և դաշինքի ընդհանուր լոգիստիկ ռեսուրսների համատեղ օգտագործման մեխանիզմները։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են զեկույցներ անվտանգության արդի պայմաններում ՆԱՏՕ-ի պաշտպանունակության ամրապնդման, ռազմական շարժունակության ապահովման, մատակարարման շղթաների կայունության բարձրացման և դաշինքի հավաքական լոգիստիկ ապահովման վերաբերյալ։

Կարդացեք նաև

  • Փաշինյանն իրեն սպառել է, թե չէ Ալենն էդքան դուխ չուներ՝ ասեր՝ կարող եմ նաև վարչապետ աշխատել… 5 րոպե հետո գիտե՞ք՝ ինչ կլիներ. Նինա Կարապետյանց
  • Երբ Հայաստանը կարողացավ համադրել երկու աշխարհաքաղաքական ուղղությունները․ 2017-ի նոյեմբերի 24-ի դասը
  • Թոֆիկ Զուլֆուղարովը հեղինակային իրավունք է պահանջում Նիկոլ Փաշինյանից

ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության պաշտոնական կայքում ներկայացված OLSP-ի գործառույթներն ու ծառայությունների շրջանակը ցույց են տալիս, որ այն պարզապես խորհրդակցական հարթակ չէ:

Հանդիպման քննարկումների օրակարգը ևս շատ ավելի լայն ռազմական նշանակություն ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից՝ զուտ տեխնիկական բնույթի լոգիստիկ հարցերի քննարկումից։

Ռազմական լոգիստիկան զինված ուժերի մարտունակության ապահովման առանցքային բաղադրիչներից է՝ ներառելով ոչ միայն սպառազինության, զինամթերքի ու վառելիքի մատակարարումը, այլև անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղափոխումը, զորքերի տեղակայումը, ենթակառուցվածքների ապահովումն ու ռազմական գործողությունների շարունակական սպասարկումը։

Հետևաբար, Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի լոգիստիկ աջակցության մեխանիզմների նկատմամբ հետաքրքրությունը դիտարկման արժանի է հատկապես տարածաշրջանային անվտանգության և Բաքվի ռազմական կարողությունների զարգացման համատեքստում։

Սեպտեմբերի 22-ին Բաքվում տեղի ունեցած «Նոր մարտահրավերներ անվտանգության համաշխարհային ճարտարապետության մեջ. համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձևավորում ահաբեկչության դեմ պայքարում» խորագրով անվտանգային 4-րդ ֆորումին ուղղված իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, նշել էր.

«Ժամանակակից մարտահրավերների մասշտաբներն ու գնալով բարդացող բնույթը պահանջում են առավել սերտ համագործակցություն, ինչպես նաև ճկուն ու համակարգված մոտեցումների կիրառում: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ անվտանգության հայեցակարգն այլևս չի սահմանափակվում առանձին պետությունների սահմաններով: Մեկ տարածաշրջանում առաջացած ճգնաժամը կամ լարվածության օջախը կարող է արագորեն ազդել մյուսների վրա՝ խաթարելով քաղաքական ու տնտեսական կայունությունը, վտանգելով էներգետիկ ու պարենային անվտանգությունը և լուրջ խափանումներ առաջացնելով տրանսպորտային ու հաղորդակցության ցանցերում»:

Փաստորեն, Ադրբեջանի նախագահն անվտանգության ժամանակակից մարտահրավերների համատեքստում առանձնացնում է նաև էներգետիկ և պարենային անվտանգության, տրանսպորտային ու հաղորդակցային ցանցերի անխափան գործունեության խնդիրները:

ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանը OLSP-ի անդամ չէ։ Այդ գործընկերության անդամների թվում են, սակայն, Թուրքիան և Մեծ Բրիտանիան՝ երկրներ, որոնց հետ Բաքուն ունի ռազմավարական հարաբերություններ:

Օրերս հրապարակել ենք «Լոնդոնի շահերն Ադրբեջանում՝ պաշտպանություն, էներգետիկա, Նախիջևան և TRIPP․ ի՞նչ է փոխում դուբլինյան հռչակագիրը Հարավային Կովկասում» վերտառությամբ հոդված:

Բաքվի հետ ռազմավարական և ռազմական համագործակցություն ունեցող այլ երկրներ ևս անդամակցում են ՆԱՏՕ-ի Գործողությունների լոգիստիկ աջակցության գործընկերությանը (OLSP-Operational Logistics Support Partnership):

Ինչո՞ւ է Բաքուն հետաքրքրված ռազմական լոգիստիկայի ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ և OLSP-ին հնարավոր անդամակցությամբ: Վերջինը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանին՝

■ Կատարելագործել վառելիքի, սննդի, բժշկական ապահովման, տեխնիկայի սպասարկման և այլ անհրաժեշտ լոգիստիկ ծառայությունների կազմակերպումը,

■ Օգտվել երկաթուղային, օդային և բազմամոդալ փոխադրումների հնարավորություններից, որոնք կարող են հեշտացնել անձնակազմի, ռազմական տեխնիկայի և այլ բեռների տեղափոխումը,

■ Ավելի արդյունավետ լոգիստիկ համակարգի միջոցով երկար ժամանակ պահպանել զորքերի մարտունակությունը և ապահովել ավելի մեծ ստորաբաժանումների տեղաշարժն ու գործողությունները,

■ ընդհանուր լոգիստիկ ընթացակարգերի և պլանավորման մեխանիզմների կիրառմամբ բարձրացնել ադրբեջանական զինված ուժերի փոխգործունակությունը գործընկեր երկրների ուժերի հետ,

■ Host Nation Support-ի մեխանիզմների միջոցով զարգացնել սեփական տարածքում օտարերկրյա ստորաբաժանումների տեղակայման, տարանցման կամ զորավարժությունների լոգիստիկ ապահովման կարողությունները։

Այս համատեքստում, բնականաբար, չպետք է անտեսել նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր ռազմական-լոգիստիկ նշանակությունը։ Եթե Ադրբեջանը ձգտում է իր տարածքով և իր համար կարևոր ուղղություններով անցնող տրանսպորտային ուղիները դիտարկել ոչ միայն որպես տնտեսական ու առևտրային հաղորդակցություններ, այլև որպես ռազմական լոգիստիկայի հնարավոր բաղադրիչներ, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք TRIPP-ի համատեքստում չպետք է դիտարկել նաև ռազմական լոգիստիկայի ոլորտում Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ջանքերը:

Այսինքն, Հայաստանի համար այստեղ կարևոր հարց է՝ արդյո՞ք տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը զուգահեռ՝ մեծանալու են նաև դրանց ռազմական-լոգիստիկ նպատակներով օգտագործման հնարավորությունները, և ինչպիսի վերահսկողության ու անվտանգության մեխանիզմներ են գործելու այդ գործընթացում:

«TRIPP-ը և ռազմական բեռների տարանցումը․ ի՞նչ այլընտրանք ունի Ադրբեջանը, արդյո՞ք սահմանափակումների ազդեցությունը հավասարազոր է» վերնագրով հոդվածում անդրադարձել ենք ԹՐԻՓՓ-ով ռազմական բեռներ տեղափոխել-չտեղափոխելու հնարավորությանը:

—

David Nargizian:
Related Post