X
    Categories: News

Միջանցքային և անվտանգային թյուրքական մեծ օրակարգը՝ Բաքվի և Անկարայի փոխադարձ

Նոյեմբեր 2, 2026

Հոկտեմբերի 29-30-ն Անկարայում կայացել է Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովը։ 34 տարի առաջ այս օրերին Անկարայում տեղի էր ունեցել թյուրքական աշխարհի առաջնորդների առաջին գագաթնաժողովը. հինգ նորանկախ թյուրքական հանրապետությունների առաջնորդները՝ Աբուլֆազ Էլչիբեյը, Նուրսուլթան Նազարբաևը, Ասկար Ակաևը, Սափարմուրատ Նիյազովը և Իսլամ Քարիմովը, 1992 թվականին հոկտեմբերի 29-30-ը հանդիպել էին Անկարայում՝ Թուրքիայի այն ժամանակվա Թուրգութ Օզալի և վարչապետ Սուլեյման Դեմիրելի նախագահությամբ։

Ըստ էության, 2026 թվականին Անկարայում տեղի ունեցած գագաթնաժողովը 34 տարի առաջ մեկնարկած գործընթացի շարունակությունն է: Սակայն ժամանակակից աշխարհի անվտանգային և այլ մարտահրավերների, ինչպես նաև թյուրքական աշխարհի ինտեգրացիոն գործընթացների պայմաններում համագործակցությունը ձեռք է բերել այնպիսի ձևաչափեր, որոնք նախկինում անհավանական էին թվում:

Այս համատեքստում կարևոր է հիշել մի քանի դրվագ:

2009 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրվեց Նախիջևանի համաձայնագիրը, որով պաշտոնապես հիմնադրվեց Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը: Իսկ 2021 թվականի նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) 8-րդ գագաթնաժողովի ընթացքում կազմակերպությունը վերանվանվեց «Թյուրքական պետությունների կազմակերպություն» (ԹՊԿ), ինչպեսև՝ ընդունվեց «Թյուրքական աշխարհ-2040» ռազմավարական տեսլականը, որը սահմանեց թյուրքական պետությունների հետագա համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակները:

Կարդացեք նաև

  • Բաքուն պատմություն է հորինում՝ Հայաստանի դեմ, Փաշինյանը սպառնում է ընդդիմությանը
  • Իրանի դեմ նոր հարձակումից 5 է պակաս, սրանք աթոռ են պոկում, դրսում խաշ ուտում. Էդուարդ Շարմազանով
  • Էդ որ ուրախանում եք, Իրանը որ մտավ, ո՞նց եք հանելու. TRIPP-ը Թրամփի անվան Զանգեզուրի միջանցքն է. դա Մեղրիի հանձնում չէ՞. Միհրան Հակոբյան

2026 թվականի հոկտեմբերի 29-30-ը կայացած Անկարայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է արձանագրություն, որը սահմանել է հստակ քայլեր՝ «Միասնություն՝ լեզվի, մտքի և գործի մեջ» կարգախոսի հիման վրա:

Ի՞նչ քայլեր են նախանշվել թյուրքական պետությունների համատեղ հայտարարությամբ:

■ Թյուրքական պետությունների քաղաքացիների համար օդանավակայաններում հատուկ միջանցքների ստեղծում:

■ «Զանգեզուրի միջանցքի» և երկաթուղային նախագծերին աջակցություն:

Անկարայի հռչակագրում, մասնավորապես, ընդգծելով թյուրքական աշխարհի ռազմավարական դիրքն Արևելքի և Արևմուտքի միջև, կարևորվել է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու՝ «Արևելք-Արևմուտք» միջին միջանցքի ամրապնդումը։ Բացի այս, թյուրքական պետությունների առաջնորդներն աջակցություն են հայտնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամբողջ հզորությամբ շահագործման ապահովմանը, «Զանգեզուրի միջանցքի» և Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթուղու նախագծերի իրականացմանը, նշված երթուղիները Միջին միջանցքին ինտեգրելուն: Կարևորվել է նաև Կենտրոնական և Հարավային Ասիայի միջև կապն ապահովող Տրանսաֆղանական երկաթուղու նախագծի նշանակությունը տարածաշրջանային առևտրի համար:

168.am-ն անդրադարձել է, որ Կարս-Գյումրի ուղղության ակտիվացումը նվազեցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու «բացառիկությունը», որ սա կարող է լարվածություն մտցնել հայ-վրացական հարաբերություններում: Իսկ «Զանգեզուրի միջանցք» կամ ԹՐԻՓՓ նախագծի կարևորությունը թյուրքական աշխարհի համար ավելորդ է նշել, և, որ պատահական չէ՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակը համարվում է թյուրքական աշխարհինը:

Այսինքն, Թուրքիայի ուղիղ մասնակցությունը պատերազմին զուտ կրտսեր եղբորը ռազմական աջակցություն ցուցաբերել չէր, այլ՝ այստեղ Թուրքիան իր սեփական հաշվարկներն ուներ, որը, մասնավորապես, կապված էր «Զանգեզուրի միջանցքի» հետ:

■ Համագործակցություն էներգետիկ միջանցքների և կարևորագույն ռազմավարական հումքային ռեսուրսների ոլորտում:

Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և «Հարավային գազային միջանցքի նախագծերի ռազմավարական նշանակությանը։

Հավելենք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման և էներգետիկ միջանցքների վերաբերյալ կետեր կան նաև 2021 թվականի հունիսին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված Շուշիի հռչակագրում, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի», Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջին միջանցքի, «Հարավային գազային միջանցք» նախագծի մասին:

«Թյուրքական աշխարհի տնտեսական ինտեգրումն այն գլխավոր առաջնահերթություններից է, որոնց մեր կազմակերպությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի առաջիկա ժամանակահատվածում։ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, որը հայտնի է նաև որպես «Միջին միջանցք», դրա համար պատմական հնարավորություն է ընձեռում։

Այսօր, երբ Ասիայի և Եվրոպայի միջև առևտրային կապերը վերակառուցվում են, թյուրքական աշխարհագրական տարածքը հնարավորություն ունի դառնալու համաշխարհային տրանսպորտային և լոգիստիկ ցանցերի կարևոր կենտրոններից մեկը։ Մենք զարգացնում ենք մեր երկաթուղիները, նավահանգիստները, ավտոմոբիլային հաղորդակցությունը և մաքսային համակարգերը՝ որպես իրար փոխլրացնող համակարգեր»,- Անկարայի գագաթնաժողովի համատեքստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Իսկ Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված արձանագրության մեջ չի անտեսվել նաև պաշտպանական ոլորտը: Մասնավորապես, օրակարգային հարց է համարվել Թուրքիայի հովանու ներքո Թյուրքական պետությունների կազմակերպության Պաշտպանական արդյունաբերության քոլեջի ստեղծումը: Բացի այս, կարևորվել է ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության դեմ համատեղ պայքարը:

■ Հայտարարվել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության շրջանակում մշակված՝ 12U չափի «TDT-SAT» արբանյակի արտադրության ավարտի մասին։

Եվ թեև նշվում է, որ նպատակը Երկրի դիտարկումների իրականացումն է, ուղեծրում նոր տեխնոլոգիաների փորձարկումը և թյուրքական պետություններին պատկանող տիեզերակայանի համատեղ մոդուլի մշակումը, սակայն չենք կարող բացառել, որ արբանյակային տվյալների փոխանակումն ու համատեղ օգտագործումը կարող են ծառայել նաև ռազմական նշանակության նպատակների: Սա չի կարող Հայաստանն անտեսել:

Այս համատեքստում չենք կարող շրջանցել 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում կարևորվել է անդամ երկրների ռազմական և պաշտպանական համագործակցության ակտիվացումը:Ավելին, Ադրբեջանի

նախագահ Իլհամ Ալիևն այդ ժամանակ առաջարկել էր 2026 թվականին անցկացնել թյուրքական պետությունների համատեղ զորավարժություններ: Տարբեր մակարդակներում քննարկվում էր նաև պաշտպանական միասնական համակարգի ստեղծման կարևորության մասին, ինչը կարող էր Իրանի դեպքում մտահոգության տեղիք տալ: Ի դեպ, Գաբալայի գագաթնաժողովին մասնակցել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Իսկ Անկարայի գագաթնաժողովի արդյունքներով՝ Կոնգրեսում նախագահությունն Ադրբեջանից փոխանցվել է Թուրքիային, ընդ որում՝ Ալիևի բացակայությամբ:

Չնայած Էրդողանի հեռախոսազանգի միջոցով ուղիղ հրավերին՝ Ալիևը չի մասնակցել Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին՝ իբր նախապես ծրագրված միջոցառումներին մասնակցելու և աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով: Ալիևի փոխարեն Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Որքան էլ Ալիևի՝ Թուրքիա չմեկնելն ունենա նաև աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածության իրական պատճառ, բայց Բաքվում սրան զուգահեռ՝ նաև ակնարկել են, որ դիպլոմատիան փոխադարձություն է սիրում և այդ սկզբունքի խախտումը չի մոռանում:

2024 թվականի հուլիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի մասնակցել Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Նա այդ ժամանակ նախընտրել է մասնակցել Թուրքիայի և Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը։

2026 թվականի մայիսին էլ Էրդողանը չի այցելել Ադրբեջան՝ քաղաքաշինության հարցերով համաշխարհային ֆորումին մասնակցելու համար, իսկ այս տարվա հոկտեմբերին բաց է թողել Բաքվում հրավիրված Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովը։

2026 թվականի հոկտեմբերի 24-30-ն Ադրբեջանում անցկացվել է FIFA U-15-ի աշխարհի առաջին առաջնությունն ու փառատոնը։ Հատկանշական է, որ Ալիևը, ըստ էության, Էրդողանի բացակայություններին համարժեք ժեստով է պատասխանել՝ չմեկնելով Անկարա:

Եվ ոչինչ, որ Անկարայի գագաթնաժողովի օրերին Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ Ալիևն Էրդողանին շնորհավորական նամակ է ուղարկել, որում, մասնավորապես նշվում է.

«Ադրբեջանին ու Թուրքիային միմյանց կապում է իրական բարեկամությունը և եղբայրությունը՝ պատմության փորձություններն անցած կապերով։ 2021 թվականին Շուշիի հռչակագրի ստորագրմամբ, մեր երկրների հարաբերությունները բարձրացան ամենաբարձր մակարդակի՝ դաշնակցային հարաբերությունների, և ձեռք բերեցին որակապես նոր բովանդակություն ու էություն»:

Ի դեպ, նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի ինքնաթիռը, որով նա մեկնում էր Կորեայի Հանրապետություն, մտել է Ադրբեջանի օդային տարածք: Եվ նախագահական օդանավի օդաչուն կապ է հաստատել դիսպետչերի հետ ու փոխանցել Թուրքիայի ղեկավարի շնորհավորական ուղերձն Ալիևին՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի 6-րդ տարեդարձի առթիվ։

Արդյո՞ք այս ժեստը որևէ տողատակ ուներ։ Չի բացառվում, հատկապես եթե հաշվի առնենք, որ 6 տարի առաջ այս օրերին սկսվել էր Շուշին վերցնելու օպերացիան, որում իր դերակատարումն է ունեցել նաև թուրքական զինվորականությունը։

—

Hambardsumian Paul:
Related Post