Նոյեմբեր 5, 2026
Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնարկեց «ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գեներացնելու» իր ծրագիրը. ԱԱԾ դիմակավորված անձինք վաղ առավոտից խուզարկություններ իրականացրեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ու նրա հետ փոխկապակցված 60-ից ավելի անձանց բնակարաններում, այդ թվում՝ կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տանը: Սամվել Կարապետյանին ձերբակալեցին և տեղափոխեցին Քննչական կոմիտե:
Ճնշումը կամ ճնշման փորձն, իհարկե, ոչ թե հանրային է, այլ ուժային, բայց Նիկոլ Փաշինյանի համար դա խնդիր չէ՝ հարցի դեպքում կպատասխանի, որ ուժային մարմինների աշխատակիցներն էլ են հանրության անդամներ և այդ պահին իրականացրել են «հանրային ճնշման» իրենց մասնաբաժինը: Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանը ձեռնամուխ է եղել պետության, հանրային ու քաղաքական ինստիտուտների դեգրադացման հերթական, այս անգամ՝ բավական հիմնարար փուլի իրականացմանը:
Գրեթե բոլոր կարևորագույն հասկացություններն ու ինստիտուտներն աղճատելուց հետո Փաշինյանն անցել է «հանրային ճնշման» գաղափարի վարկաբեկմանը, որը ժողովրդավարական պետության կենսական ինստիտուտներից մեկն է: Հանրային ճնշումն իրականում հասարակության համախմբման ածանցյալն է, ինքնանպատակ հանրային ճնշում չի լինում, որևէ կարևոր նպատակի շուրջ հանրությունը համախմբվում է և, ի թիվս այլ գործիքների, նաև հանրային ճնշման միջոցով փորձում է հասնել դրա իրականացմանը:
Կառուցվածքային իմաստով, հանրային մոբիլիզացիան՝ որպես ներքաղաքական խնդիրների լուծման գործիք, ժողովրդավարական պետությունում ընդդիմության մենաշնորհն է: Իշխանությունը, եթե նորմալ իշխանություն է, հանրային համախմբումն օգտագործում է ոչ թե կոնյունկտուրային քաղաքական նպատակների, այլ համազգային, համապետական նշանակության հարցերի լուծման համար:
Օրինակ` արտաքին թշնամու դեմ պայքարելու պարագային որևէ պետություն չի կարող հաջողության հասնել առանց հանրային համախմբման: Նիկոլ Փաշինյանը, սակայն, խառնել է նաև այս հասկացությունների տեղերը: Նա հանրությանն առաջարկում/պարտադրում է համախմբվել արտաքին թշնամու շուրջ (Ադրբեջանից հնչող ամեն ինչի սակրալացում, այդ թվում` ՀՀ Սահմանադրության փոփոխություն) և հակառակը՝ համախմբվել կամ ճնշում գործադրել իր պատկերացմամբ/ներկայացմամբ՝ «ներքին թշնամու»՝ իր քաղաքական հակառակորդների դեմ:
Ավելի լայն իմաստով, իշխանությունը հասարակությանը ստիպում է համախմբվել պարտության, պարտության փառաբանման գաղափարի շուրջ և ճնշում գործադրել ընդդեմ հաղթանակի, արժանապատվության վերականգնման անգամ տեսական հնարավորության:
Կոնկրետ այս փուլում Փաշինյանը լուծում է միաժամանակ և ներքին, և արտաքին քաղաքական խնդիրներ. նա բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հասնել Ադրբեջանի պահանջով նոր Սահմանադրության ընդունմանը՝ այդ ճանապարհին վերջնականապես զրոյացնելով հանրային մոբիլիզացիայի հնարավորությունը, որն ավտորիտար դարձած Հայաստանում մնացել է իշխանափոխություն իրականացնելու գործնականում միակ միջոցը:
Կարապետյանների ընտանիքի դեմ այս գործողություններով, Փաշինյանն, իհարկե, հաջողության չի կարող հասնել, քանի որ նրանք արդեն իմունիտետ են ձեռք բերել ռեպրեսիաների հարցում: Բայց ժամանակի հետ այս գործելակերպը շարունակելով՝ իշխանությունը կարող է ազդել քաղաքական մթնոլորտի վրա՝ անհրաժեշտ պահին «հանրային ճնշման վճռական հարվածը հասցնելու» հաշվարկով:
Դա թույլ չտալու միակ հնարավորությունն ընդդիմության կողմից հանրային մոբիլիզացիայի, հասարակության իրական համախմբման կազմակերպումն է, որն այլևս մնացել է ոչ միայն պետության պաշտպանության, այլ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ինքնապաշտպանության միակ միջոցը:
Հարություն Ավետիսյան
—