X
    Categories: News

ԱՄՆ-ը չցանկացավ երաշխավորել խաղաղությունը․ Արմեն Գրիգորյանի խոստովանությունը,

Նոյեմբեր 4, 2026

ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն այս պահին դեռ «Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խմբի» ավագ խորհրդականի կարգավիճակում է, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը:

ԱՄՆ-ը չի ցանկացել Ադրբեջան-Հայաստան խաղաղության հաստատման գործում երաշխավոր դառնալ

Արմեն Գրիգորյանը նախ հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկացել է, որ ապաշրջափակումը լինի միջանցքի տրամաբանությամբ` ՌԴ վերահսկողությամբ, իսկ ԹՐԻՓՓ-ը ստացվել է միայն այն պատճառով, որ վերացել է միջանցքի տրամաբանության սպառնալիքը։

Այստեղ բնական հարց է առաջանում. ենթադրենք, որ Ռուսաստանի ուզածը միջանցքային տրամաբանությամբ ապաշրջափակումն էր, բայց դրա համար հիմք պիտի ծառայեր 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը, որի տակ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ստորագրություններն են:

Կարդացեք նաև

  • Ամերիկյան «ոչ»-ը՝ պոպուլիզմին և պատերազմին. Կոնգրեսի ընտրությունների աշխարհաքաղաքական հետևանքները Վաշինգտոնի և Հարավային Կովկասի համար
  • Կար երկու սցենար՝ կա՛մ իշխանությունը պետք է հանձնվեր, կա՛մ արյուն կթափվեր. ԶԳՈՒՇԱՑԵՔ, ժողովրդին էլի հանում է իրար դեմ. Հայկ Նահապետյան
  • Սարսափելի սցենար կա՝ Իսրայելի միջուկային հարվածը… ԱՄՆ-ի հեղինակությանը մեծ հարված է հասցվել. Լանա Ռավանդի-Ֆադայի

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է միջանցք պահանջող փաստաթղթի տա՞կ, և դրանից հետո նոյեմբերի 9-ի տրամաբանության մեջ ևս երկու եռակողմ հայտարարությո՞ւն ստորագրել՝ ռուսական կողմի միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ երբ ՀՀ իշխանությունների ընդդիմախոսները խոսում էին, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում վտանգավոր կետեր կան այս առումով, նրանք վստահեցնում էին, որ այդտեղ միջանցքի մասին խոսք չկա:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության տակ ստորագրելով, որի 9-րդ կետում, մասնավորապես, նշվում է. 

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:

2024 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP-29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ ևս ուշադրություն էր հրավիրել վերը նշված փաստի վրա՝ նշելով.

«Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային հաղորդակցություն, որի նկատմամբ վերահսկողություն պիտի իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ուժերի կողմից: Այս հայտարարությունը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես»:

Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում շարունակելով թեման, նշել է, որ ԹՐԻՓՓ-ով շահագրգռված է Հայաստանը, Բրյուսելը, ԱՄՆ-ը, լայն համատեքստում ապաշրջափակման թեմայով հետաքրքրված է նաև Իրանը:

«Ադրբեջանը հնարավորություններ ստանում է, Թուրքիան ստանում է, Հայաստանն առավել մեծ հնարավորություններ է ստանում: Կարծում եմ, որ ԹՐԻՓՓ-ից հնարավորություններ ստանում է նաև Ռուսաստանը, սակայն նրա հաշվարկներն ավելի շատ աշխարհաքաղաքական են, քան տնտեսական: Մյուս կողմից, տնտեսապես Ռուսաստանը ևս շահում է, քանի որ առնվազն մեկ ԵԱՏՄ անդամ ավելի շատ ենթակառուցվածքային հնարավորություն է ունենում»,- նշեց նա:

Այս համատեքստում անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հաստատման հարցում երաշխավորներ լինել-չլինելուն, ԱԽ նախկին քարտուղարն ասաց, որ ԱՄՆ-ը չի ցանկացել ստանձնել նման պատասխանատվություն և գերադասել է վկայի դերը:

«Ես ամենաշատ վախը տեսել եմ, երբ երաշխավոր լինելու առաջարկությամբ ենք հանդես եկել։ Օրինակ, ԱՄՆ-ի ամենամեծ վախը, երբ երաշխավորի ինստիտուտի մասին բառ է հնչել բանակցությունների սենյակում։ Ամենամեծ դողն էդ ժամանակ է եղել։ Ինչո՞ւ։ Որովհետև իրենք իրենց պարտավորությունները կատարելու մեծ պատասխանատվություն են ունենում։ Եվ իրենք հասկանում են՝ դա շատ մեծ պատասխանատվություն է, և չեն ուզում նման պատասխանատվության տակ մտնել»,- խոստովանեց Արմեն Գրիգորյանը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Թրամփը, որի պաշտոնավարման ժամանակ տեղի է ունեցել 2020թ. 44-օրյա պատերազմը, կասկածներ ունի կայուն խաղաղության հաստատման հարցում, կամ՝ որ այն կարող է ինչ-որ պահի խաթարվել:

Գրիգորյանի դավադրության տեսությունը և պաշտպանական հավակնությունը

Իսկ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը չէր կարող չօգտվել Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցի հնարավորությունից և չշոշափել ռուսական զենքի թեման, հատկապես, երբ դեռ չեն մարել ՀՀ պաշտպանության նախարար դառնալու նրա հավակնության մասին խոսակցությունները: Նա նախ հայտարարել է, թե «Ռուսաստանը և՛ 2020, և՛ 2021 թվականին զենք չի տրամադրել Հայաստանին»:

Եվ ոչինչ, որ 2020-ի օգոստոսի 12-ին Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահին հասկացրել էր, որ սույն թվականի հուլիսի 17-ից առ այդ պահը Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների մատակարարման ինտենսիվությունն անհանգստություն և լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանի հանրությունում:

«Իլհամ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո (նկատի ունի հուլիսյան մարտերը:- Մ.Պ. ) Ռուսաստանից Հայաստան (Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան, և ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է»,- նշվում էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության համապատասխան հաղորդագրության մեջ:

Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո՝ 2020-ի օգոստոսի 22-ին, Մոսկվա էր մեկնել այդ ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որտեղ օգոստոսի 23-ին հանդիպել էր տվյալ պահին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չափազանց ուշագրավ հայտարարություն էր արել Մոսկվայում՝ ասելով, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցությունը (ՌՏՀ) աննախադեպ մակարդակում է, և, որ աշխարհում ոչ մի պետություն չի կարող ՌՏՀ-ի մակարդակով համեմատվել Երևանի և Մոսկվայի հետ:

Այս փաստը հաշվի առնելով, 44-օրյա պատերազմի օրերին, ինչպես հետպատերազմյան շրջանում խոստովանել էր Ալիևը, Բաքուն խնդրել էր Վրաստանին, Ղազախստանին, Թուրքմենստանին և Իրանին, որ փակեն իրենց օդային սահմանները Ռուսաստանից Հայաստան զենքի տեղափոխման համար, Վրաստանի դեպքում խոսքը նաև ցամաքային սահմանի մասին էր:

44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը ևս ռուսական զենք է ստացել: Այս համատեքստում բավական է հիշել մի քանի դրվագ: Պատերազմի օրերին Նիկել Փաշինյանը հայտարարում էր, որ զգում են ՌԴ-ի աջակցությունը` որպես ՀՀ-ի ռազմավարական դաշնակից։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանն ամենաշատ հեռախոսազանգերը ՌԴ նախագահ Պուտինի հետ է ունեցել, և ոչ մի հեռախոսազանգ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ:

Ինչևէ, չշեղվենք զենքի թեմայից: 2023 թվականին 44-օրյայի քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանը հայտարարել էր՝ զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավոն», պատերազմի օրերին եղել է այն անձը, որը կիրառել է իր կարողությունները և հմտությունները՝ զենքի մատակարարումների ուղիների զմռսված լինելու պայմաններում սպառազինություն հասցնել Հայաստան:

2025 թվականի աշնանն էլ Factor.am-ի հետ հարցազրույցում այն ժամանակ դեռ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վտանգավոր գաղտնազերծում է արել, բայց այս դեպքում տեղին է հիշել:

««ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերը սկսվեցին ներկրվել և հիմնականում տեղակայվեցին: Ու պատերազմի ընթացքում մինչև վերջին պահը ««ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերից 1-2 դիվիզիոն դեռ ծառայության մեջ էին, բայց նաև խոցվել էին: Այդ ընթացքում մենք նաև փորձում էինք Իժևսկի գործարանից պահեստամասերն արագ բերեինք, լոգիստիկ բարդագույն խնդիրների առաջ էինք կանգնած: Վարչապետի բորտը, ի վերջո, ծառայում էր այդ նպատակին: Ճանապարհները փակ էին Հայաստանի համար՝ հարևանների կողմից»,- ասել է նա:

Պատկերն ամբողջացնելու համար Արմեն Գրիգորյանին խորհուրդ կտանք ծանոթանալ Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2021 թվականի հարցազրույցին, նաև՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը, որտեղ միջազգային հետախուզում է հայտարարում Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և ՀՀ զինված ուժերին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) նկատմամբ:

Իսկ Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցում ռուսական զենքի թեման տեղավորել է նաև 44-օրյա պատերազմում պարտության պատճառների համատեքստում:

«Ո՞ւր էր Հայաստանին էս տարիներին ՌԴ-ի տված զենքը։ Չկար էդ զենքը, դա կար, և մենք չէինք կարողանում այդ մեծ ծավալի պատերազմում համապատասխան ձևով օգտագործե՞լ։ Բավարար չի եղել էդ զենքը, էն, ինչ ՀՀ սպառնալիքներն են եղել, դրա հետ կապ չեն ունեցել։ Հետո ՀՀ ռազմավարական հաշվարկը եղել է, որ զենք ունենալը չի կարևոր, այլ, որ հարձակվեն, զանգեն»,- նշել է նա:

Մի կողմ դնենք, որ Ալիևը հայտարարել էր, թե ՀՀ-ն 44-օրյա պատերազմի ժամանակ 5 միլիարդ դոլարի զենք է թողել, և, որ դրանց մեջ եղել են չօգտագործված զենքեր, ընդ որում՝ սպառազինության պակասի մասին Փաշինյանն ինքն առանձնապես չի խոսել: Եվ հիմա՝ արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեղադրում է Փաշինյանին, որ 44-օրյա պատերազմում այդքան խոսել է Պուտինի հետ և չի կարողացել պատերազմի այլ ելք ապահովել, արդյո՞ք նրա հույսը ևս Ռուսաստանն է եղել: Չի բացառվում, հատկապես, երբ նույն հարցազրույցում Գրիգորյանը շեշտում է, որ առնվազն մինչև 2021 թվականը Փաշինյանի կայացրած բոլոր որոշումները եղել են պրոռուսական, այդ թվում՝ Սիրիա զորախումբ ուղարկելը:

Ի դեպ, ԱԽ նախկին քարտուղարը դժգոհել է Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, որ եթե ռազմավարական պլան ունենայինք, և սպառազինության ձեռքբերման հարցում դիվերսիֆիկացիան ավելի հանգիստ և երկարաժամկետ կատարվեր, այլ իրավիճակ կլիներ: Եվ սա այն դեպքում, երբ պատերազմից հետո Արմեն Գրիգորյանի ղեկավարած ԱԽ-ն չի կատարել իր կարևորագույն գործառույթներից մեկը՝ Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց չի իրականացրել, երբ սրա արդյունքում է կատարվում սպառնալիքների չեզոքացման գործողությունների պլանավորում, համապատասխան կարողությունների ստեղծում, այդ թվում՝ որոշվում, թե ինչ սպառազինություն է անհրաժեշտ կոնկրետ խնդիրների լուծման համար:

Բայց սպառազինության պակասից դժգոհող Արմեն Գրիգորյանը կարող է պատասխանել՝ ինչո՞ւ ի գիտություն չեն ընդունվել ԱԽ նիստերի ժամանակ արված ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նախապատերազմյան զգուշացումները: 

Դեռ չենք նշում պատերազմի 4-րդ օրը գեներալի արած առաջարկի մասին, որը Գրիգորյանը փորձեց հերքել՝ ԱԽ նիստի աղավաղված գաղտնազերծումով:

Արմեն Գրիգորյանն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանին դրել էր մի իրավիճակում, երբ ստիպված գնացել են՝ Հնդկաստանից, Ֆրանսիայից զենք են խնդրել, որ մեզ մատակարարեն, բայց խուսափում է կրկնել գոնե Փաշինյանի պնդումը, որ առնվազն Արևմուտքը սպասում էր Արցախի հայաթափմանը: Փոխարենը ճկուն կերպով փորձում է իրեն վերցնել հայ-հնդկական և հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական առկա համագործակցության դափնիները, թեև ինքն այդ ժամանակ ավելի շատ զբաղված էր հակառուսական դավադրության տեսություններ տարածելով: Այն դեպքում, երբ ՊՆ ղեկավարությունը, նախարար Սուրեն Պապիկյանն այս հարցում զսպվածություն և ադեկվատ գործելաոճ դրսևորեց, նաև՝ Անդրանիկ Քոչարյանը: Եվ այսօր Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է: Բայց սրա մասին ոչ հիմա:

—

Hambik Zargarian:
Related Post