X
    Categories: News

Գազի ներկրումը Հայաստան. կիրականանա՞ն արդյոք դիվերսիֆիկացման երազանքները

Նոյեմբեր 2, 2026

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը Ալեն Սիմոնյանը պարբերաբար հայտարարում է բնական գազ գնելու մասին՝ «ամեն տեղից, որտեղից դա հնարավոր է»։

«Եթե Ռուսաստանը մեզ գազ մատակարարի՝ գազ կգնենք Ռուսաստանից, եթե Ադրբեջանը մատակարարի՝ կգնենք Ադրբեջանից, եթե Իրանը՝ Իրանից։ Եթե հնարավորություն լինի Թուրքիայից որևէ տեղ գազ գնել, միաժամանակ կգնենք նաև նրանից։ Ո՞վ ասաց, որ պետք է դուրս գալ մի գրպանից և ցատկել մյուսը»։ Ընդ որում, Երևանում մտադիր չեն «մի երկրից կախվածությունը փոխարինել մյուսից կախվածությամբ»՝ նախընտրելով չմեկնաբանել այլընտրանքային կապույտ վառելիքի մատակարարման երթուղիները։

Հետաքրքիր է այս համատեքստում հիշատակել Թուրքիան, որի միջերկրածովյան նավահանգիստներ հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) կմատակարարվի Ալժիրից, Լիբիայից և հենց Ամերիկայից։ Ադրբեջանից և Իրանից եկող խողովակաշարերն անգործության են մատնված 1990-ականների սկզբից։ «Նավթագազային արդյունաբերություն» պորտալի տվյալներով՝ խոսքը TRIPP («Թրամփի երթուղի») նախագծի մասին է, որը նախատեսում է 42 կիլոմետրանոց հատվածի կառուցում հայկական տարածքով (Մեղրիի և Ագարակի տարածքով,- խմբ.): Այդ ենթակառուցվածքի շրջանակներում նախատեսվում է գազատար կառուցել, ինչն էներգամատակարարման նոր հնարավորություն է բացում։

Հայաստանում հայտարարել են, որ Ադրբեջանին դիտարկում են որպես գազի պոտենցիալ մատակարար՝ իրանական ուղղության հետ միասին։ Հիշեցնենք, որ գազի որոշ ծավալներ Իրանից Հայաստան են գալիս 2007 թվականից՝ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային մատակարարումների շրջանակներում։

Կարդացեք նաև

  • Ժամասլաքների ճշգրտո՞ւմ Բրյուսելում՝ Մոսկվային ընդառաջ. Փաշինյանի այցն ու ԵՄ ընդլայնման «հեռավոր» հորիզոնները
  • ԹՐԻՓՓ-ի 74 տոկոսը պատկանում է ամերիկացիներին, այնտեղ, որտեղ ամերիկացիները որևէ բան վերահսկում են, ոչ ոք նույնիսկ ծպտուն հանել չի կարող. Միհրանյան
  • Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին

Գազի հիմնական մասը (նվազագույնը՝ 90%) Հայաստան է մտնում Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով անցնող տարանցիկ խողովակաշարով։ 2025 թվականին «Գազպրոմը» երկիր է մատակարարել մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր։ Ս.թ. մայիսի վերջին, բանավեճի հերթական սրման և Հայաստանից գյուղմթերքի ներկրման սահմանափակումների սահմանման համապատկերին, ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը Երևան էր ուղարկել ծանուցում՝ գազի, նավթամթերքի և ալմաստների մատակարարման մասին 2013 թվականի դե ֆակտո անժամկետ համաձայնագրի հնարավոր կասեցման կամ չեղյալ հայտարարման մասին, եթե Երևանը շարունակի տնտեսական մերձեցումը ԵՄ-ի հետ։

Իր հերթին, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է Ռուսաստանի կողմից գազի գնի հնարավոր բարձրացումը (առայժմ դա մոտ 177,5 դոլար է 1000 խորանարդ մետրի դիմաց)՝ այն որակելով «ապոկալիպտիկ երևույթ» և որպես գլխավոր հետևանք՝ կանխատեսելով գնաճի տեմպերի արագացումն ու տնտեսական աճի նվազման ռիսկերը։ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հաշվարկների համաձայն՝ Հայաստան մատակարարվող գազի գնի 69% բարձրացման դեպքում վերջնական սպառողների համար գինը կբարձրանա մոտ 29%-ով՝ 1 խմ-ի դիմաց 143 դրամից դառնալով 185 դրամ։ Տնային տնտեսությունների ծախսերի ավելացումը կհանգեցնի այլ ծախսերի կրճատմանը, հետևաբար՝ նաև պահանջարկի անկմանը, ինչն առաջին հերթին՝ կհարվածի առևտրի և ծառայությունների ոլորտին։

«Այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ծանր արդյունաբերությունը, որտեղ գազը զգալի մասնաբաժին է զբաղեցնում ծախսերի կառուցվածքում, անխուսափելիորեն դժվարությունների են բախվելու։ Դա ուղղակի հարված կհասցնի երկրի տնտեսական ներուժին։ Հենց այդ պատճառով Մարտին Գալստյանը հիշատակեց այդ էքստրեմալ սցենարը, և ես համաձայն եմ նրա հետ»։

Մոտավորապես նույն փաստարկներն է պարունակում «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին» զեկույցը, որը պատրաստվել է՝ ի կատարումն Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության, որն ընդունվել է Եվրոպական միությանն անդամակցելուն ուղղված Հայաստանի Հանրապետության գործողությունների, այդ թվում՝ 2025 թվականին հավանության արժանանալու կապակցությամբ։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ռուսական գազը Հայաստանին ավելի էժան է նստում, պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ դրա գինը, իբր, «չափվում է ոչ միայն դոլարով… Իսկ ո՞վ ասաց, որ գազի գինն ավելի էժան է։ Դուք տեսնում եք, որ գազն օգտագործվում է որպես քաղաքական արժույթ»։ Հիշեցնենք, որ գազի գործող սակագինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից սահմանվել էր 2022 թվականի մարտի 1-ին և ուժի մեջ էր մտել նույն թվականի ապրիլի 1-ից։

2019 թվականից Հայաստանի հետ սահմանին ռուսական գազի պայմանագրային գինը կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար (իրականում՝ 177,53 դոլար)։ Կենցաղային սպառողների համար գազի գինը մեկ խորանարդ մետրի համար կազմում է 143,7 դրամ, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ 100 դրամ։ Բյուջեի (այսինքն՝ հայ քաղաքացիների) հաշվին ձևավորվող պետական սուբսիդիաների շնորհիվ, անգամ վերջին թանկացումներից հետո, այդ սակագինը մնաց անփոփոխ (տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում)։

Միաժամանակ, 2023 թվականից Հայաստանն ավելացնում է հեղուկացված ածխաջրածնային գազերի (ՀԱԳ) ներմուծումը։ 2025 թվականին համապատասխան մատակարարումները կազմել են գրեթե 285 հազար տոննա՝ մոտ մեկ երրորդով բարձր 2024 թվականի մակարդակից և գրեթե կրկնակի ավելի, քան 2023 թվականին։

Առյուծի բաժինը (94,6%), ինչպես նախկինում, կազմել է ներմուծումը ՌԴ-ից։ Մատակարարումները կատարվել են նաև Իրանից (գրեթե 37% աճ), Իրաքից (Իրանի և Վրաստանի նավահանգիստների միջոցով), ինչպես նաև ԱՄԷ-ից, Չինաստանից և Գերմանիայից։ Սակայն ռուսական մատակարարումների գերիշխող դերը հազիվ թե հաջողվի կասկածի տակ դնել այս մասնակի դիվերսիֆիկացիայով։

Ադրբեջանն ու Իրանը չեն կարողանա Հայաստանին անհրաժեշտ ծավալներով գազ մատակարարել, առավել ևս՝ համադրելի գնով, կարծում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը։ «Ադրբեջանն այժմ ազատ գազ չունի, քանի որ ամբողջ գազը վաճառում է Եվրոպային։ Այնտեղ հերթ է կանգնած ադրբեջանական գազի համար, և այն խլում են։ Իրանական նախագծերը տեխնոլոգիապես չափազանց բարդ են։ Դրա համար էլ այստեղ, փաստորեն, ևս մեկ անգամ կրկնում եմ, այդ գազը գտնելը շատ դժվար կլինի, իսկ դրա գինն ակնհայտորեն ավելի բարձր կլինի, քան գազպրոմայինը»։

«Այնպես որ, ես կարծում եմ, որ դժվար թե «Գազպրոմը» գինը բարձրացնի ավելի քան երկու անգամ։ Բայց նույնիսկ, եթե ներկայիս գնին ավելացվի նույնքան, այսինքն՝ այն բազմապատկենք երկուսով, այն, միևնույն է, ցածր կլինի այլընտրանքային մատակարարումների հավանական արժեքից։ Ուստի օբյեկտիվորեն ավելի էժան կլինի վճարել նոր գնով։ Իսկ այդ նոր գինը կարող է և չլինել, եթե Հայաստանը ճիշտ որոշում կայացնի։ Բայց այստեղ ընտրությունը Հայաստանի կառավարությանն է»։

Մինչդեռ դեռ 2011-ին Երկրաբանական ծառայությունը Արամուսի շրջանում, իբր, հայտնաբերել էր թերթաքարային նավթի առնվազն 44 մլն տոննա պաշար։ Ավելի վաղ՝ 2005 թվականին, հայտարարվել էր Իջևանում, Շամուտում և Ջերմանիսում (ընդհանուր առմամբ) մինչև 18 մլն տոննա թերթաքարային նավթի առկայության մասին, և նույնիսկ 128 մլն տոննա՝ Դիլիջանում։ Իսկ 2014 թվականին նույն ծառայությունը հայտնել է Հայաստանում 1 մլն բարել նավթ և 6 մլրդ խմ գազ հայտնաբերելու հեռանկարների մասին՝ նշելով, որ չորս պոտենցիալ տարածաշրջանների մեջ նավթի և գազի առկայությունը փորձագետները հավանական են համարում առնվազն 10 տոկոսով երկրի կենտրոնում՝ Աշտարակ, Աբովյան, Հրազդան քաղաքների և Սևանի արևմտյան ափի միջև: Մեկ այլ գոտի, որը նշված է որպես թերթաքարային գազի հեռանկարային գոտի՝ նավթի և բնական գազի երևակումներով, տարածվում է, ըստ նույն ծառայության տվյալների, Հայաստանի արևմտյան սահմանից (որտեղ Ախուրյան և Արաքս գետերի միախառնումն է) մինչև Զանգեզուրի լեռնաշղթայի լանջերը։

Ի դեպ, Հայաստանում էներգառեսուրսների կոմերցիոն ծախսարդյունավետ պաշարների առկայության մասին պարբերական «սենսացիոն» հաղորդագրությունները բազմիցս չեն հաստատվել։

Միջազգային էներգետիկ գործակալությունը մատնանշում է Հայաստանում նավթի և բնական գազի ապացուցված պաշարների բացակայությունը։ Միջազգային առևտրի ամերիկյան վարչությունը 2025 թվականի դեկտեմբերի 15-ի երկրի տեղեկանքում նույնպես Հայաստանը բնութագրում է որպես սեփական նավթագազային պաշարներ չունեցող երկիր, որը կախված է ներմուծումից, իսկ դա դիվերսիֆիկացնելն այնքան էլ հեշտ չի լինի։

ՏԻԳՐԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Adrine Hakobian:
Related Post