Նոյեմբեր 14, 2026
«Մեծամորի ԱԷԿ-ից մինչև հանքավայրեր․ Բաքուն COP17-ին փորձում է Հայաստանի դեմ օրակարգ պարտադրել» վերտառությամբ հոդվածում գրել ենք, որ COP 17-ից օրեր առաջ Ադրբեջանում բարձրացրել են Հայաստանի տարածքում հանքարդյունաբերության գործունեության հնարավոր հետևանքների և տարածաշրջանի համար բնապահպանական այլ ռիսկերի հարցը:
Խոսքը, մասնավորապես, վերաբերել է Հայաստանում՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքում և Սյունիքի մարզում հանքարդյունաբերության գործունեությանը, որ իբր հանգեցնում է ստորգետնյա և անդրսահմանային ջրերի աղտոտման, ինչն էլ լուրջ ռիսկեր է պարունակում իր մեջ: Անդրսահմանային ջրերի աղտոտման օրինակ որպես՝ նշվել է Ողջի (Օխչուչայ.- Մ.Պ.) գետը, այդտեղ առաջացած բնապահպանական խնդիրները: Այս թեման, իհարկե, նորություն չէ:
2021 թվականին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին սկսել էր սպառնալ նաև Ադրբեջանը՝ բնապահպանական աղետի մեղադրանքի քողի տակ: Այդ ժամանակ կոմբինատի շուրջ զարգացումներ էր սկսել նաև Նիկոլ Փաշինյանը:
Ինչևէ, Ադրբեջանի էկոլոգիայի նախարարությունից հայտարարել էին, թե ՀՀ սահմանում գտնվող անդրսահմանային Ողջի (Օխչուչայ.- Մ.Պ.) գետը մշտապես աղտոտվում է:
«Գետը, որը չափազանց աղտոտված է Կապանի և Քաջարանի լեռնահանքային արդյունաբերության թափոններից, բառացիորեն արդյունաբերական թափոնների կոլեկտորի դեր է խաղում»,- շեշտել էր Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Էմին Գարաբաղլըն՝ հավելելով, որ ջուրն ուղղակիորեն գետ է թափվում առանց մաքրման, իսկ աղտոտվածության մակարդակը բազմակի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը, գետի ջուրը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի։
Իսկ Ադրբեջանի մակերեսային ջրային ռեսուրսների մոտ 70%-ը ձևավորվում է հարևան երկրներում անդրսահմանային ջրերի հոսքի հաշվին:
Ողջի գետի աղտոտման խնդրին նույն ժամանակում անդրադարձել էր նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ասելով, թե գործ ունեն բնապահպանական աղետի հետ:
«ՀՀ-ում լեռնահանքային արդյունաբերության պատճառով Օխչուչայ (Ողջի,- Մ.Պ.) գետում արձանագրվել է ուժեղ քիմիական աղտոտում: Պատասխանատու ընկերությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը»,- շեշտել էր նա: Ադրբեջանն այս հարցով նույնիսկ դիմել էր միջազգային կազմակերպություններին:
Այս համատեքստում մտահոգություն է հնչեցվել նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործման կապակցությամբ:
Բաքուն այս հարցերն ակտիվ է պահելնաև COP17-ի օրերին:
«Կենսաբազմազանության հարցերով գագաթնաժողովը ստեղծվել է էկոհամակարգերի վիճակի ազնիվ գնահատման, այլ ոչ թե ընդունող պետության իմիջը «փայլեցնելու» համար։ Եթե Հայաստանը հայտարարում է միջազգային բնապահպանական երկխոսության պատրաստակամության մասին, ապա Սևանի, Արարատյան դաշտի, Ալավերդիի, Սյունիքի, Ամուլսարի և Մեծամորի խնդիրները պետք է հնչեն ամբիոններից, և ոչ թե մնան կուլիսներում»,- գրել էին ալիևյան ռեժիմի խոսափող հանդիսացող ադրբեջանական լրատվամիջոցները:
ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի ավարտից մոտ մեկ ամիս հետո Բաքվի բարձրացրած հարցերը քննարկվում են ամենաբարձր մակարդակով:
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։
Եվ երկու երկրների ղեկավարների հանդիպմանը կարևորվել է շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցությունը և անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։ Այսինքն, Բաքուն փորձում է հասնել նաև բնապահպանական խնդիրների լուծմանը՝ նախքան խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է նմանատիպ հարցեր Հայաստանին առնչվող, այդ թվում՝ Շիկահողի հետ կապված, պաշտոնական հաղորդագրության մեջ այս մասին ոչ մի հիշատակում չկա:
Անդրսահմանային գետերի մոնիթորինգն ինքնին վտանգ չէ, բայց հարց է, թե ազդեցության ինչպիսի լծակներ կարող է ստանալ Ադրբեջանն այդ համագործակցության շրջանակում։ Արդյո՞ք Հայաստանի արդյունաբերական գործունեության նկատմամբ որևէ տեսակի վերահսկողություն կարող է ունենալ, կամ՝ ազդեցություն ՀՀ ջրային ռեսուրսների օգտագործման վրա: Արդյո՞ք Հայաստանը կարող է կանխել ջրային հարցերի վերածումը քաղաքական և բանակցային լծակի, որտեղ նաև ոչ ռազմական անվտանգային բաղադրիչ կա: Եվ, ի վերջո, Երևանը կարողանալու է ապահովել փոխադարձության սկզբունքի իրականացումը:
Ի դեպ, ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած ռեսուրսներն արդեն սկսել են ասել, որ անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը կարևոր է «հարևան պետության տարածքում արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության և ջրավազանների վիճակի վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության առումով»:
Ավելին, նշվում է, որ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է բարիդրացիական հարաբերություններով, ապա պետք է սկսել նաև ջրային ռեսուրսների վիճակի համար պատասխանատվությունից, որոնցից կախված է ողջ տարածաշրջանի բնապահպանական անվտանգությունը։ Արդյո՞ք սա արդեն նախապայման չի դառնում խաղաղության օրակարգի համատեքստում:
Ի դեպ, հարկ է հիշել, որ դեռ երբ Արցախը հայկական վերահսկողության տակ էր, Բաքուն մշտապես իր օրակարգում էր պահում Սարսանգի ջրամբարի հարցը: Ընդ որում, 2018 թվականի իշխանափոխությունից հետո այդ ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր Արցախին ու Ադրբեջանին Սարսանգի ջրամբարի ռեսուրսները համատեղ օգտագործել, նպատակը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելն էր: Բայց Ադրբեջանը մերժել էր Արցախի՝ Սարսանգի ջրերի օգտագործման այլընտրանքային ծրագիրը, և շարունակում էր ջրամբարի հարցը բարձրացնել միջազգային կառույցներում: Թե ինչ եղավ հետո, ավելորդ է հիշեցնել:
Ավելին, ջրային ռեսուրսների թեման, ըստ էության, չի անտեսվել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ:
2023 թվականի հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ հաջորդ օրը վերջինը տեղեկացրել է, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի: Այն է՝ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով:
«Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո, նույնիսկ, եթե ես համաձայնեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն»,- շարունակել է Փաշինյանը:
Այսինքն, այստեղ ևս Բաքուն համաձայն չի եղել ջրամբարի համատեղ օգտագործմանը:
Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցով հեռախոսազրույց չի ունեցել Իրանի առաջնորդի հետ, համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրություն չի եղել, քանի որ խոսքն Արցախի և Իրանի սահմանին էր առնչվում։ Բայց ՀՀ ղեկավարը որոշել է Ադրբեջանին ինչ-ինչ առաջարկներ փոխանցել, անունն էլ դնել՝ քաղաքական ճկունություն: Հնարավոր է՝ հենց այս պահից էլ սկսել են հարավային ուղղությամբ մեր նահանջները: Իսկ որտե՞ղ մնաց հայկական կողմի հնարավորությունը՝ Խոդաֆերինի ջրամբարից օգտվելու, գաղտնիք չէ:
Ի դեպ, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ ևս Խոդաֆերինի ջրամբարը, ըստ էության, եղել է ադրբեջանական թիրախում, բայց նպատակներին չեն կարողացել հասնել, երբ 2016-ի փետրվարին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ջրային ռեսուրսների օգտագործման, Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասը» հիդրոհանգույցների շինարարության ու շահագործման մասին:
Փաստաթղթի համաձայն՝ Իրանը պիտի ապահովեր հիդրոհանգույցների ու հիդրոէլեկտրակայանների շինարարության ավարտը, հիդրոհանգույցներում ու հիդրոէլեկտրակայաններում ջրային ու էներգետիկ ռեսուրսների պահպանումն ու շահագործումը մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը:
Համաձայնագրում նշվում էր, որ կողմերը պետք է օգտագործեն այդ օբյեկտները հավասար իրավունքներով, քանի որ «Խոդաֆերինը» և «Գիզ Գալասըն» գտնվում են «Ադրբեջանի օկուպացված տարածքներում»:
Պատերազմից անմիջապես հետո ոչ մեկ անգամ գրել ենք, որ Ադրբեջանն՝ անգամ ՀՀ ինքնիշխան տարածքում գործողություններ իրականացնելիս, հաշվի է առնում ջրային ռեսուրսների համար պատերազմի հանգամանքը, ըստ այդմ՝ առաջխաղացումների ժամանակ տեղավորվում է հայկական ջրային պաշարների ակունքներում, որպեսզի հետագայում այդ գալիք պատերազմում հաղթող դուրս գա: Ավելի ուշ 2022 թ. սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողություններում Բաքուն ևս այս կարևոր նպատակը չի անտեսել, երբ օկուպացրել է նաև Ջերմուկի բարձունքները:
2024 թ. մարտին էլ, երբ Տավուշի գյուղերի վերադարձի պահանջն էր առաջ մղվում, ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն գրում էին, որ Հայաստանը «սեփականաշնորհել է Ղազախի շրջանի ջրային ռեսուրսները»:
Դեռ 2022-ին էինք գրել, որ ադրբեջանական կողմը մի քանի նոր ճանապարհ է պատրաստվում կառուցել դեպի Ջողազի ջրամբար կամ Բերքաբերի ուղղությամբ, ավելին՝ Բերքաբերի «բերանով»:
Այսօր ժամանակ առ ժամանակ Բաքուն իր հավակնություններն է ցուցադրում Սևանի հետ կապված, քանի որ հայկական ջրային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն ունենալուց հետո էլ ջրային պաշարների խնդիր ունի:
Ի դեպ, 2014թ. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում Սևանա լճի հետ կապված՝ ակադեմիկոսներից մեկը մտահոգություն էր հայտնել, որ Ազգային ժողովը կողմ է քվեարկել նախագծին, որով նախատեսվում է ավելացնել Սևանա լճից կատարվող ջրի բացթողումների ծավալը, նկատելով, որ բաց թողնված ջուրը գնում է Ադրբեջան: Այս դիտարկմանն այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ Սևանից մի կաթիլ ջուր անգամ Ադրբեջան չի գնում:
Կրկնում ենք՝ խնդիրն այստեղ անդրսահմանային գետերի հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը և ՀՀ շահերը չվտանգող այլընտրանքային հնարավոր առաջարկները չեն, այլ, թե որքանով ենք կարողանում կանխել Բաքվի «բնապահպանական» կամ «ջրային» հավակնությունները, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ ՀՀ անվտանգությանը և պաշտպանունակությանը:
—