Նոյեմբեր 14, 2026
Արդեն 5 ամիս է՝ հունիսից, Ռուսաստանը դադարեցրել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը, որի արդյունքում ձկնաբույծներն իրենց արտադրանքը չեն կարողանում արտահանել։ Դեռ ամիսներ առաջ մի խումբ ձկնաբույծներ բողոքի ակցիա իրականացրեցին՝ պահանջելով խնդրին լուծում տալ, քանի որ ձուկը չի վաճառվում, որի հետևանքով էլ բանկերից վերցրած վարկերը չեն կարողանում վճարել և հույս էլ չունեն, որ առաջիկայում կարող են վճարել։
Երկու ամիս առաջ Կառավարությունը որոշեց աջակցություն ցուցաբերել ձկնարտադրողներին, հայտարարելով նաև, որ ձկնամթերքը կարտահանեն այլ շուկաներ։
Ձկնաբույծների միության անդամ Արմեն Կարապետյանի խոսքով՝ այս պահին դրական տեղաշարժն այն է, որ սուբսիդավորում կա, սակայն 6 ամիս է, որևէ մեկը կերի պահպանման գումարը չի ստացել, որը խոստացել էին։
«Չգիտեմ, հուսանք՝ լավ կլինի, ասում են՝ հունվարի 1-ից սուբսիդավորում են անելու։ Ձգեցին-ձգեցին, արտահանման 2 ամսվա սուբսիդավորում տվեցին, էլի բան է, կհասկանանք՝ հետո ինչ է սպասվելու մեզ։
Եթե ժամանակավոր այս սուբիսիդիան չանեին, հիմա բոլորն իրենց արտադրությունը փակել էին, կան շատերը, որ չեն դիմանում, բայց նրանց ամեն ինչով պետք է օգնենք, ամեն դեպքում մեր տնտեսվարողներն են, որոնք հարկեր են վճարում։ Կրիզիսներ միշտ էլ լինելու են, բայց եթե ամեն կրիզիսի հետևանքով 100 արտադրություն փակվի, այդ երկրի տնտեսությունից բան չի մնա։ Տնտեսվարողն է արժեք ստեղծողը, որի արդյունքում էլ մյուսները գումարներ են ստանում»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Արմեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այնպես չէ, որ ձկնարտադրողների մեծ մասը տեղում կանգնած է, բայց այնպես էլ չէ, որ հեշտությամբ են աշխատում։ Նա հայտնեց, որ սկզբում սուբսիդավորումը քիչ է եղել, ձուկը չեն կարողացել արտահանել, դրանից հետո որոշ չափով ավելացրել են սուբսիդավորման գումարը։
«Հիմա որոշ չափով ձկնամթերքի արտահանումը մի քիչ ավելացել է։ Հիմա Հայաստանից մեր ձուկն ուղարկում ենք Ղազախստան, Ուզբեկստան, Վրաստան, Ուկրաինա, ԱՄԷ, Միացյալ Նահանգներ։ Ինդոնեզիայի ներկայացուցիչների հետ էինք երեկ հանդիպման, Կանադայի հետ ենք աշխատում, կարող է արտահանում լինի։ Փորձում ենք աշխատել այն երկրների հետո, որտեղ կկարողանանք արտահանում իրականացնել»,- շեշտեց Արմեն Կարապետյանը։
Հարցին՝ ՌԴ նախկին գործընկերների հետ մասնավոր զրույցներ ունենո՞ւմ եք, ինչպե՞ս է նրանց վերաբերմունքը ՌԴ սահմանափակումների նկատմամբ, Արմեն Կարապետյանը պատասխանեց, որ քչերի հետ է կապը պահպանում, որոնց հետ նույն գաղափարների կրողներն են, երբեմն հյուր են գնում։ Բայց հասկանալի է, որ բիզնեսը չի սիրում տեղում կանգնել։
«Բիզնեսում, եթե մի գործընկերը չի լինում, շատ արագ մեկ այլ գործընկերոջով են փոխարինում, բիզնեսը չեն կանգնեցնում։
Տարբեր երկրներից ՌԴ ձկնամթերք են ուղարկում, մենք ընդամենը 10 հազար տոննա էինք արտահանում, այդ 10 հազար տոննային փոխարինող գտնելն այդ շուկայում խաղ ու պար էր էլի։ Դրա համար հիմա մեր գործընկերները տեղում կանգնած չեն, մեզ արագ տեղափոխեցին ու առաջ գնացին։
Այլ շուկաներ ձկնամթերքի արտահանման առումով մրցակցությունը շատ մեծ է, որովհետև Եվրոպայում երկրորդ օրը Նորվեգիայից ձուկը բերում են, իսկ մենք սառեցված ենք ուղարկում։ Եվրոպա արտահանելն էլ խնդիրներ ունի, Թուրքիան տրանզիտը չէր տրամադրում, մինչև հիմա էլ չի տրամադրում, հոսքեր են, էլի։ Չգիտեմ, մենք աշխատում ենք, լավատես լինենք, որ լավ լինի»,- ընդգծեց Արմեն Կարապետյանը։
—