X
    Categories: News

ԱՄՆ-Իրան հակամարտության ընդլայնման ռիսկերը. Տարածաշրջանային անվտանգությունը և

Նոյեմբեր 3, 2026

Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների շարունակությունը և Թեհրանի՝ հակամարտության աշխարհագրությունն Արևմտյան Ասիայի սահմաններից դուրս ընդլայնելու մասին հայտարարությունը տարածաշրջանային անվտանգության նոր իրողություններ են ձևավորում։

Նոյեմբերի 3-ին Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզուն ամերիկյան զինուժի հասցրած հարվածները տեղի են ունենում մի իրավիճակում, երբ իրանա-ամերիկյան հակամարտությունը դեռևս չի ստացել քաղաքական հանգուցալուծում, ռազմական գործողությունների դադարեցումը չի վերածվել կայուն անվտանգության պայմանավորվածության։

Հատկանշական է, որ Վաշինգտոնը հարվածները ներկայացնում է որպես սահմանափակ պաշտպանական գործողություն, այլ ոչ թե լայնածավալ պատերազմի վերսկսում, մինչդեռ Թեհրանը հայտարարում է, որ ցանկացած նոր ագրեսիայի պատասխանը կարող է ունենալ ավելի լայն աշխարհագրություն։

Այսպիսով, ռազմական զսպման տրամաբանությունը պահպանվում է բանակցային գործընթացի հետ զուգահեռ, սակայն կողմերի միջև ուժի կիրառման շեմը շարունակում է մնալ անկայուն։ Իրանական կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զինված ուժերի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան զգուշացրել է, որ եթե նոր պատերազմ սկսվի, «հակամարտության աշխարհագրությունը չի սահմանափակվի միայն Արևմտյան Ասիայի տարածաշրջանով»:

Կարդացեք նաև

  • Կար երկու սցենար՝ կա՛մ իշխանությունը պետք է հանձնվեր, կա՛մ արյուն կթափվեր. ԶԳՈՒՇԱՑԵՔ, ժողովրդին էլի հանում է իրար դեմ. Հայկ Նահապետյան
  • Սարսափելի սցենար կա՝ Իսրայելի միջուկային հարվածը… ԱՄՆ-ի հեղինակությանը մեծ հարված է հասցվել. Լանա Ռավանդի-Ֆադայի
  • Մերձավոր Արևելք. Իրանը՝ դիվանագիտության և նոր պատերազմի սպառնալիքի արանքում

Ակրամինիան հավելել է, որ Իրանի զինված ուժերն ակտիվորեն թարմացնում են իրենց թիրախների ցանկը՝ հակառակորդի բոլոր տեսակի ակտիվներին հարվածելու համար:

Նա ասել է, որ հակամարտության վերսկսման դեպքում ԱՄՆ «հաստատությունները, սարքավորումները, անձնակազմը և շահերը հասանելիության ցանկացած վայրում կարող են թիրախներ դառնալ» իրանական զինուժի համար: Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, թե տարածաշրջանի երկրները պետք է իմանան, որ Թեհրանը Վաշինգտոն է ուղարկել իր «ուժեղ և ռացիոնալ պատասխանն» ամերիկյան առաջարկներին, ապա հավելել է, որ պատերազմը կանխելու հարցում գնդակն այժմ ԱՄՆ-ի դաշտում է:

Մոհամմադ Ակրամինիայի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հայտարարություններում առկա է ռազմավարական կարևոր շեշտադրում։

Թեհրանը ոչ միայն զգուշացնում է ամերիկյան ռազմական օբյեկտներին և շահերին հարվածելու հնարավորության մասին, այլև փորձում է Վաշինգտոնին հասկանալի դարձնել, որ նոր պատերազմի գինը չի սահմանափակվելու Իրանի տարածքով կամ Պարսից ծոցի ռազմական ենթակառուցվածքներով։

Հակամարտության աշխարհագրության ընդլայնման մասին հայտարարությունը ենթադրում է նաև ամերիկյան տարածաշրջանային ներկայության, դաշնակիցների և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքների նկատմամբ ճնշման հնարավորությունը։ Իրանի համար սա կարևոր բանակցային լծակ է։

Միաժամանակ, Թրամփի՝ պատերազմի վերսկսումը չբացառելու և Քոլանգ լեռան միջուկային օբյեկտին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը ևս չի հրաժարվում ռազմական ճնշումը որպես բանակցային գործիք օգտագործելուց։

Իրանա-ամերիկյան դիմակայության հետևանքները, սակայն, արդեն վաղուց դուրս են եկել երկկողմ հարաբերությունների շրջանակից։ Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ և առևտրային համակարգի ռազմավարական հանգույցներից է, և դրա նկատմամբ վերահսկողության հարցը Թեհրանի համար վերածվել է արտաքին քաղաքական ազդեցության կարևորագույն գործիքներից մեկի։

Նեղուցում նավագնացության խափանումները, ամերիկյան ծովային շրջափակման շարունակությունը կամ Իրանի կողմից պատասխան գործողությունները կարող են ուղղակիորեն ազդել էներգակիրների միջազգային շուկաների և ծովային հաղորդակցությունների վրա։

Միաժամանակ, Իրանի հայտարարությունները՝ Իրաքի հյուսիսում հակակառավարական քրդական խմբավորումների հնարավոր ներգրավման, ինչպես նաև հակամարտության աշխարհագրությունն ընդլայնելու վերաբերյալ, վկայում են, որ Թեհրանը ռազմական սպառնալիքները դիտարկում է տարբեր ճակատների տրամաբանությամբ։ Սա նշանակում է, որ նոր էսկալացիայի դեպքում անվտանգության խնդիրների առջև կարող են կանգնել շատ երկրներ։

Հարավային Կովկասի պարագայում այս զարգացումներն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ տարածաշրջանում հաղորդակցությունների վերակազմավորման գործընթացն ընթանում է արտաքին ուժերի ռազմավարական մրցակցության պայմաններում։ Վաշինգտոնի մասնակցությամբ TRIPP նախագծի առաջմղումը, Թուրքիայի և Ադրբեջանի՝ տարածաշրջանային տրանսպորտային կապերի շուրջ ունեցած հավակնությունները, ինչպես նաև Իրանի՝ իր հյուսիսային սահմանների աշխարհաքաղաքական նշանակությունը պահպանելու ձգտումը փոխկապակցված գործընթացներ են։

Իրանի համար Հայաստանի հետ սահմանը միայն հարևան երկու պետությունների միջև սահմանագիծ չէ։ Այն Իրանի՝ դեպի Կովկաս և Եվրասիական տնտեսական տարածք դուրս գալու, հյուսիսային հաղորդակցությունները պահպանելու և տարածաշրջանում աշխարհաքաղաքական մեկուսացում թույլ չտալու կարևորագույն գործոններից է։

Հետևաբար՝ Սյունիքում նոր հաղորդակցային ենթակառուցվածքի ձևավորումը, հատկապես՝ ամերիկյան ինստիտուցիոնալ և տնտեսական ներգրավվածությամբ, Թեհրանի կողմից դիտարկվում է նաև իր ազգային անվտանգության երկարաժամկետ հաշվարկների տեսանկյունից։ Իրանի մտահոգության հիմքում, ըստ էության, ոչ թե հաղորդակցությունների ապաշրջափակումն է, այլ այն հարցը, թե այդ գործընթացի արդյունքում ինչպիսի ուժային և վերահսկողական համակարգ է ձևավորվելու իր հյուսիսային սահմանների անմիջական հարևանությամբ։

Իրանի դիրքորոշման ինստիտուցիոնալ բնույթը հատկապես ակնհայտ դարձավ TRIPP-ի շուրջ հայ-իրանական քննարկումների ընթացքում։ Սեպտեմբերի 17-ին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարեց, որ Թեհրանը ցանկանում է, որ նախագծի իրականացման շրջանակում ձևավորվի հատուկ ինստիտուցիոնալ մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի քննարկել առաջացող խնդիրները և կառավարել անվտանգության ռիսկերը։

Դեսպանը բացահայտ նշել էր ամերիկացիների՝ հայ-իրանական սահմանին հնարավոր ներկայության նկատմամբ Իրանի մտահոգությունը՝ ընդգծելով, որ այդ մտահոգությունները փարատելու լավագույն ճանապարհը մշտական վերահսկողական և խորհրդակցական մեխանիզմի առկայությունն է։

TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան պայմանավորվածություններն այս տեսանկյունից պահանջում են ավելի մանրամասն դիտարկում։ ԹՐԻՓՓ համաձայնագրի բոլոր դրույթների համադրությունը ցույց է տալիս, որ TRIPP-ը միայն ճանապարհային կամ երկաթուղային նախագիծ չէ, այլ երկարաժամկետ կառավարման, ներդրումային և ենթակառուցվածքային համակարգ։ Հետևաբար, Իրանի հարցադրումները վերաբերում են ոչ միայն սահմանային անվտանգությանն առնչվող ձևակերպումներին, այլև նախագծի կառավարման ամբողջ ճարտարապետությանը։

Մի կողմից՝ համաձայնագրում Հայաստանի ինքնիշխան լիազորությունների պահպանումը հստակ ամրագրված է, մյուս կողմից՝ նախագծի կառավարման ընկերությունում ամերիկյան կողմի վերահսկիչ մասնաբաժինը, 49-ամյա զարգացման իրավունքները, երրորդ կողմերի ներգրավման հնարավորությունը և առանձին ենթակառուցվածքային ընկերությունների ձևավորումը ստեղծում են հարցեր, որոնց պատասխանը միայն ինքնիշխանության մասին ընդհանուր դրույթներով հնարավոր չէ տալ։

Ո՞վ է իրականացնելու օպերատիվ կառավարումը, ինչպիսի՞ տեղեկատվական համակարգեր են գործելու, ի՞նչ սահմաններ են ունենալու մասնավոր օպերատորների լիազորությունները, ինչպե՞ս են վերահսկվելու անվտանգության ընթացակարգերը, և ի՞նչ երաշխիքներ են գործելու, եթե տարածաշրջանում ֆորսմաժորային իրավիճակներ լինեն։

Սրանք հարցեր են, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության շահերին։ Հատկապես կարևոր է, որ հայ-ամերիկյան պայմանավորվածությունները չվերածվեն Իրանի հետ հարաբերություններում նոր անվստահության աղբյուրի։

Անկախ նույնիսկ ԹՐԻՓՓ պրոյեկտից, իրանա-ամերիկյան դիմակայության ներկայիս փուլը Հայաստանի համար առաջ է բերում ոչ թե մեկ առանձին, այլ խնդիրների ամբողջություն։ Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, և Իրանը գործնականում ընդլայնի հակամարտության աշխարհագրությունը, Հարավային Կովկասը կարող է հայտնվել ավելի մեծ ուժային մրցակցության ազդեցության ներքո։

Այդ պայմաններում TRIPP-ի իրականացումը պահանջելու է շատ ավելի բարձր մակարդակի քաղաքական հաշվարկ։ Հայաստանի հիմնական խնդիրը ոչ թե արտաքին խաղացողների միջև հավասարակշռության մասին չոր հայտարարություններ անելն է, այլ թույլ չտալը, որ նրանց հակասությունները վնասեն մեր անվտանգությանը։ TRIPP-ի իրական արժեքը կախված է նրանից, թե արդյո՞ք այս ճանապարհները կամրապնդեն Հայաստանի ինքնիշխանությունը՝ առանց Իրանի հետ հարաբերությունները փչացնելու և ՀՀ-ն մեծ տերությունների բախման հարթակ դարձնելու։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Իրան-ԱՄՆ դիմակայության հետագա խորացումն ու աշխարհագրական ընդլայնումն ուղղակիորեն հավասար են TRIPP նախագծի շուրջ աշխարհաքաղաքական լարվածության աճին։ Որքան սրանա Վաշինգտոնի և Թեհրանի միջև ռազմաքաղաքական հակամարտությունը, այնքան Իրանն ավելի կոշտ ու անհանդուրժող դիրքորոշում կորդեգրի իր հյուսիսային սահմանների մոտ ամերիկյան ցանկացած ներկայության նկատմամբ։

—

Boris Nahapetian:
Related Post