Նոյեմբեր 10, 2026
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին Երևանում «Restart» հիմնադրամի կազմակերպած «MaskOFF» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ թե առաջնահերթություն չէ, այլ ընդհանրապես մեր օրակարգում չկա: Պետք է ի վերջո առերեսվենք այն փաստի հետ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում երևույթն ընդամենն ուրիշների ձեռքին վճարամիջոց է ուրիշների հետ հարաբերություններում։ Եվ մենք պետք է հրաժարվենք, որովհետև մենք մեր նահատակների՝ ուրիշների համար մանրադրամ դարձնելու գործառույթը պետք է համարենք անթույլատրելի: Եվ սա կարևորագույն որոշում է»,- շարունակել է նա և բերել Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերջին փորձը, որն Ադրբեջանի պահանջով կանխվեց:
2026 թվականի հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած բանաձևի նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։
Այս որոշումը վերջնական պետք է հաստատվեր Իսրայելի Քնեսեթի կողմից, բայց հուլիսի 13-ին Քնեսեթը կասեցրել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։
Իսրայելական աղբյուրներն անմիջապես հայտնել էին, որ հայկական հարցը Քնեսեթի օրակարգից հանվել է Բաքվից ստացված զանգից հետո:
Ավելի կոնկրետ՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն արգելափակել էր քվեարկությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն Ալիևի անունից կապ է հաստատել նրա գրասենյակի հետ:
Այո, Ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական հարց է, և դրան ցանկացած երկիր գնում է՝ ըստ իր ազգային շահերի: Բայց նույնպիսի քաղաքական հարց է նաև սպառազինության մատակարարումը: Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ակնարկել է, որ Արևմուտքը կամ Եվրոպան սպասել են, որ Արցախը հայաթափվի, նոր զենք վաճառեն Հայաստանին:
Կամ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի ՊԲ-ին հաջողվել էր խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ։
Ավելի ուշ Արցախի ՊԲ-ն տեսանյութ էր հրապարակել, և կադրերից մեկում երևում էր կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա:
Եվ քանի որ այդ ժամանակ էմբարգո էր կիրառվել, Թուրքիան որոշել էր մշակել ASELFLIR-500 օպտիկական համակարգը: Բայց մոտ մեկ ամիս առաջ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին առաջին պաշտոնական այցով ժամանել էր Թուրքիա, որի ընթացքում պաշտպանական արդյունաբերության ոլորտում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Սա կոչվում է քաղաքականություն, բայց հայկական կողմը դրա ճանաչումը երբեք չի դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման, այդ Թուրքիան է ղարաբաղյան կոնֆլիկտի ադրբեջանանպաստ լուծումը որպես պայման դիտարկել:
Եվ այսօր էլ, թեև Արցախը հայաթափված է, մեծ հաշվով, հայ-թուրքական սահմանի բացումը կապակցվում է ադրբեջանական շահերին, քանի որ տարանջատումը Բաքվում բուռն են ընդունում: Իսկ Հարավային Կովկասում թուրքական դիրքերի ամրապնդման համար Ադրբեջանը պետք է Թուրքիային՝ նաև որպես Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ:
Բայց ցեղասպանությունը նաև մարդկության դեմ հանցագործություն է, և դրա միջազգային ճանաչումը պետք է նաև այս համատեքստում դիտարկել, այնպես, ինչպես ռազմական հանցագործությունները: Բայց ի՞նչ է անում Հայաստանը:
«Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 44-օրյա պատերազմի վերաբերյալ 4 միջպետական գանգատներից մեկով արդեն պետք է հրավիրած լիներ առաջին նիստը, բայց անհայտ պատճառներով այն ձգձգվում է։
2020թ.-ի պատերամից հետո հայկական կողմը 4 միջպետական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի` 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո ՀՀ սուվերեն տարածքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ և 2023թ.-ի 2-օրյա պատերազմի ու Արցախի տեղահանության վերաբերյալ։
Դրմեյանը լրատվամիջոցին հիշեցրել է, որ 1 միջպետական գանգատ Հայաստանը ներկայացրել է ընդդեմ Թուրքիայի` 44-օրյա պատերազմի ընթացքում, որից հետո հայցը լրացվել է, գանգատն ամբողջացվել, և, որ 2 գանգատ էլ ՄԻԵԴ-ում Ադրբեջանն ունի ՀՀ-ի դեմ։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավարի տեղեկացմամբ, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել են մեկական հայելային հայցեր, որոնք այս տարիների ընթացքում պարբերաբար լրացվել են նոր փաստերով։ Եվս 2 արբիտրաժային վեճ էլ ընդդեմ Հայաստանի Ադրբեջանը ներկայացրել է Հաագայի մշտական միջնորդ դատարան. մեկը` էներգետիկ ռեսուրսների և էլեկտրաէներգիայի արտադրության, մյուսը` ԼՂ-ում ու հարակից շրջաններում շրջակա միջավայրին ու կենսաբազմազանությանը, իբր, հասցրած վնասի հարցով։ Իհարկե, Հայաստանը ներկայացրել է իր հակափաստարկները, բայց Ադրբեջանը չի դադարում Հայաստանին վերը նշված հարցերով մեղադրանքներ ներկայացնել և ակնարկել փոխհատուցման մասին: Դեռ մի կողմ ենք դնում «արևմտյան Ադրբեջան» քաղաքական պրոյեկտի համատեքստում նմանօրինակ պահանջները:
Նշենք, որ վերջերս ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ:
Ամիսներ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ապրիլյան պատերազմից 10 տարի անց որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտավորեցրել է 90.000 եվրո փոխհատուցում վճարել դաժանաբար սպանված Մատաղիսի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, մայոր Հայկ Թորոյանի հարազատներին:
ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։
Նշենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած մայոր Հայկ Թորոյանի մահը վրա է հասել գլխատման հետևանքով:
Այսինքն, ՄԻԵԴ-ը հստակ արձանագրումներ է արել՝ Ապրիլյան պատերազմի միակ ռազմական հանցագործը Բաքուն է: Եվ, ինչպես նշեցինք, Ադրբեջանն այսօրինակ ռազմական հանցագործություններ է իրականացրել և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, և՛ դրանից հետո:
Ու թեև խաղաղության օրակարգից ելնելով՝ Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվել են միջազգային ատյաններից իրենց հայցերը հետ կանչել, սակայն մի առիթով գրել ենք, որ Ալիև-Փաշինյան նախաստորագրած համաձայնագիրն իր մեջ նման վտանգներ է պարունակում:
Իսկ Ալիևը սիրում է փաստաթղթերին հղում անել, այդ թվում՝ Հայաստանին և Նիկոլ Փաշինյանին տարբեր մեղադրանքներ առաջադրելու ժամանակ:
Այստեղ հարկ է հավելել, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի առիթով իր ժողովրդին հասցեագրած ուղերձում Ալիևը, մասնավորապես, շեշտել էր.
«2023 թ. սեպտեմբերին մեկօրյա «հակաահաբեկչական» գործողությունն ամբողջությամբ կաթվածահար արեց ՀՀ «օկուպացիոն» բանակի 15-հազարանոց «օկուպացիոն» կորպուսը»:
Այսինքն, Ադրբեջանի նախագահը ՊԲ-ն համարում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանում և փորձում ցույց տալ, որ այստեղ էլ է հաղթել հայկական բանակին: Եվ ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերն օգնության չեն հասնելու Արցախի պաշտպանության բանակին:
Թե ինչ էր ամրագրված այդ ժամանակ ԶՈւ կիրառման պլանում, հայտնի չէ, կարող ենք միայն ենթադրություններ անել:
Վերադառնանք ցեղասպանությունների ճանաչման պահանջին: Թուրքիայի նախագահ Էրդողանը 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի առիթով Ադրբեջան, օկուպացված Արցախ իր մեկօրյա այցի ժամանակ հարկ է համարել լինել նաև պատերազմից հետո կառուցված «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հիշատակին նվիրված հուշահամալիր-թանգարան:
Բնականաբար, Էրդողանի այցի երթուղում Խոջալուի թանգարանի ներառումը զուտ հիշատակի արարողություն չէ․ այն նաև քաղաքական և խորհրդանշական ուղերձ է՝ ուղղված ադրբեջանական հասարակությանը և արտաքին լսարանին։
Մյուս կողմից, սրանով Թուրքիան բացահայտ քաղաքական համերաշխություն է հայտնում Բաքվի պատմաքաղաքական օրակարգին, աջակցում ադրբեջանական կողմի առաջ քաշած և հորինված պատմական նարատիվի միջազգային լեգիտիմացմանը:
Իհարկե, այստեղ Անկարան ունի նաև իր անձնական հաշվարկը՝ ստեղծել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին հակակշիռ, թեև դրանից ՀՀ իշխանությունները հրաժարվել են, բայց Էրդողանի Թուրքիան կարևորում է նման հարցերում երկրի «անվան մաքրումը»: Նույնն արվել է նաև 44-օրյա պատերազմի համատեքստում. Էրդողանը զրպարտություն էր համարել պնդումները, թե Թուրքիան զենք և ջիհադիստական խմբավորումներ է ուղարկել Ադրբեջան:
Իսկ Ալիևը շարունակում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դավադրությունը» և դատավճիռը դիտարկել «նյուրնբերգյան արդարադատության» տրամաբանության մեջ: Այս մասին նա կրկնել է նաև Հաղթանակի օրվա իր ուղերձում, և տեղեկացրել, որ Ստեփանակերտում Հաղթանակի թանգարան են կառուցում:
«Թանգարանի ստեղծման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
Այն տեղակայված է նախկին գործադիր իշխանության շենքում, որը ժամանակին Ադրբեջանի դեմ ագրեսիայի և օկուպացիոն քաղաքականության օրրան էր։
Դա «սատանայի որջ» էր։ Այժմ այդ շենքում կտեղակայվի Հաղթանակի թանգարանը։
Նրանք, ովքեր ապրում էին այդ շենքում` «ռազմական հանցագործները», ստացան իրենց արժանի պատիժը։ Նրանք ցանկանում էին տանկերով գալ Բաքու, ցանկանում էին թեյ խմել Բաքվում։ Նրանք ամբարտավան հայտարարություններ էին անում, որովհետև ապաստան էին գտել ոմանց գրկում և հավատում էին, թե վերջիններս հավերժական օկուպացիայի քաղաքականություն են վարելու։ Իսկ հիմա թեյ են խմում ադրբեջանական բանտերում՝ իրենց արժանի պատիժը ստացած»,- հայտարարել է Ալիևը:
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը կառուցել է «Խոջալուի ցեղասպանության», «Գյանջայի դեպքերի» հուշահամալիրներ, 44-օրյա պատերազմին նվիրված Հաղթակամարներ, Հաղթանակի թանգարաններ Բաքվում և Ստեփանակերտում:
Այսինքն, Ալիևն բոլոր տեղերում Հայաստանի դեմ հիշողության վայրեր է կառուցում, և առնվազն այս պահի դրությամբ չի պատրաստվում հայելային քայլեր անել վերը շարադրված հարցերում, մեծ հաշվով՝ խոսույթում: Այլ հարց է՝ որքանով է սա տեսնում ՀՀ իշխանությունը:
—