X
    Categories: News

Իշխանություն խուսափում է հանրաքվեի անցկացումից․ նրանց համար ակնհայտ է՝ Ալիևի

Նոյեմբեր 4, 2026

Իշխող քաղաքական ուժի խոսույթը Մայր օրենքի շուրջ շարունակում է հայեցակարգային տրանսֆորմացիան՝ ներքին «իրավական բարեփոխումների» հռետորաբանությունից վերածվելով արտաքին պարտադրանքի և սեփական իշխանության երկարաձգման գործիքի․ այս մասին ահազանգում են ընդդիմադիր տարբեր շրջանակներ։

Եթե 2018-2020 թվականներին իշխանությունը սահմանադրական փոփոխությունները հանրությանը հրամցնում էր որպես «նախկին համակարգի մնացորդներից» ազատվելու միջոց, ապա հետպատերազմյան շրջանում շեշտադրումները կտրուկ փոխվեցին՝  մատնանշելով արդեն Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, ինչը ճշգրիտ համընկնումն էր Ադրբեջանից հնչող նախապայմանների։ Իշխանությունն անցավ բացահայտ նահանջի՝ Անկախության հռչակագրին հղում պարունակող գործող Սահմանադրությունը որակելով որպես «անվտանգային սպառնալիք»։

Քննարկումների դաշտ է բերվել արդեն նոր Սահմանադրությունը։

Երեկ խորհրդարանական ճեպազրույցում Սրբուհի Գալյանը հայտարարել է․ «Նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է իջեցնել հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ խորհրդարանական ձայների շեմը»։

Կարդացեք նաև

  • Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան
  • Ամերիկյան «ոչ»-ը՝ պոպուլիզմին և պատերազմին. Կոնգրեսի ընտրությունների աշխարհաքաղաքական հետևանքները Վաշինգտոնի և Հարավային Կովկասի համար
  • Ինչի՞ վրա է իշխանության հույսը

«Շեմը, կարծում եմ՝ իջեցնելու ենք, որովհետև հիմա ամեն դեպքում նախագծում այդպես է»,- ասել էր նախարարը՝ չհստակեցնելով, թե ինչ շեմ է նախատեսվում։

Ի՞նչ է նշանակում՝ «շեմ իջեցնել», արդյո՞ք չունենալով խորհրդարանում սահմանադրական նախագիծն ընդունելու և հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ 2/3 ձայների (70 պատգամավորի) քվորումը, օրվա իշխանությունն անցել է իրավական երաշխիքների կազմաքանդմանը՝ հետաքրքրվեցինք սահմանադրագետ Գոհար Մելոյանից։

«Օրակարգում կա նոր Սահմանադրության ընդունման հարցը, իսկ դա, իմ համոզմամբ, ալիևյան պահանջատիրություն է և այսօրվա իշխանության հերթական զիջումն է։ Ադրբեջանական կողմը բացահայտ կերպով ասել էր, որ մեր երկրի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի  նախապայմանն է։ Ասենք ավելին՝ նրանք հետևողականորեն մոլորեցրել են մեր հանրությանը, որովհետև դեռ 2025 թվականին Անթալիայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած դիվանագիտական ֆորումում, ի պատասխան Միրզոյանի, Բայրամովն ասել էր, որ դեռևս 2023 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ իրենք փաստաթղթեր են փոխանցել, որտեղ այդ նախապայմանը թղթին է եղել,- ի պատասխան՝ նախ արձանագրեց սահմանադրագետը, ապա նշեց,-  Ինչ վերաբերում է նախարարի ասած մասնակցելիության ցենզին. երկու գործընթաց ունենք։

Առաջինն Ազգային ժողովի կողմից Սահմանադրության նախագծի համար անհրաժեշտ ձայների քանակն է․ որպեսզի Սահմանադրության նախագիծը դրվի հանրաքվեի, անհրաժեշտ են պատգամավորների երկու երրորդի ձայները։ Իշխանությունը չունի անհրաժեշտ երկու երրորդը, ու հենց այդ տրամաբանությամբ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դուրս թողնվեց ընտրական գործընթացից, որովհետև ԲՀԿ ներգրավմամբ՝ չէին ունենա նաև բաղձալի երեք հինգերորդը, որով մի շարք ներքին հարցեր լուծելու խնդիր էլ էին ունենալու։

Սա խորհրդարանական պետության տրամաբանության խեղաթյուրում է, որովհետև եթե սահմանադիրը այս հնարավորությունը, այս ցենզը ու անհրաժեշտ քվորումի ձևաչափը նախատեսել է, և արդեն իսկ ժողովուրդը լիազորել է իր պատգամավորներին և քաղաքական ուժերին՝ գնալու և իրենց փոխարեն այս հարցերին անդրադառնալու (իսկ այն, որ մեր ժողովուրդը դեմ է ալիևա-փաշինյանական Սահմանադրությանը, արդեն արձանագրված իրողություն է)»։

Այս համատեքստում Գոհար Մելոյանը մտահոգություններ հայտնեց, որ նման տեմպով իշխանությունը գուցե որոշի անգամ ապօրինաբար շրջանցել սահմանադրական պահանջը՝ համաձայն որի՝ անհրաժեշտ է 70 քվե (այսօրվա խորհրդարանի ձևաչափում երկու երրորդը կազմում է 70 պատգամավորի ձայն)։

Երկրորդ գործընթացը, որին, հնարավոր է՝ նախարարի հայտարարած «ցենզ»-ն առնչվի, ըստ սահմանադրագետի, բուն հանրաքվեին քաղաքացիների, ընտրողների մասնակցելիությունն է։

«Սա Սահմանադրությամբ ամրագրված դրույթ է (Սահմանադրության 207-րդ հոդվածն ասում է. «Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը»։ Այսինքն՝ անգամ կեսից ավելին քվեարկելու դեպքում, միևնույն է, պետք է ընդհանուր ընտրողների մեկ քառորդը լինի։ Մինիմալ ցենզ է սահմանված, ու հենց սրանով է նաև պայմանավորված իշխանությունների խուսափումը հանրաքվեի անցկացումից, որովհետև նրանց համար հստակ ու ակնհայտ է, որ հանրային աջակցություն չունի Ալիևի հագով Սահմանադրություն կարելու գործընթացը։ Եվ նրանք ամեն կերպ այս տարիների ընթացքում փորձեցին խուսափել հանրաքվեի անցկացումից։

Բայց ակնհայտ է, որ ճնշումները և մեր ներքին գործերին ու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը միջամտություններն Ալիևի կողմից ու Ադրբեջանի կողմից ավելի ուժգին են դարձել։ Սա ընդհանրապես հակասում է միջազգային իրավունքի ողջ տրամաբանությանը, իրավական ու ժողովրդավարական սկզբունքներին․ Վենետիկի հանձնաժողովը կարմիր թելով անցկացնում է այն գաղափարը, որ հիմնարար ակտի՝ Սահմանադրության փոփոխությունը երբեք չի կարող արտաքին սպառնալիքի առարկա դառնալ։

Այժմ ակնհայտ է, որ առկա են ճնշումներ, և նրանք ստիպված են գնալու այս գործընթացին։ Եվ նաև դրա մասին է վկայում այն, որ դեռևս ամռանը, խախտելով պառլամենտարիզմի տրամաբանությունը, արդեն ունենալով ընտրված պառլամենտ, նրանք փոփոխություն կատարեցին Ընտրական օրենսգրքում և ընտրողների համար բնակության ցենզ սահմանեցին՝ բավականաչափ մեծաքանակ ընտրողների զրկելով Հայաստանի Հանրապետությունում կայացող ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ինչի հետևանքները մենք տեսնում ենք ՏԻՄ ընտրություններին․ մեծաքանակ մարդիկ գալիս են և իրենց չեն գտնում ցուցակներում»,- ամփոփեց նա։

—

Torgomian Varazdat:
Related Post