Նոյեմբեր 19, 2026
«Նոր ծրագիրը մեծ հաճույքով կիրականացնենք, եթե սանկցիոն վտանգ չլինի սանկցիաների շրջանակում: Մենք հիմա դիտարկում ու քննարկում ենք դա: Նավթազտարանի տեխնոլոգիան մենք հիմա չունենք, պետք է գնանք, որևէ տեղից բերենք, և դրա հետ կապված՝ նախորդիվ քննարկումներ են եղել՝ 2023-2024թթ.: Մենք գնացել, ասել ենք՝ ուզում ենք ձեռք բերենք նավթազտարան, հոսքագիծն ենք ուզում:
Ասել են՝ ինչի՞ համար, ասել ենք՝ նավթավերամշակման գործարան ենք ուզում ունենանք մեր երկրում, ասել են՝ իսկ նավթ որտեղի՞ց եք ձեռք բերելու, ասել ենք՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից: Մեզ ասել են՝ չենք կարող վաճառել, որովհետև իրենք՝ այդ հոսքագծերը արտադրողները, սանկցիայի տակ կընկնեն էդ պարագայում»,- ի պատասխան «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հարցի, թե ինչ կարող է ասել այն մասին, որ իրանական մամուլը գրում է, թե Հայաստանում դիտարկվում է նավթավերամշակման գործարան կառուցելու ծրագիրը, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս հարցով Իրանի հետ ըմբռնում կա, բայց հարցը պետք է քննարկել ԱՄՆ-ի և Եվրամիության հետ՝ իրենք տեսնո՞ւմ են հնարավորություն, որ սանկցիոն պրոբլեմ չլինի, և եթե իրենք կասեն՝ այո՛, մեծ հաճույքով ծրագիրը կիրականացվի:
Ամեն օր ինքնիշխանության մասին լոլոներ կարդացող Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, ԱՄՆ-ից և Եվրամիությունից պետք է թույլտվություն խնդրի՝ Իրանի հետ Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել, թե՞ ոչ:
—