Նոյեմբեր 4, 2026
ՀՀ քննչական կոմիտեն այսօր Սամվել Կարապետյանի նկատմամբ նոր մեղադրանք է հորինել՝ ՀԷՑ-ին առնչվող: Գործարարն այս պահին ՔԿ վարչությունում է:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որպես իրավաբանական կրթություն ստացած մարդ՝ կարող է ասել, որ իրավական աբսուրդի հետ գործ ունենք:
«Մի կողմից՝ ասում են, թե շահույթն ավելացրել են հարկերից խուսափելու հաշվին, մյուս կողմից ասում են՝ վնաս է տվել ընկերությանը։ Այսինքն՝ իր սեփական ընկերությանն ինչո՞վ պետք է վնաս տար։ Հաշվի առնելով, որ գործն ամբողջությամբ չենք տեսել, չեմ կարող ասել, բայց այս հակասությունները գալիս են գործի կարված լինելուց։ Երբ գործ են կարում, պետք է ինչ-որ բան ստեղծեն, հակասություններ են առաջանում»,- ասաց նա՝ նշելով, որ մի քանի անգամ՝ որպես լավ հարկ վճարող, պատվոգիր են ստացել:
Այս համատեքստում Ղազինյանը հարկ համարեց հիշեցնել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո իրենց կողմից եղել է հստակ առաջարկ՝ իրականացնել պաշտոնական հանձնում-ընդունում, ճշտել էլեկտրաէներգիայի ծախսերը, ինչպես նաև ներգրավել ՊԵԿ-ին՝ համատեղ ստուգումներ անցկացնելու համար, սակայն իշխանությունները մերժել են այդ առաջարկները։
«Դա մեկ բանի մասին է հուշում, որ պետք է մի բան «սարքեին»։ Եթե ազնիվ լինեին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հակառակը, իրենց իսկ շահերից էր բխելու մեզ մասնակից դարձնել այս ամեն ինչին, որպեսզի եղածը ֆիքսվեր, բայց այդքան դիմումներ, ասուլիսներ, որևէ ձևով չարձագանքեցին»,- շեշտեց պատգամավորը:
Անդրադառնալով գործընթացի քաղաքական ենթատեքստին և Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդմանը, Դավիթ Ղազինյանն ասաց.
«Ո՞նց եք պատկերացնում՝ գային, Սամվել Կարապետյանին ձերբակալեին ու ասեին՝ «գիտե՞ս ինչ, դու չես ուզում Ալիևի պարտադրած Սահմանադրությունն անցնի, դրա համար քեզ կալանավորո՞ւմ ենք»»:
Մանրամասները՝ տեսանյութում
—