X
    Categories: News

ՀԱՊԿ-ից մինչև ԵԱՏՄ․ ի՞նչ օրակարգով են Մոսկվան ու Երևանը մոտենում բանակցությու

Նոյեմբեր 12, 2026

Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու նախաձեռնությունը Մոսկվայի և Երևանի հարաբերությունների ավելի լայն գործընթացների համատեքստում տեղի ունեցող երևույթ է։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Հայաստանի՝ ավելի քան երկու տարվա անդամավճարի պարտքի պատճառով կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման նախագիծ կներկայացվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին, հնչում է հայ-ռուսական հարաբերությունների համար զգայուն ժամանակահատվածում։

Կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքի կասեցման հարցը դուրս է գալիս զուտ ֆինանսական պարտավորությունների շրջանակից և դառնում պարզապես Երևանի ու Մոսկվայի միջև կուտակված քաղաքական տարաձայնությունների հերթական դրսևորումը։

Հատկանշական է, որ այս զարգացումները նախորդում են Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում սպասվող հանդիպմանը, որի ընթացքում կողմերը պետք է անդրադառնան երկկողմ հարաբերություններին և համագործակցության առանցքային հարցերին։ Թեև հանդիպման հստակ ամսաթիվը դեռ հայտարարված չէ, դրա նախապատրաստման ֆոնին ՀԱՊԿ-ի հարցի բարձրացումը լրացուցիչ քաղաքական նշանակություն է ստանում։

Կարդացեք նաև

  • Ակտիվ երկխոսություն՝ փակ սահմանների ստվերում. հայ-թուրքական գործընթացի իրական պատկերը
  • Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի գործիքն է. Հայաստանը էլ չի լինի հայկական ազգային պետություն. Ջոն Այբների զգուշացումը
  • Իրանում զգուշացնում են. ԱՄՆ-ի և Իսրայելի հետ նոր պատերազմը կարող է փոխել ողջ Մերձավոր Արևելքի իրավիճակը

Մոսկվայի ուղերձները, սակայն, չեն սահմանափակվում ՀԱՊԿ-ով։ Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը բավական հստակ բարձրացրել էր Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի և ԵԱՏՄ-ում երկրի հետագա ներկայության համատեղելիության հարցը։

Պուտինի գնահատմամբ՝ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը կարող է հանգեցնել ԵԱՏՄ շուկայում երկրի ունեցած առավելությունների կորստին և խաթարել ձևավորված տնտեսական կապերը։ Նա նաև ընդգծել էր, որ Մոսկվային անհրաժեշտ է հստակություն Հայաստանի հետագա տնտեսական կողմնորոշման վերաբերյալ։

Փաշինյանն իր հերթին պնդել էր, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում, և որ Հայաստանը դեռևս նման պաշտոնական ծանուցում չի ներկայացրել։ Այս երկխոսությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի համար Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության հարցն արդեն ոչ միայն քաղաքական, այլև կոնկրետ տնտեսական հաշվարկների առարկա է։

Մոսկվայում սպասվող բանակցությունների տնտեսական բաղադրիչը հատկապես կարևոր է դառնում ԵԱՏՄ-ի դեկտեմբերյան գագաթնաժողովի նախաշեմին։ Հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը պատրաստել են զեկույց՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։

Փաստաթուղթը նախատեսվում է ներկայացնել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների քննարկմանը։ Զեկույցում ուսումնասիրվում են Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի և ԵԱՏՄ իրավական պարտավորությունների համատեղելիությունը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տնտեսական միության պայմանագրի կիրառման հնարավոր կասեցման հետևանքները։

Այս հանգամանքը ցույց է տալիս, որ Մոսկվայի և գործընկեր երկրների օրակարգում արդեն առկա է ոչ միայն Հայաստանի քաղաքական կողմնորոշման, այլև դրա հնարավոր տնտեսական հետևանքների հարցը։ Հետևաբար, դեկտեմբերյան գագաթնաժողովը կարող է կարևոր հանգրվան դառնալ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամների հարաբերություններում։

Այս համատեքստում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ զարգացումները թեև իրավական առումով տարբեր գործընթացներ են, սակայն քաղաքական առումով փոխկապակցված են։ Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման մասին, բայց պաշտոնապես չի սկսել կազմակերպությունից դուրս գալու գործընթացը։

Նույնը վերաբերում է ԵԱՏՄ-ին. Երևանը շարունակում է անդամակցությունը և առայժմ չի ներկայացրել դուրս գալու մասին ծանուցում, ավելին՝ հայտարարելով եվրաինտեգրացիայի ցանկության մասին, ՀՀ իշխանությունը չի ցանկանում լքել ԵԱՏՄ-ն։ Լավրովն իր հայտարարության մեջ հատուկ ընդգծել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու պաշտոնական հայտ չի ներկայացրել։

Սակայն Մոսկվայի մոտեցումներում նկատելի է մի կարևոր շեշտադրում. եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ՀԱՊԿ-ն այլևս չի համապատասխանում երկրի անվտանգության շահերին, ապա պետք է որոշում կայացնեն կազմակերպությունում իրենց հետագա կարգավիճակի վերաբերյալ։ Նման տրամաբանություն Ռուսաստանը կիրառում է նաև տնտեսական ինտեգրման հարցում՝ ընդգծելով, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցելու հնարավորությունը լուրջ խնդիրներ է առաջացնելու։

Հայաստանի համար այս իրավիճակը բազմաշերտ մարտահրավեր է։ Մի կողմից՝ Երևանը դժգոհ է ՀԱՊԿ-ի վարքագծից և դաշնակցային պարտավորություններից, մյուս կողմից՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներից մեկը։

Սեպտեմբերյան հանդիպման ժամանակ Պուտինը նշել էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակում երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար, իսկ ԵԱՏՄ շուկային բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 36 տոկոսը՝ ըստ ռուսական կողմի ներկայացրած տվյալների։ Սա նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերությունների վերանայումը չի կարող սահմանափակվել միայն անվտանգության քաղաքականությամբ։

Այն առնչվում է նաև առևտրին, էներգետիկային, տրանսպորտին, ռուսական կապիտալի ներկայությանը և աշխատաշուկային։ Հետևաբար, Հայաստանի եվրոպական ուղղությամբ առաջընթացի ցանկացած քայլ պահանջում է նաև այդ տնտեսական փոխկապակցվածության հնարավոր հետևանքների հաշվարկ։

Այսպիսով, ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի սահմանափակման նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես հայ-ռուսական հարաբերությունների վերաձևավորման ավելի լայն գործընթացի մաս, որի հաջորդ կարևոր հանգրվանները կարող են լինել Փաշինյան-Պուտին բանակցությունները և ԵԱՏՄ դեկտեմբերյան գագաթնաժողովը։ Սակայն այս զարգացումները դեռևս չեն նշանակում, որ Մոսկվան որոշել է Հայաստանի հետ հարաբերությունները տեղափոխել առճակատման կամ տնտեսական ճնշման նոր փուլ։

Դրանք ցույց են տալիս, որ Ռուսաստանը ցանկանում է հստակություն ստանալ Երևանի արտաքին քաղաքական և տնտեսական հետագա ընտրությունների վերաբերյալ, մինչդեռ Հայաստանը փորձում է պահպանել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ միաժամանակ ընդլայնելով այլընտրանքային գործընկերությունների հնարավորությունները։ Առաջիկա բանակցությունների կարևոր հարցը, ըստ էության, լինելու է այն, թե արդյո՞ք կողմերը կկարողանան  փոխըմբռնում ձեռք բերել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման ապագայի վրա, թե՞ իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում էլ ավելի կսրվի։

—

Hambardsumian Paul:
Related Post