Նոյեմբեր 24, 2026
2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված 82-ամյա Էլեոնորա Մելիքյանն արդեն 3 տարի է՝ քնում է Արցախում, արթնանում՝ Հայաստանում։ Ամեն օր մտքերով հասնում է Ստեփանակերտ՝ ադրբեջանցիների կողմից քանդած իր գեղեցիկ տան ավերակների մոտ, մեկ առ մեկ հիշում, թե ինչպես քարը քարին դնելով՝ տուն սարքեց, 30 տարի աշխատեց դեղագործ, իսկ հետո բացեց սեփական դեղատունը հենց Ստեփանկերտում։ Ասում է՝ առօրյա դաժան իրականությունը չլինի, մտքերով կմնա Ստեփանակերտում ու ամբողջ օրը կքայլի Արթուր Մկրտչյան փողոցով, որտեղ տուն էր սարքել, բայց հիմա միայն մտքում տան պատկերն է։
Տիկին Էլեոնորան այսօր որդու հետ մնացել է փողոցում, հիմնական բնակվելու վայր չունի, ասում է՝ օրեր շարունակ փողոցներում «սկամեյկի» վրա է քնել։ Միայն վերջերս է մի հովանավոր հայտնվել, մեկ ամսով տուն է վարձակալել Նորք Մարաշում, բայց վարձակալության ժամկետը լրանում է, և երբ այդ բնակարանից դուրս գա, գնալու որևէ տեղ չունի։ Արցախյան 3 պատերազմի մասնակից որդին Արցախի կորուստը, Արցախից բռնի տեղահանվելու փաստը շատ ծանր է տարել, ինչի հետևանքով ձեռք է բերել հիվանդություն և մինչև այժմ բուժվում է։
«Որդիս աշխատել չի կարողանում այս պահին, առողջական խնդիրներ ունի։ Չնայած իմ տարիքին, ինքս իմ մասնագիտությամբ դեռ կկարողանամ աշխատել, բայց չգիտեմ՝ որտեղ եմ ապրելու, որ այդ տարածքում մի բան գտնեմ, աշխատեմ։ Հավատացեք՝ «խելքս գլխիս» է, ամեն աշխատանք անելուն էլ ի վիճակի եմ, հիմա մի սենյակ եմ փնտրում, որ որդուս հետ ապրեմ։
Սոցապ նախարարությանը դիմել ենք, նայում են, որ մի տեղ ազատ լինի, մեզ ուղարկեն ապրելու, բայց նման տեղ չկա, իմ հասկանալով՝ ուզում են մեզ օգնել, բայց չի ստացվում։
Մենք դեռ բնակարանի սերտիֆիկատը չենք էլ ստացել, այս հասակիս հազար անգամ գնացել եմ «օվիր», որ քաղաքացիության հարց լուծենք, զուգահեռ՝ այդ սերտիֆիկատի հարցը, ամեն մի կետի համար գնում ու գալիս եմ»,- 168.am-ին պատմեց Էլեոնորա Մելիքյանը։
82-ամյա կինը Ստեփանակերտում լավ ապրել է, որևէ բանի կարիք չի ունեցել, հիմա, երբ որևէ բան չունի, ասում է՝ ամաչում է դրա մասին բարձրաձայնել, առավել ևս՝ հայտնվել համացանցում, քանի որ Արցախում երբեք որևէ մեկից որևէ բան չի խնդրել՝ աշխատել ու ապրել է, որդին էլ է աշխատել։
«Ստեփանակերտից դուրս եմ եկել ամենավերջին օրը, ես և որդիս միայն մեր շորերն ենք վերցրել։ Հայաստան գալուց որոշակի փող ունեի մոտս, դրանով կաթսա ու առաջին անհրաժեշտության իրեր եմ գնել։ Եթե տուն լինի՝ տեղափոխվենք, առաջին անհրաժեշտության ապրանքներն ունեմ, միայն կահույք չունեմ, դե, կահույքն էլ ինչպե՞ս առնեմ, որովհետև չգիտեմ՝ այսօր այս տանն եմ, վա՞ղը որտեղ եմ լինելու։
Ստեփանակերտից որդուս ընկերոջ մեքենայով ենք դուրս եկել՝ վերջիններն ենք եղել, որ դուրս ենք եկել, հասել ենք Հայաստան, այդ մեքենան փչացել է։ Մնալու տեղ չենք ունեցել՝ ես տղայիս մի ընկերոջ տանն եմ ժամանակավոր ապրել, տղաս՝ իր մեկ այլ ընկերոջ տանը։ Որոշ ժամանակ հետո, որ արդեն թոշակ ստացա, որդիս աշխատեց, բնակարան վարձակալեցինք, տեղափոխվեցինք, բայց հիմա միայն ես եմ թոշակ ստանում, չի բավականացնում վարձով բնակարանի համար։ Տղաս Արցախում ոստիկանությունում է աշխատել, հետո՝ բանակում։
Երբ դեռ որդուս մոտ առողջական խնդիրներն ի հայտ չէին եկել, Երևանում աշխատում էր, «ախրաննիկ» էր ինչ-որ շենքում, 100 հազար էր ստանում, բայց մի քանի ամիս հետո արդեն առողջական խնդիրներ ունեցավ, այդ աշխատանքից էլ զրկվեց։ Որդիս 3 բարձրագույն կրթություն ունի, բայց հիմա ի վիճակի չէ ոչ մի աշխատանք կատարելու»,- ասաց մեր զրուցակիցը։
Էլեոնորա Մելիքյանը ծնվել է Ստեփանակերտում, այնտեղ էլ ստացել է կրթությունը, ասում է՝ առաջին անգամ է, որ այսքան երկար ժամանակով «բացակայում» է իր քաղաքից, քանի որ նույնիսկ 90-ականների պատերազմի ժամանակ դուրս չի եկել Արցախից, ճիշտ է, երկար ամիսներ անցկացրել է տարբեր նկուղներում, բայց դուրս չի եկել։
«Թուրքը Ստեփանակերտում իմ տունը քանդել է, հավասարեցրել է հողին։ Արթուր Մկրտչյան փողոցում երկհարկանի 7 շենք կար, բոլորն էլ քանդել է։ Տեսանյութով եմ նայել, թե ինչպես են քանդում տունը, դեղատունը, խանութը, բայց եթե հիմա հնարավոր լինի Արցախ վերադառնալ, ես հաստատ ապրելու տեղ կգտնեմ, Արցախում մնալու շատ տեղեր ունեմ։ Ամեն գիշեր քնում եմ Արցախում, բայց արթնանում եմ Հայաստանում, ասում եմ՝ իմ գիշերներն Արցախում են անցնում, ցերեկները՝ Հայաստանում։ Այս պահին մեր վերադարձն Արցախ չեմ պատկերացնում։
Շատ բաներ ունեմ իմ հիշողությունում պահած՝ Արցախի հետ կապված…
Միակ մտահոգությունս տուն ունենալն է, որ ապրենք, որդիս էլ կարողանա իր բուժումը ստանա»,- ընդգծեց Էլեոնորա Մելիքյանը։
—