X
    Categories: News

«Պետությունը չէր հասկանում՝ գլոբալ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է կատարվում…». Գա

Նոյեմբեր 11, 2026

2024 թվականի նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Բանակի կերպափոխման հայեցակարգը, որով «Սանձահարում/Զսպում» տրամաբանությունից անցում են կատարել հակառակորդից պաշտպանվելու տրամաբանության:

Բայց, ինչպես ավելի ուշ նկատել ենք՝ Բանակի կերպափոխման հայեցակարգի մեջ էլ է Փաշինյանը խնդիր տեսնում, կան դրվագներ, որ կարող են վտանգավոր համարվել խաղաղության օրակարգի համար: Համենայնդեպս, նման տպավորություն կարելի է ստանալ առնվազն քաղաքական հրապարակային խոսույթի մակարդակում, հաշվի առնելով, որ Փաշինյանը որոշեց՝ «մարտունակ բանակ» եզրույթը պետք է փոխարինվի «պաշտպանունակ բանակ» եզրույթով, թեև պաշտպանունակ ձևակերպումը հիմնականում կիրառվում է, երբ խոսքը պետության մասին է: Այսինքն, երկրի պաշտպանունակությունը (обороноспособность государства) համապարփակ հասկացողություն է կամ վիճակ, և ռազմական ուժը կամ բանակի մարտունակությունը դրա մի բաղադրիչն է:

Նշենք, որ 2022 թվականի փետրվարին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, թե 2021-ին պաշտպանական գերատեսչությունում հաստատվել է բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որի տրամաբանության մեջ մշակվել է պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգ՝ պատրաստ շրջանառության, սակայն այն բովանդակային առումով Պապիկյանի համար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել:

Իսկ 2024 թվականի փետրվարին էլ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ կպայմանավորեք առայժմ Հայաստանի Զինված ուժերի ռեֆորմների հայեցակարգի բացակայությունը, պատասխանել էր.

Կարդացեք նաև

  • Խոստովանում են՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ մարդկանց կալանավորելով՝ հող է նախապատրաստում. Մամիկոն Ասլանյան
  • «Եվրոպական դատարանը դիտարկում է, որ պետական հիմնարկում վրա հասած մահվան համար պետք է կրեն պատասխանատվություն պետական այրերը». Ալավերդյան
  • Առաջին ամենամեծ տագնապը 2020թ. հոկտեմբերի 1-ին էր՝ Ստեփանակերտում… Թող կողմնորոշվի՝ իր հայրենիքը Թուրքիա՞ն է, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը. Տիգրան Աբրահամյան

«2022թ. հունվարին այդ հայեցակարգը պատրաստ էր, բայց 2022թ. ձմռանը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտ դարձրին, որ այդ հայեցակարգով չենք կարող առաջ գնալ: Մենք հիմա պետք է ոչ միայն ունենանք հայեցակարգ, այլ պետք է հասկանալ նաև, թե այդ հայեցակարգի իրագործումը որքանով է իրատեսական, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ»:

Ըստ էության, խոսքը դեռ Վաղարշակ Հարությունյանի օրոք մշակված հայեցակարգի մասին է: 2021-ի փետրվարի վերջին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում այդ ժամանակվա պաշտպանության նախարարը հայտնել էր. «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն ծրագրվում են, այլ նաև անցկացվում են, ընդ որում, այս գործընթացին ամենայն անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները»:

Արդեն նշեցինք, որ երկու տարի է, ինչ հաստատված է և ուժի մեջ է Հայաստանի Հանրապետության Բանակի կերպափոխման հայեցակարգը, որի գործողության ժամկետը 2024-2035 թվականներն են: Այս ընթացքում բանակում նատօական մի շարք չափանիշներ են ներդրվել, Հայաստանը սպառազինություն է գնում առնվազն 7 երկրից, Ռուսաստանից, սակայն այս ուղղությամբ համագործակցությունը շարունակվում է:

Բայց Հայաստանը դեռ դե յուրե «Համապարփակ անվտանգության» մասին փաստաթուղթ ունենալու չավարտված գործընթացի մեջ է, որի շուրջ ՀՀ իշխանությունները վաղուց են մտածում, և, ըստ էության, կռահելի է, թե ինչ տրամաբանությամբ է այն լինելու:

Մասնավորապես, 2025 թ. սեպտեմբերին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր.

«Մենք անընդհատ ասել ենք, որ մեզ պետք է ուժեղ բանակ, բայց սա էլ է այն թեմաներից, որ պետք է հարց տանք մեզ՝ իսկ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ: Իսկ ուժեղ ումի՞ց՝ մեկ պայմանական հակառակորդի՞ց, երկու պայմանական հակառակորդի՞ց, երե՞ք, թե՞ չորս պայմանական հակառակորդից: Կամ՝ երբ ասում ենք՝ ուժեղ բանակ, դաշնակիցների հետ միասի՞ն, թե՞ առանց նրանց: Եթե առանց նրանց, այստեղ էլ են հարցեր ծագում: Իսկ ո՞րն է բանակի խնդիրը, ի՞նչ խնդիր է պետությունը դնում բանակի առջև: Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք ու խնդիր չունի, բանակի խնդիրը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է»:

Թերևս, հասկանալի է, որ համապարփակ անվտանգություն ասվածը միայն բանակին չի առնչվում, այլ ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է պետական գրեթե բոլոր ինստիտուտները:

Լրատվական ռադիոյի եթերում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանն այս թեմայի համատեքստում անկեղծացել է.

«Ինքը շատ բարձր լեվլի համակարգ է, «փակում» է պետությունը, բայց մեր նախընտրական ծրագրի մեջ այն ներառված է «Անվտանգություն և Զինված ուժեր» բլոկում և զբաղեցնում է ամենացածր կետը, բայց տրամաբանությունը հուշում է, որ այդպես չպետք է լինի: Փոքր պետությունների համար սա կարևոր հայեցակարգ է: Ինչի է սա մեր ծրագրում ցածր լեվլում, որովհետև թիմում մի մասն է, որ համապատասխան ընկալում ունի և հասկանում է»:

Վիլեն Գաբրիելյանի խոսքից կարելի է ենթադրել, որ ոչ միայն իշխող ուժում լիարժեք պատկերացում և կարևորում չկա համապարփակ անվտանգության հետ կապված, այլև գերատեսչություններում:

Այս համատեքստում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահը ևս մի դրվագ է նշել, որ Հայաստանում լրջագույն բաց ունենք քաղպաշտպանության ոլորտում։

«Եվ այստեղ խնդիր եմ տեսնում այն պահից սկսած, երբ Արտաքին իրավիճակների և Ներքին գործերի նախարարությունները միավորվեցին, և Արտաքին իրավիճակների նախարարության գործառույթը տվեցինք Փրկարար ծառայությանը։ Եվ մեր քաղպաշտպանության ոլորտի մակարդակը եղածից էլ ավելի իջավ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ իր ղեկավարած հանձնաժողովում այս հարցը քննարկման առարկա է դառնալու, պետք է լուծումներ գտնել:

Նշենք, որ ըստ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:

Ըստ այդմ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը դադարեցվել է 2023 թ. հունիսի 30-ից:

Թե որքանո՞վ է Վիլեն Գաբրիելյանն ընդդիմացել, երբ նման որոշում էր կայացնում Նիկոլ Փաշինյանը, չենք կարող ասել:

Իսկ Լրատվական ռադիոյին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարելի  է այսօր գնահատել Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահը շեշտել է.

«Հայաստանի շուրջ անվտանգային վիճակը հանդարտ է, բայց ռիսկեր կան և լինելու են միշտ: Պետությունը պիտի կարողանա այդ ռիսկերը զսպել»:

Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, երբ ՀՀ ղեկավարությունը սպառնալիքներ չի տեսնում Ադրբեջանից և Թուրքիայից, մի առիթով նույն այս լրատվամիջոցին ինքը՝ Վիլեն Գաբրիելյանը, ասել էր, որ ՀՀ զինված ուժերն այսօր հակառակորդ չունի: Ավելին, այս տարիներին մենք տեսել ենք, թե ինչպես է պատկերացնում Նիկոլ Փաշինյանը անվտանգային ռիսկերի զսպումը՝«տանք, որ պատերազմ չլինի»:

Բայց Վիլեն Գաբրիելյանի, այսպես ասենք, անկեղծությունն այսքանով չի սահմանափակվում, և նա շարունակում է.

«Պետությունը պիտի կարողանա այդ ռիսկերը զսպել, որ չլինի այն իրավիճակը, որը եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ։  Մեծ մասամբ պետությունը, ինստիտուտները չէին հասկանում, թե գլոբալ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է կատարվում և ո՞նց կարելի է դա «manage անել»։

Դեռ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանին ՀՀ զինված գլխավոր շտաբում զգուշացրել են, որ պատերազմի հավանականությունը ևս բարձր է գնահատվել, նույնիսկ նշվել է, որ հաջորդ պատերազմը լինելու է ավելի լայնածավալ, քան 2016 թվականի Ապրիլյան պատերազմը: Նույն ժամանակում նման զգուշացում է արել Բաքվում պահվող ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, որին Փաշինյանի «հրահանգով» ազատեցին ՊԲ հրամանատարի պաշտոնից:

 «Իրավիճակն արտաքինից, կարելի է ասել, որ հանգիստ է։ Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք: Հակառակորդն ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականացնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար, իհարկե, վճարում է։ Չեմ կարծում, որ այդքանն արվում է խաղաղության համար: Պատերազմ լինելու է…»:

Այդ ժամանակ Փաշինյանը մի կողմից տարված էր վերելակային դիվանագիտությամբ, մյուս կողմից՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» տրամաբանությամբ՝ օգտվելով հրադադարի ռեժիմի խախտումների դադարից: Բայց դրանից նաև Ալիևն էր օգտվում և պատերազմի «լեգիտիմ» հիմքի սպասում:

Ավելին, 2020 թ. հունիսի 8-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը ստանձնելուց հետո Օնիկ Գասպարյանը զգուշացրել է, որ Հայաստանի հակառակորդն այլևս միայն Ադրբեջանը չէ, այլև Թուրքիան է, և ներկայացրել ռազմական, ռազմաքաղաքական, քաղաքական այն քայլերը, միջոցառումների ծրագիրը, որոնք պիտի արվեն, որպեսզի պատերազմը կանխվի, կամ՝ առնվազն ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն:

Ավելին, 2020 թ. պատերազմի 4-րդ օրը գեներալը ևս զգուշացրել է, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Ինչո՞ւ այս ամենն ի գիտություն չի ընդունվել, ո՞վ պետք է պատասխան տա պատերազմ վարելու պետության անկարողության համար, ինչի մասին ակնարկում է Վիլեն Գաբրիելյանը, եթե ենթադրենք, որ դիտավորություն չի եղել այդ «ի՞նչ անելը չհասկանալը»: Մի բան հստակ է՝ Գաբրիելյանը, ով մասնակցել է 44-օրյա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, քաղաքական և ռազմական ղեկավարության հարցաքննություններին, ակնարկում է, որ պետությունն է ձախողել 44-օրյա պատերազմում՝ իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բայց պետական ինստիտուտներից միայն բանակի վրա է դրվել պարտության պատասխանատվությունը: Արդյո՞ք մի օր պատասխանատվություն կրողները կշատանան…. Հնարավոր է, բայց իշխանափոխությունից հետո:

—

Arbi Tashjian:
Related Post