X
    Categories: News

Թուրքական «սպեցնազը»՝ 44-օրյա պատերազմում և Շուշիում․ ի՞նչ փաստեր կան տեղաշար

Նոյեմբեր 6, 2026

Արցախում 2020 թվականին սանձազերծված 44-օրյա պատերազմին Թուրքիայի ուղիղ մասնակցության և թուրք գեներալների՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբը փաստացի ղեկավարելու և ռազմական օպերացիաները պլանավորելու մասին բազմիցս գրել ենք:

6 տարի առաջ այս օրերին Շուշիի համար մարտեր էին մղվում, և Բաքվում նորից հիշել են ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի դերակատարման մասին՝ բերդաքաղաքը վերցնելու և առհասարակ պատերազմում հաղթանակի հասնելու հարցում:

Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շեշտելով 44-օրյա պատերազմի ժամանակ հատուկ նշանակության ջոկատների «առանձնահատուկ հերոսությունը», հայտարարել էր, որ Ադրբեջանի բանակում հատուկ նշանակության ջոկատների թիվը պետք է ավելանա, որպեսզի Ադրբեջանի «անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում ջախջախիչ հարվածներ հասցնեն թշնամու ուժերին»: Ու հենց այս տրամաբանության մեջ էր 44-օրյա պատերազմի ժամանակ Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևին Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնում նշանակելը:

2024 թվականին գրել ենք, որ այս պաշտոնը ստանձնելուց հետո Միրզոևը լուրջ ազդեցություն է գործի դնում Ադրբեջանի զինված ուժերում կադրային փոփոխությունների և նշանակումների հարցում:

Կարդացեք նաև

  • Ինչպե՞ս են պատրաստվում ծախսել քաղաքացու գրպանի փողը. իրենց՝ ամեն ինչ, ժողովրդին՝ ոչինչ
  • Ալիևը հասկանում է՝ Փաշինյանը հավերժ չէ, ամեն պահի կարող է փոխվել, ականներ է դնում. ընդդիմությանը պետք է «Կոնսենսուս +1». Հակոբ Բադալյան
  • «Քո մայր լեզուն չմոռանա՛ս»․ ՀՖՖ-ում հայերենի պահանջը վերացրին, իսկ ֆուտբոլը կրկին ստորադասվեց անձնական շահերին

Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ կարևոր հատվածներում, այդ թվում՝ Շուշին վերցնելու հարցում, կարևոր դերակատարում են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ուժերը: Եվ հենց այս հանգամանքի վրա ենք հարկ համարում տվյալ դեպքում ուշադրություն հրավիրել, բնականաբար, կոնկրետ փաստերի կամ ապացուցված դրվագների հիման վրա:

Եվ այսպես:

Պատերազմի օրերին՝ 2020 հոկտեմբերի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվում է.

«Ստացված փաստական տվյալների համաձայն, թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, ըստ պլանի, անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև ռազմական գործողությունների իրականացմանը»:

Նույն ժամանակում WarGonzo-ի հիմնադիր և ռազմական լրագրող-բլոգեր Սեմյոն Պեգովը տեղեկություն էր տարածել, որ «Թուրքիան Բաքու, այնուհետև ռազմաճակատ է տեղափոխել թուրքական Քուրդիստանից իր 1200 լեռնային հատուկ ջոկատայինի»:

«Նրանք գործում են Արցախի լեռնային տեղանքներում: Թուրքիայից եկած մասնագետները ստիպված են փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն դիմանում լեռնային զանգվածներում աշխարհազորայինների հետ ուղիղ մարտական բախմանը: Խոսքը նախևառաջ հարավային ռազմաճակատի և Ջեբրայիլ-Հադրութ ուղղության մասին է»,- մանրամասնել էր Պեգովը՝ վկայակոչելով իր ստամբուլյան աղբյուրները:

Այդ օրերին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր լրագրողներին, ինչպես փոխանցել էր aravot.am-ը, որ «2020 թ. հոկտեմբերի 4-ին Գանձակում են գտնվել Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների առնվազն երեք հարյուր զինծառայողներ, որոնք մասնակցել են Աֆրինի և Իդլիբի մարտական գործողություններին»:

Պատերազմից անմիջապես հետո Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արմեն Պապիկյանը հաստատել էր ռուս ռազմական թղթակցի՝ թուրքական 1200 հատուկջոկատայինի Ադրբեջան տեղափոխվելու վերաբերյալ տեղեկությունը:

Իսկ 2020 թվականի նոյեմբերի 16-ին WarGonzo-ի հիմնադիր Սեմյոն Պեգովը թուրքական «սպեցնազի»՝ պատերազմին մասնակցության և Շուշիի ուղղությամբ տեղափոխվելու մասին էր տեղեկություն տարածել, ընդ որում՝ շատ կոնկրետ և առարկայական ապացույց էր ներկայացվել:

 

Այս համատեքստում հարկ է հավելել, որ պատերազմից հետո գրել ենք, որ Շուշիի գրավման նախօրեին Ալիևը մարտական գործողությունների պլան է մերժել:

Իսկ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը որոշ խոստովանություններ էր արել՝ «նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել՝ ինչպես կավարտվի պատերազմը»:

Եվ այս համատեքստում մի կարևոր դրվագի վրա ենք ցանկանում ուշադրություն հրավիրել, որի մասին ավելի վաղ գրել ենք:

2020 թվականի նոյեմբերի 1-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Բաքու՝ Էրդողանի հանձնարարականով, որին հոկտեմբերի 29-ին նախորդել էր Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը:

Եվ Շուշին գրավելու Ադրբեջանի համար ճակատագրական վերջին պահին՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին, Աքարն արդեն Բաքվում էր։ Թե ինչ եղավ հետո, ավելորդ է հիշեցնել: Հարկ է նկատել, որ 2020 թ. նոյեմբերի 8-ին է ԱԱԾ տնօրեն նշանակվել Արմեն Աբազյանը։

Իսկ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ինքն էլ էր պնդել, որ պատերազմի ժամանակ բազմաթիվ տեղերում հայ զինվորականները, հայկական հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկ ջոկատային, բարձրաստիճան սպաներ, պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները, անօդաչու թռչող սարքերը եղել են օդում, սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից:

44-օրյա պատերազմի օրերին լավ է աշխատել նաև թուրքական հետախուզությունը՝ Հաքան Ֆիդանի ղեկավարությամբ, կատարվել են Էրդողանի հրամանները:

2020թ. նոյեմբերի 6-ին ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր.

«Ղարաբաղյան պատերազմում թուրքական հետախուզական ծառայության աշխատանքը մենք զգում ենք, տեսնում ենք առանձին էլեմենտներ այդ աշխատանքի։ Ինչ վերաբերում է բրիտանական հետախուզությանը, նրանց մասին ոչինչ ասել չեմ կարող»:

Վերադառնանք թուրքական «սպեցնազին» և հավելենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարը թուրք գեներալ Օմեր Էրբաքանն էր: Նա այս պաշտոնում նշանակվել է 2020 թ. պատերազմից առաջ, և դրանից հետո Էրբաքանի պաշտոնավարման ժամկետն Էրդողանը երկարաձգել է:

 

Նշենք, որ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը մասնակցել են պատերազմից անմիջապես հետո 2020 թ. դեկտեմբերին Բաքվի զորահանդեսին, նաև՝ 2025 թվականին պատերազմում Ադրբեջանի հաղթանակի 5-րդ տարեդարձի առիթով կազմակերպվածին:

2026 թվականի օգոստոսին «Վերադասավորումներ Թուրքիայի զինված ուժերում․ որքանո՞վ են դրանք ուշագրավ Հայաստանի համար, ի՞նչ կապ կա 44-օրյա պատերազմի հետ» վերտառությամբ հոդվածում այլ ուշագրավ դրվագներ ենք ներկայացրել:

Իսկ ներկայացված փաստերից պարզ է դառնում, որ առանց թուրքական հատուկ նշանակության ուժերի՝ Ադրբեջանը չէր կարող 44-օրյա պատերազմում հարավային ուղղությամբ իրականացված և Շուշին վերցնելու օպերացիաներում հաջողության հասնել: Իհարկե, սա չի մեղմացնում ՀՀ իշխանությունների 44-օրյա պատերազմին, մասնավորապես՝ Շուշիին առնչվող քաղաքական գործողությունները:

Հիշեցնենք, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրվում է միայն ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, որին Փաշինյանի իշխանությունը չի ցանկացել լսել 44-օրյայի քննիչ հանձնաժողովում: Պարզ է, չէ՞, ինչու: Փոխարենը պարզ չէ՝ ինչ հաշվարկների հիման վրա և ինչ կարգավիճակում է Նիկոլ Փաշինյանը հանձնարարել այդ ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին Շուշին հակագրոհով հետ վերցնել:

Ի դեպ, դեռ երկու տարի առաջ ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնել էին, որ 2020թ. նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձվել: Հետո արդեն, երբ փորձեցինք տեղեկություն ստանալ՝ ինչ փուլում է գործընթացը, Քննչականը գաղտնիության տարրեր պարունակող համարեց մեր հարցադրման պատասխանը: Արդեն նշեցինք, որ քննիչ հանձնաժողովում չեն ցանկացել լսել Միքայել Արզումանյանին, և ոչ էլ եղած զեկույցն են հրապարակում: Մինչդեռ պետք է տվյալ դեպքում հասկանալ՝ Շուշիի կորուստը ե՞րբ է սկսվել՝ նրա պաշտպանության մարտերի ժամանակահատվածո՞ւմ, թե՞ ավելի վաղ:

—

Alex Nanijanian:
Related Post