Նոյեմբեր 18, 2026
Նոյեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն օրերս ավարտվել է և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն:
ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան: «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ գործը քննվելու է Սյունիքի մարզում՝ Գորիսի դատարանում, դատավոր՝ Հրաչ Դաջունց:
Ինչ վերաբերում է մեղադրական եզրակացությանը, ապա Նասիմի Մուսաևին մեղսագրվել են մի շարք արարքներ:
«Նասիմի Մուսաևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, 2026 թվականի հունվարի 28-ից ժամկետային զինվորական ծառայության է անցել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի թիվ 777 զորամասում։
Ծառայության բերումով իր տիրապետության տակ ունենալով 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի՝ MM 5087 գործարանային համարով ինքնաձիգ, 7,62 մմ (7,62×39) տրամաչափի 140 հատ մարտական և 10 հատ անգնդակ փամփուշտ, ինչպես նաև մեկ սվին-դանակ՝ Ն.Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-22։00-ն ընկած ժամանակահատվածում, ծառայություն է իրականացրել Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանում տեղակայված թիվ 29 մարտական դիրքում։
Նույն ժամանակահատվածում Ն.Մուսաևը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և ապօրինի մուտք գործել ՀՀ տարածք։
Միաժամանակ Ն.Մուսաևը վերոհիշյալ հրազենը, ռազմամթերքը և սառը զենք հանդիսացող սվին-դանակը, դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը խախտելով, առանց մաքսային հսկողության Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխել է ՀՀ տարածք։
Ն.Մուսաևը, 2026 թվականի սեպտեմբերի 26-ին ապօրինի հատելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մուտք գործելով ՀՀ տարածք, չունենալով համապատասխան թույլտվություն, ՀՀ տարածքում ապօրինի պահել և կրել է իր մոտ գտնվող՝ 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի, MM 5087 գործարանային համարով ինքնաձիգը և 7,62 մմ (7,62×39) տրամաչափի ռազմամթերքը, ինչպես նաև ապօրինի կրել է սառը զենք հանդիսացող սվին-դանակը։
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո Ն.Մուսաևը հասել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, որտեղ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, անտեսելով նույն բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տան բնակիչների կամքը, ապօրինի մուտք է գործել նշված բնակարան։
Ն.Մուսաևը, նշված առանձնատանը գտնվող գույքը հափշտակելու դիտավորությամբ, սենյակներից մեկում տեղադրված մահճակալի վրայից գաղտնի հափշտակել է 12.000 ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi» բջջային հեռախոս, 5.000 ՀՀ դրամ արժողությամբ սմարթ ժամացույց և մեկ տաբատ, հյուրասենյակից՝ 9.000 ՀՀ դրամ գումար և մեկ բանկային քարտ, իսկ առանձնատան մուտքի դռան հարակից հատվածից՝ տարբեր տեսակների երկու ձախ կոշիկ՝ բնակարանի փաստացի սեփականատեր Անի Ավետիսյանին պատճառելով ընդհանուր 26.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, հիշյալ բնակարան են վերադարձել այնտեղ բնակվող անչափահասներ Ռոզի Արմենի Ավետիսյանը և Քաջիկ Արմենի Ավետիսյանը։
Ն.Մուսաևը, անչափահասներ Ռ.Ավետիսյանին և Ք.Ավետիսյանին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող վերոհիշյալ «AKM» տեսակի ինքնաձիգով սպառնացել, ստիպել է նրանց նստել հյուրասենյակի բազմոցին և հանձնել իրենց մոտ գտնվող բջջային հեռախոսները։
Այդ եղանակով ճնշելով նրանց դիմադրելու հնարավորությունը՝ Ն.Մուսաևը անչափահասներ Ռ.Ավետիսյանին ու Ք.Ավետիսյանին պարտադրել է գտնվել բնակարանի հյուրասենյակի իր մատնանշած վայրում՝ զրկելով առանձնատնից դուրս գալու, ազատ տեղաշարժվելու և գտնվելու վայրը սեփական կամքով որոշելու հնարավորությունից՝ նրանց կամքին հակառակ ապօրինաբար զրկելով ազատությունից։ Այդ ընթացքում Անի Քաջիկի Ավետիսյանը, դստեր՝ Ռոզի Ավետիսյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցությունից տեղեկանալով, որ բնակարանում զինված մարդ կա, ժամանել է նշված բնակարան։
Ն.Մուսաևը, Անի Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, այլ անձանց՝ Ռոզի և Քաջիկ Ավետիսյանների կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով և զենքի գործադրմամբ, բնակարանի ներսում վերոհիշյալ ինքնաձիգից արձակել է վեց կրակոց։
Դրանցից մեկը դիպել է Անի Ավետիսյանի ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում, ինչից հետո Անի Ավետիսյանին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ այդպիսով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են ձախ դաստակի առաջին մատի հիմնային ֆալանգից սուբտոտալ անդամահատման, 3-4-րդ մատների դիստալ ֆալանգների պատռած վերքերի՝ ոսկրերի եզրային կոտրվածքների և այրվածքի, աջ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի, ձախ բազկի շրջանի քերծվածքների, աջ դաստակի շրջանի ճանկռվածքի, ձախ նախաբազկի շրջանի արյունազեղման և ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով, որն ուղեկցվել է ազդոսկրի ստորին երրորդականի դիաֆիզալ բազմաբեկոր կոտրվածքի, մկանների և նյարդանոթային խրձի վնասման՝ առաջ բերելով ծավալուն արյունահոսություն։
Նշված արարքները կատարելուց հետո Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը դիմել է փախուստի և թաքնվել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ տանը կից անասնագոմի տարածքում, որտեղ նույն օրը՝ ժամը 16։15-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ:
Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում փակ ձևաչափով տեղի էր ունեցել քննարկում 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպի շուրջ:
Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:
Իսկ խորհրդարանական ընդդիմությունից ներկա են եղել միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները, թեև «Ուժեղ Հայաստանը» ևս պահանջում էր, որ նման հանդիպում կայանա:
Փակ քննարկումից հետո ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե հիմնվում են ադրբեջանցի զինծառայողի ցուցմունքի վրա:
Իսկ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձել է ադրբեջանցի զինծառայողին մոլորված ներկայացնել: Բացի այս, իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, պնդել են, որ կատարվածը դիվերսիա չի:
Թե ո՞ր դեպքում Նասիմի Ռահիմ օղլու Մուսաևի գործողությունները կարող են դիվերսիա համարվել, մանրամասն մեր հոդվածներից մեկում անդրադարձել ենք:
Մենք գրել ենք, որ ռազմական դիվերսիան հակառակորդի թիկունքում իրականացվող գործողություն է, որն ուղղված է հակառակորդի ռազմական ներուժին, ենթակառուցվածքներին կամ այլ կարևոր օբյեկտներին վնաս հասցնելուն։ Դիվերսիոն գործողություն կարող է իրականացնել նաև մեկ անձ. պարտադիր չէ, որ գործի կազմակերպված խումբ։ Հետևաբար, ձերբակալության ժամանակ չդիմադրելը հիմք չէ անձին դիվերսանտ չհամարելու համար։ Չդիմադրելու հանգամանքը կարող է տարբեր բացատրություններ ունենալ։
Անձը կարող էր անակնկալի գալ, հայտնվել մի իրավիճակում, երբ դիմադրելու հնարավորություն չուներ, զենք կամ զինամթերք չունենալ, դիմադրությունն անիմաստ համարել կամ սեփական որոշմամբ հանձնվել՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Հնարավոր է նաև, որ նա դիվերսիոն առաջադրանք չի ունեցել։ Սակայն սրանք միայն հնարավոր վարկածներ են, և դրանցից որևէ մեկը չի կարելի հաստատված համարել առանց փաստերի։
Մյուս կողմից՝ զենքով ՀՀ սահմանը հատելը, սահմանային արգելապատնեշները հաղթահարելը կամ Հայաստանի տարածքում հանցագործություն կատարելը դեռ ինքնին չի նշանակում, որ կատարվածը դիվերսիա է։ Դրա համար անհրաժեշտ է պարզել գործողությունների նպատակը, մտադրությունը և բնույթը։
Այսինքն՝ ադրբեջանցի զինծառայողի գործողությունները դիվերսիա՞ են, թե՞ ոչ՝ գնահատելու համար անհրաժեշտ է պատասխանել մի շարք հարցերի:
Ի՞նչ նպատակով է նա հայտնվել Հայաստանի տարածքում։ Ի՞նչ գործողություններ է կատարել և ի՞նչ մտադրություն է ունեցել։ Արդյո՞ք Հայաստանի տարածքում գտնվելու ընթացքում կատարել է դիվերսիոն-հետախուզական առաջադրանք կամ տվյալներ հավաքել։ Արդյո՞ք կապ է ունեցել այլ անձանց հետ կամ գործել է արտաքին ուղղորդմամբ։ Ի՞նչ հանգամանքներում է հայտնաբերվել և ձերբակալվել, և ինչո՞ւ չի դիմադրել։
Հիմա երբ մեղադրական եզրակացության մեջ նշվում է դիտավորությամբ անչափահասներին ազատությունից զրկելու, Անի Ավետիսյանին հրազենային վիրավորում հասցնելուց հետո նրան դիտավորյալ հարվածներ հասցնելու մասին, ընդ որում, պետք է հասկանալ՝ այդ դիտավորության մեջ կա՞ արդյոք ազգային հողի վրա կատարված արարք: Ի դեպ, ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, Ավետիսյանի բնակարանում արձակվել է 6 կրակոց: Եզրակացությունը թողնենք մասնագետներին, բայց կարծես թե գործ չունենք անմեղ մոլորյալի հետ, որի նպատակն ընդամենը թաքնվելն ու փլավ ուտելն էր:
Իսկ թե ո՞ր կառույցի վրա է հիմնականում բարդվելու այս դեպքի պատասխանատվությունը, «Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք:
—