X
    Categories: News

168: Եթե Իրանը տեսնի՝ Սյունիքը հանձնում են, կլինեն կոշտ գործողություններ. պետ

Նոյեմբեր 15, 2026

«Դասեր» հաղորդաշարի հյուրն ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական առումով կարևոր է, բայց ունի ռիսկեր, որովհետև Թուրքիայի տնտեսությունը շատ հզոր է: Պետք է նախապատրաստվել սահմանի բացմանը, նոր բացել: Բայց ես չեմ կարծում, որ մոտ ապագայում այն կբացվի: Դա կախված կլինի նրանից, թե երբ կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը: Դա մի քանի անգամ ասվել է Էրդողանի կողմից, և նա իր խոսքը չի դրժի: Քաղաքական նկատառումներից ելնելով՝ Էրդողանը մի անգամ է դրժել իր խոսքը, և Էրդողանը դա ընդունել է: Սա այդ դեպքը չէ. Էրդողանն իր դիրքորոշումը չի փոխի:
  • Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը, ի դեմս նախագահի, աշխարհին ձգտում է իր երկիրը ներկայացնել ոչ թե որպես փոքր, այլ միջին պետություն: Այս առումով կարևոր է ճշտել նրա հարաբերությունները Թուրքիայի հետ, ավելի մեծ իրավունք ստանալ իր խոսքն ունենալու: Կրտսեր եղբայրը հասունացել է որոշ չափով և ավագ եղբորը ցույց է տալիս իր բնավորությունը: Բացի դրանից, տարիներ ի վեր Ադրբեջանում այն միտքն է առաջ տարվում, որ Ալիևը միայնակ է տարել իր հաղթանակն Արցախի 44-օրյա պատերազմում: Ալիևը ձգտում է իրեն ներկայացնել որպես միանձնյա հաղթող: Նաև սա է հիջաբի հետ կապված պատմության տողատակը: Էրդողանն ինքն էլ կարծես ընդունում է, որ իր կրտսեր եղբայրը մեծացել է, այլապես չէր ազատի աշխատանքից իր խորհրդականին, նաև ինքը սկզբում գնաց Ադրբեջան: 
  • Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը, որը շատ խորն է, չի խախտվի: Թուրքիայի համար խիստ դժգոհություն է առաջացնում նաև Ադրբեջանի սերտ հարաբերություններն Իսրայելի հետ, բայց դա Ալիևի համար առիթ է ևս մեկ անգամ ցույց տալ իր ինքնուրույնությունը:

Կարդացեք նաև

  • Եթե Ալիևի պահանջը կատարվի, մեզ սպասվում են նոր պահանջներ. վաղը կարող են պահանջել մեր տարածքների անունները փոխել. Միքայել Մալխասյան
  • Գևորգ Պապոյանը որոշել է «բոչկա գլորել»
  • Փաշինյանի քաղաքականությունն անկախության պատրանք է՝ ճնշման տակ… Երևանը չպետք է անտեսի Իրանի կարմիր գծերը. Էհսան Մոհավեդիան
  • Ադրբեջանական նավթը Բաքու-Ջեյհան նավթատարով հասնում է Թուրքիա՝ Ջեյհան, և այդտեղից այդ նավթը թուրքական նավթատարներով տարվում է Իսրայել: Թուրքերը կարող էին դրան խոչընդոտել, բայց չեն անի:
  • Մեր հարևան Թուրքիան, բացի նրանից, թե պատմական առումով ինչ խնդիրներ կան, միջին պետություն է, բայց ուզում է դառնալ աշխարհի ամենահզոր պետություններից մեկը: Սա է Թուրքիայի ռազմավարական նպատակը: Նպատակներ ունի Թուրքիան նաև մեր տարածաշրջանում: Պետք է հասկանալ՝ վերջիվերջո, ի՞նչ է ուզում Թուրքիան: Բազմաթիվ հարձակումներ են եղել: 

1914թ. Թուրքիան հարձակվեց Կովկասի վրա, նպատակն էր՝ գրավել Կովկասը, իրականացնել իրենց պանթուրքիստական նպատակները: Չստացվեց, ծանր պարտություն կրեցին:

1918թ. կրկին հարձակվեց Կովկասի վրա 3 ուղղություններով՝ Երևան, Բաքու, Բաթում: Երևան չմտան, որովհետև Սարդարապատում հերոսական դիմադրություն եղավ, Բաքու մտավ, Բաթում չհասցրեցին:

1920թ. Քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության վրա: Նպատակն էր՝ Հայաստանը դարձնել վասալ պետություն, ինչը չհաջողվեց, որովհետև խորհրդային կարգեր հաստատվեցին: 1941թ. Հայրենական Մեծ պատերազմի ամենածանր ժամանակ Թուրքիան իր զորքերը կուտակել էր հայ-թուրքական սահմանի մոտ, որ հարմար պահի հարձակվի, գրավի Կովկասը: Չստացվեց: Իրավիճակը ռազմաճակատում փոխվեց: 1991թ. երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Թուրքիայի քաղաքականությունը փոխվեց: Հիմա ուզում է ոչ թե ֆիզիկապես գրավել Կովկասը, այլ այն ամբողջովին վերցնել իր ազդեցության ներքո:

1992թ. Թուրքիայի ղեկավարությունը բացահայտ սպառնաց Հայաստանին, նաև զորքեր կուտակեց հայ- թուրքական սահմանին: Հարձակումը կասեցրեց ռուսաստանցի մարշալ Շապոշնիկովը, ով ասաց՝ եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, կսկսվի 3-րդ համաշխարհային պատերազմը: Դա կանգնեցրեց Թուրքիային, որովհետև հասկացան՝ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի: Վրաստանում Թուրքիային հաջողվեց թուրքական ազդեցություն տարածել: Բաթումն այսօր կարծես թուրքական քաղաք լինի, մոտ 40.000 Վրաստանի քաղաքացիներ, ազգությամբ ոչ թուրք, ստացան թուրքական քաղաքացիություն: Երբ Ռուսաստանը վերականգնեց իր ազդեցությունը, ոտքի կանգնեց, Թուրքիայի բացարձակ էքսպանսիան Կովկասի նկատմամբ կանգ առավ: Թուրքերը զգուշացան: Ռուսաստանի և Թուրքիայի միջև 12-13 պատերազմ է եղել, որոնցում բոլորում Թուրքիան պարտվել է, բացի մեկից՝ Ղրիմի պատերազմից:

  • Ես հիշում եմ, որ 1992թ. Հայաստանում մի քանի օրվա ցորեն էր մնացել, վիճակը շատ ծանր էր: Հայաստանը դիմեց աշխարհի երկրներին, և ամերիկյան ճնշման ներքո Թուրքիան հայ-թուրքական սահմանը բացեց, այդ ցորենը մտավ Հայաստան:
  • 2020թ. 44-օրյա պատերազմն ու Հայաստանի պարտությունը փոխեցին աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: Ռուսաստանը, որ միակ գերտերություն էր տարածաշրջանում, թուլացրեց իր ազդեցությունը, իսկ Թուրքիայինը, ընդհակառակը, ուժեղացավ: Հիմա Հարավային Կովկասի ստատուս-քվոն սկսել է փոխվել: Հարավային Կովկասը ներգրավվում է համաշխարհային գործընթացների, ավելի կոնկրետ՝ Չինաստան-Եվրոպա առևտրային նախագծի մեջ, որի արժողությունը շատ մեծ է՝ մոտ 8 միլիարդ դոլար: Ցամաքային 3 ճանապարհ կա, որ Չինաստանը կարող է կապել Եվրոպայի հետ: Հյուսիսայինն անցնում է Ռուսաստանում, և հիմա չի գործում՝ հաշվի առնելով Ռուսաստանի մեկուսացումը Եվրոպայից: Հարավայինն Իրանով է, հասկանալի պատճառներով նույնպես չի գործում, մնում է Միջին միջանցքը, որն անցնում է Հայաստանով: TRIPP-ի նպատակներից մեկն այն է, որ Ամերիկան ուզում է դրա միջոցով հսկողություն ունենալ Հարավային Կովկասում:
  • Թուրքիան հսկայական քայլեր է կատարում հզոր պետություն դառնալու ճանապարհին: Զարգանում է ռազմաարդյունաբերական համալիրը: Թուրքիային անհրաժեշտ զենքերի 80%-ն արտադրվում է Թուրքիայում: Բացի դրանից, Թուրքիայում հիմա կոնկրետ պանթուրքիզմ է: Թուրքիան Թուրքական պետությունների կազմակերպության առաջատարն երկիրն է, պանթուրքիստական իր ծրագիրն այսօր այդ կազմակերպությամբ է առաջ մղում: Թուրքիան ուզում է դառնալ նաև էներգետիկ կապուղիների հանգույց: Դրա համար Թուրքիան ուզում է Հարավային Կովկասն օգտագործել՝ որպես էներգետիկ կապուղիների հաբ:
  • Թուրքիայի համար կարևոր է, որ նա կարողանա օգտվել TRIPP-ից, Մեղրիով կարողանա կապվել Ադրբեջանի հետ, իր տեղն ունենալ մեծ առևտրային էներգետիկ կապուղիներում: Թուրքիային հիմա ավելի ձեռնտու է, որ Հարավային Կովկասը լինի իր ընդհանուր քաղաքականության մի մասը: Այս առումով Հայաստանի հետ սահմանի բացումը կարևոր է իրենց համար, բայց կրկնում եմ, Էրդողանն իր խոսքից չի հրաժարվի:
  • Չեմ կարծում, որ ԱՄՆ-ը այնպիսի քաղաքականություն վարի, որը կնպաստի Թուրքիայի էքսպանսիային Հարավային Կովկասում: Կսահմանափակեն: Պետք է հասկանալ՝ ինչպես է իրականացվելու TRIPP-ը: Եթե իրական խոշոր ներդրումներ լինեն, ԱՄՆ-ը կպաշտպանի իր ներդրումները: TRIPP-ի էությունն այն է, որ ԱՄՆ-ը խոսքի իրավունք ունենա Չինաստան-Եվրոպա կապի վրա: Ի դեպ, ռուսներն էլ են ուզում TRIPP-ին մասնակցել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանից հայտարարություններ են արվել, որ առանց իրենց մասնակցության չի կարող TRIPP-ը գոյություն ունենալ:

  • Ռիսկեր կան, բայց պետք է կարողանանք այդ ռիսկերը կառավարել: Իրանի համար Հայաստանը կարևոր է, որ կարողանա դեպի Սև ծով ելք ունենալ: Իրանի համար կարևոր է, որ ամերիկյան զորքեր Հայաստանի տարածքում չտեղակայվեն, երկաթգիծը լինի Հայաստանի հսկողության տակ, Հայաստանն այդ տարածքը չհանձնի Ամերիկային ու Թուրքիային: Իրանի համար կարևոր է Եվրոպայի հետ ճանապարհ ունենալ առանց Թուրքիայի հսկողության, և Հայաստանը պաշտպանի իր ինքնիշխանությունը: Իրանի համար Սյունիքի հայկական լինելը կարմիր գիծ է: Եթե Իրանը տեսնի՝ այդ տարածքը հանձնում են, այդ ժամանակ ոչ թե կլինեն կոշտ հայտարարություններ, այլ կոշտ գործողություններ: Իրանի նախկին արտգործնախարար, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի խոսքը շատ կոշտ զգուշացում էր, որը պետք է հաշվի առնել:
  • Իրանը փակ երկիր է, կառավարման համակարգը՝ բազմաշերտ, բայց ներկայիս հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին չունի այն հեղինակությունը, ինչ նրա նահատակ հայրը: Չկա նաև Ալի Լարիջանին… ԱՄՆ-ը դիտմամբ կենդանի թողեց այն մարդկանց, ում հետ ինքը կկարողանա բանակցել:
  • Իրանը ժամանակին կորցրեց Հարավային Կովկասը, պատմականորեն Ռուսաստանը փուլ առ փուլ գրավեց: Ներկայումս Իրանը շահագրգռված է Ռուսաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ: Ռուսաստանն Իրանի հետ շատ զգուշավոր հարաբերություններ ունի: Ռուսաստանը կարող է Իրանին մեծ աջակցություն ցույց տալ, սակայն չի անում: Բայց մյուս կողմից՝ Ռուսաստանն ու Իրանը մեծ ծրագիր ունեն՝ Հյուսիս-Հարավ Միջանցքը: Երկաթգիծն անցնում է Ադրբեջանի տարածքով: Մի փոքր հատված է մնացել, որ Իրանը կառուցի իր տարածքում, բայց չի կառուցում, քանի որ, այնուամենայնիվ, զգուշանում է Ռուսաստանից: Իրանը կարողանում է կառավարելի պահել իր տնտեսությունն ու պետական համակարգը՝ չնայած անմարդկային ճնշումներին, պատժամիջոցների ահռելի քանակին: Իրանին պետք է շատ լուրջ վերաբերվել:
  • Մերձավոր Արևելքում նոր ճարտարապետություն է լինելու, որի հենակետը կլինեն նախ Իսրայելն ու Թուրքիան, որոշ չափով՝ Սաուդյան Արաբիան: Ես չեմ կարծում, որ ամերիկացիները՝ որպես այդ նոր ճարտարապետության սյուների, իրենց հույսը կդնեն Իրաքի վրա, որովհետև այնտեղ մեծ է շիայական գործոնը:
  • Առաջ՝ մինչ այս հարվածները, Իրանը շատ կարևոր դերակատարում ուներ մեզ համար, մեզ հեռու էր պահում այն բոլոր խնդիրներից, որոնք կային Մերձավոր Արևելքում ՝ նարկոթրաֆիքինգից սկսած: Հարավային Կովկասի մերձավորարևելականացումն է գնում հիմա: Տեսնենք՝ որքան առաջ կգնա:

  • Եթե Հայաստանում լինի ամերիկյան ռազմաբազա, Իրանի համար դա կլինի կարմիր գիծ. դա ակնհայտ է:
  • Սկսվել է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց, որի առանձնահատկությունները 2-ը կլինեն, և հիմնված կլինի ուժի վրա։ Նոր աշխարհակարգ ասելով՝ նկատի ունեմ այն աշխարհակարգը, որը գալիս է փոխարինելու 1945 թվականին՝ Յալթայի և Պոտսդամի համաձայնությունների հիման վրա ձևավորված աշխարհակարգին։ Նախ ՄԱԿ-ի՝ որպես միջազգային հարաբերությունները համակարգող կառույցի, դերը կթուլանա: ՄԱԿ-ին այսօր էլ բանի տեղ չեն դնում: Այն կփոխարինվի 2-3 պետությունների գերակայությամբ, և դրանք առաջին հերթին միջուկային գերտերություններ ԱՄՆ-ը ու Ռուսաստանն են, ապա՝ Չինաստանը: Այսինքն՝ կսկսվի երկու կամ երեք պետությունների՝ հզոր գերտերությունների գերակայության փուլը։ Նոր աշխարհակարգում այդ պետություններն առաջին հերթին, իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն են, որոնք միասին տիրապետում են աշխարհում գոյություն ունեցող միջուկային զենքի 83 տոկոսին։ Այդ գործընթացին որոշակիորեն մասնակցում է և կմասնակցի նաև Չինաստանը, որը ռազմական առումով, իհարկե, զիջում է այդ երկու գերտերություններին, բայց գերտերություն է տնտեսական և առևտրային բնագավառներում։

Հենց այս 3 երկրները որոշ չափով կփոխարինեն ՄԱԿ-ին: Մենք տեսնում ենք, որ այս երկրները կապ են պահում միմյանց հետ և իրենց վրա պատասխանատվություն են վերցնում աշխարհը կառավարելու առումով: Երկիր մոլորակի անվտանգությունը նրանք իրենց ձեռքում կպահեն: Մյուս առանձնահատկությունը կլինի այն, որ այս 3 գերտերությունները կփորձեն աշխարհն այնպես պահել, որ Երկիր մոլորակը չվերանա, իսկ իրենք երեքով համագործակցեն: 

  • Հայաստանը մի ռեսուրս ունի, որը դեռ չի օգտագործել և պետք է փորձի այն օգտագործել. Դա մեր քաղաքակրթական խորությունն է: Իրանը փայլուն կերպով ցույց տվեց, որ թեև աշխարհը բիրտ ուժի վրա է հիմնվել, բայց եթե դու ունես քաղաքակրթական խորություն, դու կարող ես այդ ուժին դիմակայել:
  • Մեր ինքնությունը մեր հաղթանակն է: Մենք որ նստած հայերեն ենք խոսում, դա մեր հաղթանակն է: Մենք էդ հաղթանակը տարել ենք, որովհետև ունեցել ենք հզոր ինքնություն: Արարատը ոչ միայն մեր ինքնության, այլև ողջ մարդկության սուրբ լեռն է: Ժողովրդի ընկալումներից Արարատ լեռը հնարավոր չէ հանել: Հայաստանն անգամ հեռավոր Ղազախստանում է նույնացվում Արարատի հետ: Ես դրա ականատեսն եմ եղել:
  • Մենք հիմա էքզիստենցիալ խնդիրների լուծման առաջ ենք կանգնած, չենք կարող Ցեղասպանության ճանաչման օրակարգն առաջ մղել: Պետք է ժամանակավորապես այն դնել մի կողմ, բայց չմոռանալ: Մենք պարտք ունենք մեր 1.5 միլիոն զոհերի առաջ: Անցյալի բոլոր ցեղասպանությունները պետք է դատապարտվեն, որ հետագայում կարողանանք խուսափել ցեղասպանություններից: Հիմա թուրքերն «Արևմտյան Հայաստան» եզրույթն ընկալում են՝ որպես տարածքային պահանջ: Մենք ի՞նչ է, պետք է հրաժարվե՞նք այն օգտագործելուց կամ Արարատից… Իհարկե ոչ:
  • Եկեղեցու և պետության կոնֆլիկտը լուրջ վտանգ է, որովհետև եկեղեցին ամենամեծ համահայկական կառույցն է, որը տարածված է ողջ աշխարհում: Եկեղեցին ու պետությունը պետք է գան ընդհանուր հայտարարի:

  • Արցախի կորուստը մեծագույն ողբերգություն է, որը պետք է հաղթահարել: Մենք միայնակ ենք այս աշխարհում, չունենք մեր հզոր ուժը: Մենք պետք է կաողանանք այս ծանր պայմաններում, գիշատիչներով շրջապատված, պահել մեր պետականությունը: Դրա համար պետք է լինենք շատ զգուշավոր, Հայաստանն ու Սփյուռքը պետք է լինեն բարոյապես ու հոգեպես հզոր: Իսկ դրա հիմքը մեր անցյալն է, մեր պատմությունն ու եկեղեցին:
  • Ռուսաստանն իսկապես տնտեսական առումով Հայաստանի համար ունի շատ կարևոր նշանակություն և որոշակի առումով զիջումներ է անում Հայաստանին: Տարեկան կտրվածքով դա լուրջ գումար է: Մեր կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է: Մենք Ռուսաստանին որպես հարազատ ենք միշտ ընկալել: Միլիոնավոր թելերով ենք կապված իրար հետ, և ինչ էլ լինի հայ-ռուսական միջպետական հարաբերություններում, հայ և ռուս ժողովուրդների եղբայրությունը կասկածի տակ չի դրվի: Ռուսաստանը հիմա դուրս է գալիս հետխորհրդային Ռուսաստանի կարգավիճակից: Փոխվում է Ռուսաստանի դերակատարումն աշխարհում: Եվ նա էլ մեզ ոչ թե որպես կրտսեր եղբայր է արդեն ընկալում, այլ որպես դաշնակից:
  • Եթե Ռուսաստանը թույլ չտար, 44-օրյա պատերազմը չէր սկսվի, բայց նման բան հնարավոր չէր դրանից մի քանի տարի առաջ: Պետք չէ հույս ունենալ, որ Ռուսաստանը միշտ մեզ կների, որովհետև մենք նրա կրտսեր եղբայրն ենք: Հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը դրանով է պայմանավորված:
  • Ռուսաստանի համար 102-րդ ռազմաբազան նշանակություն չունի, և երբ Պուտինն ասաց՝ ռազմաբազան կարող եք հանել, դա խաղ չէր, իրականությունն արտացոլող իրականություն էր: Բայց Հայաստանը երբեք պաշտոնապես չի հայտարարել, որ ռազմաբազան կարող են հանել Հայաստանից: 

Հիշեցնենք. 2026թ. սեպտեմբերի 2-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Հայաստանը ռուսական ռազմաբազայի ներկայությունն այլևս անհրաժեշտ չհամարի, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։ «Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ ռուսական ռազմական ներկայություն լինի, մենք կմնանք։ Իսկ եթե Հայաստանը համարի, որ այդ ենթակառուցվածքի կարիքն այլևս չունի, մենք նույնիսկ վաղը կհեռանանք»,- ասել է Պուտինը։

Սեպտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի բարձրացրել 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարցը, սակայն, եթե Ռուսաստանն ինքնուրույն որոշի այդ քայլն իրականացնել, Երևանը չի առարկի։ «Հայաստանի Հանրապետությունում ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն չունի։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի, որ դուրս է բերում ռազմաբազան, մենք չենք առարկի։ Իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք դա էլ քննարկել»,- ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 17-ին Փաշինյանը կրկին հայտարարել է, որ ռազմաբազայի դուրսբերմանը չի առարկի:

  • Ես համոզված եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները կհաղթահարեն այս անորոշ վիճակը, և Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն մնալ դաշնակից պետություններ՝ նոր մեկնաբանությամբ:
  • Մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք շատ մարտահրավերներ, բայց գտել ենք դրա լուծումները: Եվ դրա ապացույցն այն է, որ մենք հիմա նստած ենք այստեղ ու խոսում ենք հայերեն: Տեսե՛ք՝ Արշակունիների կառավարման ընթացքում պետությունն ինչ-որ պահի թուլացավ, ժողովուրդը դրան պատասխանեց քրիստոնեության ընդունմամբ, գրերի գյուտով, Ավարայրի ճակատամարտով: Մեկ այլ օրինակ՝ Հայոց ցեղասպանությունից հետո ազգը կանգնած էր ոչնչացման եզրին, և այդ պահին ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: 18-րդ դարում Օսմանյան կայսրությունում հայ ժողովուրդը գտնվում էր ուծացման եզրին. մարդիկ խոսում էին թուրքերեն: Հանճարեղ պատասխան գտնվեց դրան՝ հայատառ թուրքերենը, որ թեկուզ խոսեին թուրքերեն, բայց գոնե գրեին հայերեն տառերով: Դա իր արդյունքը տվեց:

  • Իրական Հայաստանն այն Հայաստանն է, որ եղել է հազարամյակների արդյունքում, պահպանվել է՝ անցնելով դժվար ճանապարհ:
  • Կա իշխանություն, որը քայլեր է անում, և երբ ես տեսնեմ, որ նրա քայլերը տանում են պետականության կորստի, իմ ողջ գիտելիքներով դուրս կգամ փողոց և կպայքարեմ, բայց ես հիմա չեմ տեսնում, որ ներկա փուլում նման վտանգ կա: Իրավիճակը բարդ է, կան կորուստներ ու սխալներ, բայց պետականության կորստի վտանգ ես չեմ տեսնում:

Մանրամասները՝ տեսանյութում։



https://168.am/2026/11/15/2516592.html?fbclid=IwY2xjawVnhfRleHRuA2FlbQIxMQBwZG9mAXNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR9–wYjxpr-dBR8HHwFwg5lWsqyoASR3lMexq4VqXm9j5ib4f2YyL7bfEmVzQ_aem_BJFuQ9VJWryVUVtzpoYtJw

—

Markos Nalchajian:
Related Post