X
    Categories: News

168: Վազգեն Սարգսյանը երբեք Մեղրին հանձնելուն կողմ չի եղել. Իրանի դեմ օգտագոր

Հոկտեմբեր 28, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց TRIPP-ը՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագիրը:  «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

  • «Թրամփի երթուղին»՝ Հայաստանի հարավի բնական պաշարների նշանառությամբ
  • Իվան չլինի, Ռաշիդ լինի…Մարզպետին հարցրե՛ք…Մեր թիմից ոչ ոք Ռուսաստանի ու ռուս ազգի նկատմամբ թշնամական վերաբերմունք չունի. Սարիկ Մինասյան
  • Հիմա ո՞վ է Մեղրին հանձնում, ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը. Խաղաղության պայմանագիր պետք չէ կնքել, Սահմանադրությունը պետք չէ փոխել. Արամ Օրբելյան
  • TRIPP-ն իրականում միակողմանի առավելություն է Ադրբեջանի համար, որի դիմաց մենք ստանում ենք կասկածելի դիվիդենտներ: Սրա մասին շատ պարզ գրել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ ասելով, որ Հայաստանին իրենք կարողացել են գայթակղել Հրազդանի գործարանի չիպերի ֆաբրիկայի՝ դատա-կենտրոն Firebird-ի դիմաց: TRIPP` նշանակում է, որ Ադրբեջանը ստանում է միակողմանի անխոչընդոտ տրանզիտ Հայաստանի տարածքով, իսկ փոխարենը մենք ոչինչ չենք ստանում. հայ գերիները Բաքվի բանտերից վերադարձված չեն, խաղաղության պայմանագիր կնքված չէ, Հայաստանն էլ շարունակում է մնալ շրջափակման մեջ: Ազգային ժողովում ՔՊ-ն վավերացրեց այն, այսքանով հանդերձ՝ գոնե սա խաղաղություն բերեր, բայց դա էլ չի բերում: Ավելին, TRIPP-ը վավերացրեցին, բայց էլի խաղաղություն չենք ստանում: Եթե հետևում ենք Ադրբեջանի ԶԼՄ-ներին, տեսնում ենք, որ ակնհայտ նախապատրաստություն է գնում Սյունիքի անեքսիայի համար: Իսկ Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի քարոզիչներից Թոֆիգ Զուլֆուղարովը երեկ բացահայտ գրել է, որ գրավելու են Սյունիքը, պարզապես սպասում են հարմար ժամանակի, հարմար պահի, իսկ Հիքմեթ Հաջիևն էլ, ով թերևս 2-րդ մարդն է Ադրբեջանում, ասում է՝ հայերը ներողություն պիտի խնդրեն մեզնից, ադրբեջանցիներն էլ պիտի գնան Հայաստան, ապրեն այնտեղ:
  • Ամերիկան Իրանի դեմ նոր, մեծ էսկալացիա, պատերազմ է նախապատրաստում Իսրայելի հետ միասին: Իրանում սպառնալիքներ են հնչում Ադրբեջանի հասցեին, որովհետև այնտեղ վստահ են, որ Ադրբեջանը այդ նոր լարվածության հարցում մասնակցություն է ունենալու: Չի բացառվում՝ Ադրբեջանը դառնա ռազմական օպերացիաների պլացդարմ՝ ընդդեմ Իրանի: Եվ այդ մասնակցության համար Ադրբեջանի գլխավոր պրիզը լինելու է Սյունիքի անեքսիան, և այդ ժամանակ մեզ ոչ մի TRIPP չի օգնի: Ակնհայտ է, որ այդ թոհուբուհի մեջ մենք չենք էլ պատկերացնում՝ ինչ կարող է լինել մեզ հետ: 
  • Երեկ Իսրայելում ընտրություններ տեղի ունեցան: Պատկերը դեռ վերջնական պարզ չէ, բայց դա ավելի վտանգավոր է, նախաճգնաժամային իրավիճակ է, որովհետև ժամանակավոր պաշտոնակատար է մնում Բենիամին Նեթանյահուն, որը շահագրգռված կարող է լինել պատերազմի շարունակությամբ՝ քրեական հետապնդումների չենթարկվելու, իր դիրքերն ամրապնդելու համար:

  • Այս իշխանությունները ոնց որ հատուկ ամեն բան անեն՝ մեր վիճակը բարդացնելու համար. աշխարհաքաղաքական այս իրավիճակում Ռուսաստանի հետ են հարաբերություններ սրում, Իրանի հետ բարելավման չեն գնում… 
  • Ընդդիմությունը պետք է իշխանությանը պատին ճզմեր, պետք է ասեին՝ լսե՛ք, ի՞նչ ենք ստորագրում, դուք էդ տարածքը գծել ե՞ք, քանի՞ կմ պետք է լինի, ո՞րն է TRIPP-ի աշխարհագրությունը, ի՞նչ տարածք է դա ներառում: Էդ հարցերը չհնչեցին Ազգային ժողովում: 
  • 2020 թվից Հայաստանը շարունակ զիջում է Ադրբեջանին, բայց չենք ստանում խաղաղություն: TRIPP-ը պետք է լիներ մեր վերջին զիջումը, որի դիմաց մենք ստանայինք խաղաղություն: Մենք միջազգայնորեն պարտավորություն ընդունեցինք, որը սահմանափակում է մեր ինքնիշխանությունը մեր տարածքում, լեգիտիմացրինք Ալիևի պահանջները, բայց էլի չունենք խաղաղություն: Դեռ մի բան էլ մնացին Սահմանադրություն փոխելու՝ Ալիևի պահանջի տակ:
  • Փաշինյանն ասում է՝ եթե ես չմնամ իշխանության, Ալիևը գալու է ձեզ հոշոտի. ինքն Ալիևի շանտաժը դարձրել է իր իշխանության ամրապնդման գլխավոր գործիքը:
  • Անգամ խորհրդարանական ընտրություններում 4-5 մանդատների գողությունից հետո Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն: Դրանք ինքը փորձում է ստանալ ընդդիմությունից՝ սպառնալով՝ եթե չտաք, կգնամ արտահերթ ընտրությունների, ավելի լավ է՝ էդ մի քանի պատգամավորին տվեք, դուք էլ մնացեք: Հարց է ծագում՝ եթե ընդդիմությունն իր մանդատները չի տալիս, ինքը կգնա՞ արտահերթ ընտրությունների:
  • Մամիկոն Ասլանյանը նստեց 2.7 տարի ու արդարացվեց: Որևէ մեկը պատասխան տալո՞ւ է դրա համար: Մամիկոն Ասլանյանը մաքուր պայքարում ընտրվում է համայնքապետ, դրա համար կալանավորվում է, հետո արդարացվում է: 2.7 տարի նրա կյանքից տանելու համար որևէ մեկը պատասխան տալո՞ւ է: Նույնը տեղի է ունենում Նոյեմբերյանի, Գյումրու, Ալավերդու ընդդիմադիր համայնքապետերի հետ: Փարաքարի ընտրված ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանեցին… Այսինքն՝ եթե դու ընդդիմադիր համայնքապետ ես, կա՛մ քեզ սպանում են, կա՛մ կալանավորում են, կա՛մ տարատեսակ ապօրինություններով խլում են իշխանությունը:
  • 2021 թվականից իրականացվող ՔՊ-ական «ռեֆորմը» և այս գործելակերպը ՏԻՄ-երը ժողովրդավարությունից զրկելու համար էր: Հաջորդ էտապը լինելու է լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը: Նպատակը Հայաստանի ալիևացումն է, երբ ամեն ինչ որոշելու է մեկ մարդ: Նոր ընդդիմություն ստեղծելու մասին Փաշինյանի խոսակցություններն այս ժանրից են: Նա ուզում է ստեղծել կառավարելի ընդդիմություն: Գագիկ Ծառուկյանին, Դաշնակցությանը չներեցին, որովհետև դուրս էին եկել կառավարելի ընդդիմության դերից (2018-ին միացել էին Փաշինյանին,- հեղ.): Սա անընդունելի բան է. մենք մեր քաղաքացիական ազատություններն ենք կորցնում: Իսկ դա վերջն է: Ժողովուրդը պետք է սա գիտակցի:

  • Լևոն Բարխուդարյանը՝ ֆինանսների նախկին նախարարը, ամենաքիչը գիտի, նա այն անձը չէ, ով կարող է հոկտեմբերի 27-ի, Մեղրիի մասին դատողություններ անել: Մեր իշխանության տարիներին Մեղրիով խոսակցություն ընդհանրապես չի եղել: Մեղրիի հետ կապված խոսակցությունը 1999 թվականին է շրջանառության մեջ մտել, երբ սկսեց խոսվել այն մասին, որ հնարավոր է՝ Ղարաբաղը տան մեզ, իսկ Մեղրին՝ Ադրբեջանին։ Դա Ռոբերտ Քոչարյանի օրոք եղած խոսակցություն էր…

Վազգեն Սարգսյանը չէր կարող դրան կողմ լինել, նա երբեք Մեղրին հանձնելուն կողմ չի արտահայտվել:

Բարխուդարյանն ասում է, շա՛տ լավ. դե թող Նիկոլ Փաշինյանը բացահայտի։ Ի՞նչն է խնդիրը։ Մանավանդ, որ խոսքը Ռուսաստանի դեմ մեղադրանքի, հակառուսականության մասին է։ Եթե նման բան կա, թող բացահայտեն։ Ինչպե՞ս է կարողանում գործեր սարքել Մամիկոն Ասլանյանի և Վարդան Ղուկասյանի դեմ, իսկ այստեղ, եթե դա իրականություն է, չի կարողանում իսկական գործը բացահայտել։ Ինչո՞ւ Հոկտեմբերի 27-ի գործը չի բացահայտում։ Ինչո՞ւ Մարտի 1-ի գործը մինչև վերջ չհասցրեց։

Հիշեցնենք. երեկ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը Factor TV-ի տաղավարում անդրադարձել էր 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, հայ-ռուսական հարաբերություններին:  Բարխուդարյանը կարծում է, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևում ռուսական հատուկ ծառայություններն էին։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանին ձեռնտու չէր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, տարածաշրջանային ճանապարհների բացումն ու Արևմուտքի ազդեցության մեծացումը Հարավային Կովկասում։ Նրա ներկայացրած հիմնական վարկածն այն է, որ ահաբեկչությունը նպատակ ուներ կանգնեցնել ընթացող քաղաքական գործընթացը։ Ըստ նրա՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը համաձայնության էին եկել Մեղրիով հաղորդակցությունների բացման և հայ-ադրբեջանական կարգավորման տարբերակի շուրջ։

Ռուսաստանը, ըստ Բարխուդարյանի, ցանկանում էր պահպանել Հարավային Կովկասի նկատմամբ իր գերիշխանությունը։ Նա ենթադրում է, որ տարածաշրջանի ապաշրջափակումը, Արևմուտքի ներգրավումը և Թուրքիայի միջոցով նոր հաղորդակցությունների զարգացումը կարող էին թուլացնել Մոսկվայի ազդեցությունը։

Խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին՝ Բարխուդարյանը հայտարարել է. «Ակնհայտ է, որ խոշոր պետություններից մեկի ծրագիրն էր, դա պատահական չէր, մինչև վերջ չեն բացահայտվել կազմակերպիչները: Մեծ մասը իրենք էլ չգիտեն՝ ովքեր են»,- նշել է նա՝ հստակեցնելով, թե ում էր դա ձեռնտու․ «Դա ռուսական արտաքին հետախուզության կազմակերպված… օպերացիա էր»։ Ըստ Բարխուդարյանի՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը համաձայն էին քննարկվող տարբերակին։  Նա կարծում է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող էին տեղեկություններ ունենալ բանակցությունների մասին։ Որպես օրինակ՝ նշում է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ստրոբ Թելբոթի հաճախակի այցերը Հայաստան և Վազգեն Սարգսյանի հետ հանդիպումները։

Միաժամանակ նա ընդունում է, որ գործի ամբողջական մանրամասներին տեղյակ չէ։

  • Ի դեպ, սիմվոլիկ էր TRIPP-ի համաձայնագիրը Հոկտեմբերի 27-ի օրով բերել Ազգային ժողով: Ալիևը սիրում է սադիստական սիմվոլիկաներ:
  • TRIPP-ը գործիք է, որի նպատակն Իրանին ու Ռուսաստանին տարածաշրջանային գործընթացներից դուրս մղելն է: Սրա մասին բացահայտ է հայտարարվել: Սա նաև Իսրայելի համար գործիք է Իրանի դեմ, ինչպես նաև Թրամփի ընտանիքի անդամները, օրինակ՝ Քուշները, որի ֆինանսական գործունեության մասին օրերս բացահայտումներ եղան, անձնական մեծ ֆինանսական շահագրգռվածություն ունեն: Մեծ գումարներ կվաստակեն, Հայաստանի առաջ կնետեն մի ոսկոր: Այս ողջ գործարքը, որն աշխարհաքաղաքական ու անձնական տնտեսական շահեր ունի, որքանո՞վ կապահովի Հայաստանի անվտանգությունը: Մենք հույս ունենք, որ 100 տարի Ամերիկան այնքան հզոր է լինելու, որ Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտում, ոտնձգություն չի՞ կարող լինել: Նախ սկսենք նրանից, որ Ամերիկան մեզ դրա համար ոչ մի երաշխիք չի տվել…

Հիշեցնենք. օրերս ամերիկյան հեղինակավոր «Vanity Fair» պարբերականը հոդված էր հրապարակել, որը մանրամասնում է 2018 թվականին ԱՄԷ-ի գաղտնի բանկային հաշվից Դոնալ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին կատարված 750 միլիոն դոլարի փոխանցումը, որի ծագումը քողարկվել է Ադրբեջանի բանկային համակարգի միջոցով։ Բացի այդ, նշվում է Ադրբեջանի միջոցով Իսրայելի կենտրոնական բանկին փոխանցված ևս 1 միլիարդ դոլարի մասին, ինչը հարցեր է բարձրացնում Սպիտակ տանը Մերձավոր Արևելքի քաղաքականության ձևավորման վրա ունեցած ազդեցության շուրջ: Հոդվածում, որը հատված է լրագրող Մեթյու Քոուլի սպասվող «Իշխաններ և գողեր» (Princes and Thieves) գրքից, ասվում է, որ ըստ հետաքննության՝ Նիդեռլանդների ռազմական հետախուզությունը (MIVD) 2018 թվականին մոնիտորինգի է ենթարկել Քուշների հեռախոսը և հայտնաբերել, որ նա մուտք է գործել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) բացված մի հաշիվ։ Այդ հաշվին ադրբեջանական բանկերից փոխանցվել է շուրջ 750 միլիոն դոլար։ Գրքում նշվում է, որ Ադրբեջանի բանկերն օգտագործվել են որպես միջնորդներ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի կողմից իրականացվող խոշոր փոխանցումների համար՝ փողերի իրական ծագումն ու նպատակակետը քողարկելու նպատակով։ Ջարեդ Քուշները և իր փաստաբանական թիմը հերքել են այս մեղադրանքները, պաշտոնական նամակով դիմել են «Vanity Fair»-ին՝ պահանջելով հեռացնել հոդվածը, այն անվանելով «զրպարտություն» և «հորինվածք»։

  • Եվրոպան այսօր գտնվում է մեծ ճգնաժամի մեջ, պայթում է և ելք չունի: Արևմուտքն այսօր 2 պատերազմում պարտվում է՝ ուկրաինական և իրանական: Ու մենք նման իրավիճակում հույսներս դրել ենք Արևմուտքի վրա:
  • Իհարկե, Ամերիկայի հետ պետք է համագործակցել, բայց չի կարելի մասնակիցը լինել սխեմաների, երբ դու դառնում ես Ամերիկայի բաստիոնը մի վիճակում, երբ Ամերիկան կամաց-կամաց կորցնում է իր ազդեցությունը տարածաշրջանում: TRIPP-ի դեմ դուրս են գալու Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը: Եղբա՛ր, քո սուվերեն տարածքին վերաբերող հարցերում դու մշակեիր այլ կոմունիկացիաների միանալու ծրագիր, օրինակ՝ Հյուսիս-Հարավին, որպեսզի գերտերությունները հասկանային, որ Հայաստանը մի երկիր է, որ պիտի մրցակցի իր մրցակցային առաջարկներով:
  • Եթե Իրանը բացահայտ չի հարձակվում TRIPP-ի կամ Հայաստանի իշխանությունների վրա, ապա միայն այն պատճառով, որ Իրանը հայերին բարեկամ ժողովուրդ է համարում, բայց դա երկար չի կարող շարունակվել…
  • Նիկոլ Փաշինյանի իշխանության աղբյուրն Ալիևն է: Սա համատեղ պրոյեկտ է՝ ԱՄՆ-Իսրայել-Եվրոպա-Ադրբեջան, որի առնվազն 50%-ը գտնվում է Ալիևի ձեռքում: Նիկոլի իշխանությունն ապօրինի է: 
  • Նիկոլի հակառուսականությունն այն ապրանքն է, որն ինքը ծախում է իր հովանավորների վրա: Դրա համար էլ ինքը չի վախենում:
  • Եթե գազը թանկանա, Հայաստանը կենթարկվի շատ ծանր տնտեսական շոկերի, բայց Նիկոլ Փաշինյանին դա չի հետաքրքրում: Իրեն իր հովանավորների շահերն են հետաքրքրում, որոնք էլ պահում են իր իշխանությունը:
  • Եթե Փաշինյանի ուղեղը նորմալ վիճակում լիներ, ինքն ամեն ինչ կաներ, որ մնար ԵԱՏՄ-ում, ԱԺ-ում անցյալ տարի իր կողմից ընդունած ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը գոնե կհաներ, կամ գոնե կմոդիֆիկացներ: Մոդիֆիկացիայի կարող է ենթարկել: Բայց ինչի՞ եմ ասում՝ անուղեղ են, որովհետև փոթորկից դուրս գալու պլաններ չունեն, իրենց մոտ ամեն ինչ հիմնված է պրոպագանդայի վրա՝ ռուսները շատ վատն են, Запад нам поможет, Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է գուրգուրել, խնամել, ամեն ինչ նորմալ է, մենք ազատվում ենք մեր կոլոնիալիստական անցյալից, Ղարաբաղի թոկը հանել ենք, հես է՝ եկեղեցունն էլ կհանենք… Սա է…

  • ԵԱՏՄ 4 երկիր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների մասին զեկույց են հրապարակել, ըստ որի՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազը կարող է թանկանալ մոտ 70%-ով, արտահանումը կարող է նվազել 30-50%-ով, Հայաստանի ՀՆԱ-ն կարող է նվազել ավելի քան 15%-ով… Լավ, եթե համաձայն չեք նրանց զեկույցի հետ, ապա առաջարկ եմ ձեզ անում.

Հայաստանը հնարավորություն ունի, չէ՞, կոնտր-զեկույց հրապարակելու: Ես առաջարկում եմ՝ Փաշինյանի կառավարությունը 70 էջանոց պատասխան-զեկույցով հանդես գա, որտեղ կգրեն, որ, օրինակ, ԵԱՏՄ այդ չորս երկրների կազմած զեկույցում նշված գնահատականները սխալ են, դե թող փաստարկված ասեն՝ իրականում մեր անկումը կլինի էսքան, ունեն վերելքի աղբյուրներ, Ադրբեջանից գազ կբերեն, Իրանից կբերեն… դե գոնե մի բան գրեք ինքնիշխան Հայաստանի ստրատեգիական կուրսի փոփոխության մասին… Բայց չեն անի, որովհետև թքած ունեն սեփական ժողովրդի ու հասարակության վրա: 

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post