X
    Categories: News

COP17-ի կազմակերպման ծախսերը շարունակում են աճել․ նախարարությունների թվերը չե

Նոյեմբեր 6, 2026

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպումը շարունակում է պետական բյուջեի համար վերածվել հսկայական ծախսերի աղբյուրի։ ՀՀ կառավարությունը նախօրեին որոշեց պահուստային ֆոնդից Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացնել ևս 777.1 մլն դրամ՝ համաժողովի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Սա COP17-ի կազմակերպման համար վերջին ամիսներին ընդունված հերթական ֆինանսական հատկացումն է։ Սակայն այս անգամ ուշագրավը ոչ միայն լրացուցիչ գումարի չափն է, այլև պետական երկու գերատեսչությունների ներկայացրած իրարամերժ տվյալները։

ՀՀ ֆինանսների նախարարությունը, հերթական անգամ առարկություններ ներկայացնելով նախագծի վերաբերյալ, նախագծին կից ամփոփաթերթում ընդգծել է, որ որևէ համադրելի տվյալ կամ աղբյուր չի ներկայացվել՝ առաջարկվող ծախսերի հիմնավորվածությունն ու համարժեքությունը գնահատելու համար։ Ֆինանսների նախարարությունը նաև նշել է, որ COP17-ի կազմակերպման նպատակով կառավարությունն արդեն շուրջ 21.4 մլրդ դրամ է հատկացրել՝ պահանջելով գնահատել մինչև տարեվերջ առաջանալիք լրացուցիչ ծախսային կարիքները։

Մինչդեռ Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է այլ թվեր։ Գերատեսչության պնդմամբ՝ նախկին որոշումներով հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 15 մլրդ 452 մլն դրամ, իսկ մինչև տարեվերջ անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը, ըստ ծառայություն մատուցող «Դոպինգ Սփեյս» ընկերության գնահատման, հասնում են 3 մլրդ դրամի։

Այսպիսով՝ նախարարությունները նույնիսկ չեն ներկայացնում COP17-ի կազմակերպման համար արդեն հատկացված գումարների միասնական հաշվարկ։ Ֆինանսների նախարարության նշած շուրջ 21.4 մլրդ դրամի և Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած 15.45 մլրդ դրամի միջև տարբերությունը շուրջ 5.95 մլրդ դրամ է։ Նման անհամապատասխանությունն ինքնին լուրջ հարցեր է առաջացնում պետական միջոցների հաշվառման, վերահսկողության և ծախսերի թափանցիկության վերաբերյալ։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախարարությունը չի կարողանում ներկայացնել համադրելի փաստեր՝ հիմնավորելու ծառայությունների արժեքը, իսկ ֆինանսավորման հիմքում դրվում են ծառայություն մատուցող ընկերության ներկայացրած հաշվարկները։ Ավելին, պայմանագրային մեխանիզմով նախատեսվում է վճարումների 90%-ն իրականացնել կանխավճարով՝ մինչև ծառայությունների ամբողջական մատուցումն ու դրանց արդյունքների հաշվետվությունը։

Եվ այս ամենի պայմաններում կառավարությունը հերթական 777.1 մլն դրամի հատկացումն ընդունել է միաձայն՝ չզեկուցվող հարցերի շարքում, առանց նիստում հարցի բովանդակային քննարկման։

Ստացվում է՝ հարկատուների միլիարդավոր դրամների տնօրինման հարցում կառավարությունը բավարարվում է գերատեսչության և ծառայություն մատուցող ընկերության ներկայացրած հաշվարկներով, մինչդեռ ֆինանսների նախարարության հիմնավոր մտահոգությունները մնում են անպատասխան։

COP17-ը կարող է լինել միջազգային նշանակության միջոցառում, սակայն դրա կազմակերպումը չի կարող վերածվել ֆինանսական հաշվետվողականությունից դուրս գործող գործընթացի։ Երբ պետական կառույցները չեն կարողանում անգամ համաձայնության գալ արդեն հատկացված գումարների չափի շուրջ, իսկ նոր հատկացումները հաստատվում են առանց պատշաճ քննարկման, հարցն այլևս միայն միջոցառման կազմակերպման արժեքը չէ։ Խոսքը պետական կառավարման որակի, հանրային միջոցների մսխման, վերահսկողության բացակայության և քաղաքական պատասխանատվության մասին է։

Չի կարելի անտեսել նաև COP17-ի կազմակերպման համար հատկացված միլիարդավոր դրամների արժանահավատության և դրանցում առկա հնարավոր կոռուպցիոն ռիսկերի շուրջ մինչ օրս չփարատված հարցերը։ Միջոցառման կազմակերպման գործընթացն ի սկզբանե ուղեկցվել է կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցադրումներով, իսկ ներկայացված ծախսերի իրական հիմնավորվածությունն ու դրանց համապատասխանությունը շուկայական արժեքներին մինչ օրս բավարար պարզաբանում չեն ստացել։

—

Markos Nalchajian:
Related Post