X
    Categories: News

ԹՊԿ-ն՝ Թուրքիայի ազդեցության գործիք Հարավային Կովկասում․ ինչո՞ւ է Բաքուն կարո

Նոյեմբեր 3, 2026

Ադրբեջանի նախագահին մերձակա քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է թուրք-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ճգնաժամի պատճառներին:

Նա մի կողմից՝ նկատում է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից այստեղ խնդիր չկա, քանի որ քաղաքական փոխգործակցությունը, աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, տնտեսական շահը, տրանսպորտային և էներգետիկ նախագծերն իրականացվում են Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերի համատեքստում: Մյուս կողմից՝ քաղաքագետն իր գրառման մեջ նշում է.


Ադրբեջանի մասնակցությունը Կենտրոնական Ասիայի խորհրդակցական ձևաչափին Թուրքիայի սրտով չէ՞

Կարդացեք նաև

  • Կար երկու սցենար՝ կա՛մ իշխանությունը պետք է հանձնվեր, կա՛մ արյուն կթափվեր. ԶԳՈՒՇԱՑԵՔ, ժողովրդին էլի հանում է իրար դեմ. Հայկ Նահապետյան
  • Սարսափելի սցենար կա՝ Իսրայելի միջուկային հարվածը… ԱՄՆ-ի հեղինակությանը մեծ հարված է հասցվել. Լանա Ռավանդի-Ֆադայի
  • Միջանցքային և անվտանգային թյուրքական մեծ օրակարգը՝ Բաքվի և Անկարայի փոխադարձ դիվանագիտական ժեստերի ստվերում. ի՞նչ հետևություններ պետք է անի Հայաստանը

«Ճգնաժամը ցույց տվեց, որ Թուրքիայում դժկամությամբ են ընդունել Ադրբեջանի մասնակցությունը Կենտրոնական Ասիայի խորհրդակցական ձևաչափին։ Նշվում է, որ այդ քայլով Ադրբեջանը խարխլում է Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ)։ Սակայն պետք չէ իրավիճակին նայել բացառապես թուրքական տեսանկյունից, հակառակ դեպքում՝ հնարավոր է չտեսնել ամբողջական պատկերը։

Կենտրոնական Ասիայի խորհրդակցական ձևաչափն առաջին հերթին ծառայում է տարածաշրջանի պետություններին, հնարավորություն է տալիս լուծել սահմանային վեճերը, բարձրացնել տարածաշրջանային ինտեգրման մակարդակը, մեծացնել տարածաշրջանի երկրների անկախությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև՝ նպաստում է Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում հավասարակշռության ապահովմանը: Կենտրոնական Ասիայի ձևաչափը չի փոխարինում ԹՊԿ-ին։ Ընդհակառակը՝ Կենտրոնական Ասիայի խորհրդակցական ձևաչափին Ադրբեջանի մասնակցությունը բարձրացնում է Թյուրքական պետությունների կազմակերպությունում ընթացող գործընթացների արդյունավետությունը»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Բաքու-Անկարա հարաբերություններում առաջացած լարվածությանն առնչվող իր դիտարկումներում շատ ավելի հեռուն է գնացել:

Նա ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է, որ այսօր, թուրք-ադրբեջանական միջպետական հարաբերությունների սրման պատճառները վերլուծելիս, չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ նեոօսմանյան գաղափարախոսության մեջ իսլամական համատեքստը գերիշխող դեր է խաղում, այն դեպքում, երբ թուրանիզմը զբաղեցնում է ստորադաս՝ պրագմատիկ դիրք։

«Թեև արտաքուստ երկու հայեցակարգերն էլ ծառայում են որպես ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության գործիքներ (հատկապես Ռեջեփ Թայիբ Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման ժամանակաշրջանում), դրանց կշիռը, նպատակներն ու գաղափարական հիմքերը սկզբունքորեն տարբեր են։

Նեոօսմանիզմն իր էությամբ հիմնված է Օսմանյան կայսրության կրոնական և մշակութային ժառանգության վրա։ Եվ այստեղ իսլամը գլխավոր միավորող տարր է:

■ Քաղաքակրթական առաջնորդություն։

Նեոօսմանիզմը ձգտում է Թուրքիային ներկայացնել որպես ողջ իսլամական (առաջին հերթին՝ սուննիական) աշխարհի առաջնորդ և պաշտպան։ Սա ուղղակիորեն հղում է օսմանյան սուլթանի՝ բոլոր մուսուլմանների խալիֆի կարգավիճակին։

■ Աշխարհագրական առաջնահերթություն։

Հիմնական ուղեգիծը Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա և Բալկաններ է, այսինքն, դեպի այն տարածաշրջաններ, որոնք պատմականորեն մտել են Օսմանյան կայսրության կազմի մեջ և ունեն զգալի մուսուլմանական բնակչություն։

■ Ներքին և արտաքին լեգիտիմություն։

Իսլամական արժեքներն ԱԶԿ-ի կողմից օգտագործվում են երկրի ներսում պահպանողական ընտրազանգվածի համախմբման և արտերկրում «փափուկ ուժի» ձևավորման համար (բարեգործության, մզկիթների կառուցման և կրոնական կրթության միջոցով)։

Թուրանիզմը (կամ պանթյուրքիզմը) հենվում է թյուրք ժողովուրդների էթնիկ, լեզվական և մշակութային միասնության գաղափարի վրա։ Պատմականորեն երիտթուրքերի թուրանիզմը հակադրվում էր օսմանիզմին, քանի որ առաջնային տեղում դնում էր ազգը, այլ ոչ թե հավատարմությունը դինաստիային և իսլամին։ Ժամանակակից նեոօսմանիզմում տեղի է ունեցել այս գաղափարների համադրություն, որը հայտնի է՝ որպես «թուրք-իսլամական սինթեզ»։

■Պրագմատիկ ընդլայնում։

Թուրանիզմն Անկարայի կողմից օգտագործվում է որպես Կենտրոնական Ասիայում և Կովկասում ազդեցության գործիք՝ Թյուրքական պետությունների կազմակերպության միջոցով: Այդ տարածաշրջանները չեն մտել Օսմանյան կայսրության կազմի մեջ, և այնտեղ զուտ «օսմանիստական» մոտեցումը չի գործում, և դրա փոխարեն կիրառվում է թյուրքական եղբայրության գաղափարը:

■Քաղաքական դաշինք։

Թուրանիզմի տարրերի ներառումը պետական հռետորաբանության մեջ հատկապես նկատելի դարձավ ԱԶԿ-ի (Էրդողան) և «Ազգայնական շարժում» կուսակցության (Դևլեթ Բահչելի) միջև քաղաքական դաշինքի կնքումից հետո։

Ամփոփում

Այս հարաբերակցությունը կարելի է բնութագրել որպես հիերարխիկ սինթեզ։ Նեոօսմանիզմը կլանել է թուրանիզմը՝ զրկելով այն XX դարասկզբի արմատական աշխարհիկ բնույթից։ Այսօր Թուրքիայի պաշտոնական դոկտրինում թյուրքական ինքնությունը դիտարկվում է իսլամի պրիզմայով. թյուրք ժողովուրդներն ընկալվում են ոչ թե պարզապես որպես էթնիկ ազգակիցներ, այլ որպես «իսլամական աշխարհի առաջապահ ուժ և պաշտպաններ»։ Իսլամական համատեքստն է թելադրում գլոբալ նպատակները, իսկ թուրանիզմը հետխորհրդային տարածքում ապահովում է կոնկրետ աշխարհաքաղաքական շահերի առաջմղումը»,- շարունակել է Զուլֆուգարովը:

Բաքվի վախերը Հաքան Ֆիդանից

Բայց Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը սրանով չի սահմանափակվել: Զուլֆուգարովը մեկ այլ գրառման մեջ շեշտել է, որ երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Մևլութ Չավուշօղլուն էր, արտաքին քաղաքական հարթությունում Ադրբեջանի հետ խնդիրներ չկային:

Չավուշօղլուն Թուրքիայի արտաքին գերատեսչությունը ղեկավարել է 2015 թ. նոյեմբերից մինչև 2023 թվականի հունիսը, եթե չհաշվենք դրանից առաջ պաշտոնավարման կարճ ժամանակը: Այսինքն, 2020 թվականի հուլիսյան մարտերի և Արցախում սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ նա է եղել Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Եվ պետք է ասենք, որ բավականին ակտիվ է եղել այդ օրերին: Մասնավորապես, 2020 թվականի հուլիսի 13-ին Չավուշօղլուն հայտարարել է, որ «այն, ինչ արեց Հայաստանը, անընդունելի է»։

«Մենք տեսնում ենք, որ հակամարտության նոր գոտիներ ստեղծելով՝ Հայաստանը ցանկանում է ուշադրությունը շեղել այլ վայրերի վրա, հատկապես՝ այն տարածքներից հեռու, որոնք նա արդեն օկուպացրել է: Բայց ինչպիսի լուծում էլ Բաքուն նախընտրի օկուպացված տարածքների և Ղարաբաղի հարցում, մենք կաջակցենք Ադրբեջանին»,- հայտարարել էր նա։

2020 թ. սեպտեմբերի 30-ին Թուրքիայի այդ ժամանակվա արտաքին գործերի նախարարը Anadolu-ին տված հարցազրույցում շեշտել էր, որ Թուրքիան Ադրբեջանին պատրաստ է աջակցել թե՛ բանակցային սեղանին, թե՛ դրանից դուրս, որտեղ որ Ադրբեջանը որոշի:

Պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 6-ին, Չավուշօղլուն մեկնել էր Բաքու՝ որպես թուրքական աջակցության գործնական քայլ:

Շուշիի հռչակագիրը ևս ստորագրվել է Չավուշղլուի պաշտոնավարման ընթացքում:

Ի դեպ, Թոֆիկ Զուլֆուգարովի՝ Չավուշօղլուի վերաբերյալ գրառման տակ հիշատակել էին նաև Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի անունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Աքարը հուլիսյան մարտերի օրերին սպառնացել էր պատժել Հայաստանին և հետո լուրջ դերակատարում է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի հաղթանակն ապահովելու հարցում:

Խնդիրն այն է, որ Թուրքիայի արտաքին գործերի գործող նախարար Հաքան Ֆիդանի գործունեությունից դժգոհող ադրբեջանական քաղաքական, փորձագիտական որոշ շրջանակներ, որոնք նույնիսկ նշում են նրա քրդական արմատների մասին, մոռանում են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆիդանը ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT), և 44-օրյա պատերազմից ոչ անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից պարգևատրվել էր, ըստ էության, 2020թ. պատերազմում կատարած առաքելության համար ևս:

Իր պարգևը վերցնելիս Հաքան Ֆիդանն ասել էր՝ ընդունում է այն հանուն իրենց ընկերների, նրանց անունից, որոնք Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում նահատակվել են Էրդողանի հրամանները կատարելիս:

Իսկ այս օրերին, երբ Բաքվի և Անկարայի հարաբերություններում լարվածություն է նկատվում, ինչպես նշեցինք, ադրբեջանական քաղաքական, փորձագիտական, մեդիա որոշ շրջանակներ սկսել են թիրախավորել Ֆիդանին, մեղադրելով նրան, թե փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն ազատել Ադրբեջանի դիրքորոշման կախվածությունից:

Ավելին, qafqazinfo.az-ը նույնիսկ Ֆիդանին մեղադրել էր Ադրբեջանում հեղաշրջման փորձ նախապատրաստելու, երկրի ներքին գործերին միջամտելու համար: Սակայն թուրքական կողմի արձագանքից հետո հոդվածը հեռացվել էր:

Նշենք, որ այս ընթացքում և՛ Ֆիդանն է եղել Բաքվում, հանդիպումներ ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը՝ Թուրքիայում: Արդյո՞ք այս հանդիպումներում քննարկվել են այս թեմաները: Հնարավոր է, բայց դրանց շրջանառումն ամբողջովին չեն մարում: Կարո՞ղ ենք ասել, որ սա ինչ-որ առումով խոսում է նաև Հաքան Ֆիդանից Բաքվի վախերի մասին:

Մի առիթով հենց ադրբեջանական կողմում են զգուշացրել, որ Ֆիդանը կադրային դիվանագետ չէ և չի ներկայացնում փոխզիջումների և արարողակարգային քաղաքավարության դպրոցը: Այսինքն, նա համարվում է անվտանգային համակարգի «կադրային պրոդուկտ», և արտաքին գերատեսչություն ղեկավարելով՝ չի հրաժարվել ուժային կամ հետախուզական համակարգերին հատուկ մոտեցումներից, հետախուզական մտածելակերպից, այլ դրանք ընդամենը դիվանագիտական ձևով օրինականացրել է:

Համապատասխան վերլուծության մեջ Ֆիդանը համարվել էր Էրդողանի «գաղտնիքների պահապանը»: Եվ դեռ որքա՜ն տեղեկություններ կարող է ունենալ Ֆիդանն Ալիևի ընտանիքի և 44-օրյա պատերազմի մասին…

—

Toneyan Mark:
Related Post