Նոյեմբեր 9, 2026
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն օրերս «Գասպարտուր» ՍՊԸ-ի հետ կնքել է ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիր․ սա հերթական պայմանագիրն է ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում։
Պայմանագրից տեղեկանում ենք՝ ծառայությունները մատուցվել են հոկտեմբերի վերջին՝ 21-30-ը, գինը նշվել է 4 մլն 197,831 դրամ։
Ավիաուղիների աշխարհագրությունը, ըստ գնման տեխնիկական բնութագրի, հետևյալն է․ Տոկիո-Երևան-Տոկիո-Գուամ-Պոհնպեյն, Դար Էս Սալամ-Երևան-Դար Էս Սալամ, Մոնրովիա-Դուբայ-Երևան-Դուբայ-Մոնրովիա, Մայամի-Դոհա-Երևան-Դոհա-Մայամի-Բելիզ, ինչպես նաև չվերթեր Մասերուից, Բիսաուից և Տարավայից։
Իհարկե, այս գումարի չափը նվազագույնն է այն թվերի համեմատությամբ, որոնք մինչ այս հնչել են։
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպումը շարունակում է պետական բյուջեի համար վերածվել հսկայական ծախսերի աղբյուրի։ ՀՀ կառավարությունն օրերս որոշեց պահուստային ֆոնդից Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացնել ևս 777.1 մլն դրամ՝ համաժողովի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման նպատակով։
Նշվում է, որ COP17-ի կազմակերպման նպատակով կառավարությունն արդեն շուրջ 21.4 մլրդ դրամ է հատկացրել։
—