Հոկտեմբեր 28, 2026
«Հայ-ռուսական հարաբերություններում նոր լարվածություն է հասունանում. պատճառն ու առիթը Շիրակի ՔՊ-ական գավառապետն է, որը Գյումրիի օրվա միջոցառումներից հետո իր խոսքում ռուսներին արհամարհական «իվաններ» անվանումն է տվել»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Գյումրիի օրվա միջոցառումներից հետո Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը քննադատել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով՝ «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը չէ, իսկ գյումրեցիները ձեր «Իվանը» չեն»:
Այս արտահայտությունը միջազգային և դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել: Մասնավորապես՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարեց, որ գրառման մեջ «իվանների» հիշատակումը ակամա հիշեցնում է նացիստական բառապաշարը և կարող է ազգային թշնամանք հրահրել:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՔՊ-ական Դավիթ Առուշանյանի խոսքերը որակեց որպես «նեոնացիստական կարգախոս» և նշեց, որ նա դրանով նախևառաջ նվաստացրել է հայ ժողովրդին, իսկ ՌԴ Դաշնության խորհրդի սենատոր Վլադիմիր Ջաբարովն առաջարկեց արգելել Շիրակի մարզպետի մուտքը Ռուսաստանի Դաշնություն:
«ՔՊ-ն ու էդ գավառապետը՝ կոնկրետ Շիրակի մարզպետը, ով Գյումրիում է ապրում, որ գիրք կարդար, կիմանար, որ իր ասած այդ «իվանների» շնորհիվ է, որ 1921 թվականի ապրիլի 22-ին Գյումրին՝ այն ժամանակ՝ Ալեքսանդրապոլը, և Ալեքսանդրապոլի ողջ գավառը, որ էսօրվա Շիրակի մարզն է, ամբողջությամբ ազատագրվել ու մաքրվել է թուրքական զորքերից»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նկատեց՝ եթե չլինեն այդ «իվանները», տվյալ դեպքում՝ Խորհրդային Ռուսաստանը, Ալեքսանդրապոլը չէր լինի հայկական, քանի որ իրենց պահանջով են 1921 թվականի ապրիլի 22-ին թուրքերը դուրս եկել Ալեքսանդրապոլից, որովհետև հայ-թուրքական պատերազմի արդյունքում 1920 թվականի նոյեմբերին թուրքերը գրավել էին Ալեքսանդրապոլը և ողջ Ալեքսանդրապոլի գավառը:
«Ալեքսանդրապոլի պայմանագրով, որը կնքվեց 2020 թվականի դեկտեմբերի 2 լույս 3-ի գիշերը, նրանք մնում էին այնտեղ, և միայն Հայաստանի խորհրդայնացումից և Խորհրդային Ռուսաստանի պահանջից հետո՝ 2021թ. ապրիլի 22-ին թուրքերը լքեցին Ալեքսանդրապոլը։
Էլ չեմ ասում, որ էդ նույն «իվանները» 1992 և 1993 թվականներին առնվազն 3 անգամ թույլ չեն տվել և կանխել են թուրքական առաջխաղացումը, իսկ ըստ Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի, մեջբերում եմ, «չափավոր հարվածը Հայաստանի ուղղությամբ»,-ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:
Նա նշեց՝ Շիրակի գավառապետը թող իմանա, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայության արդյունքում է նաև, որ իր մարզի բնակիչները և հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ գոնե սպառնալիք չեն զգացել Թուրքիայից։
«Իսկ ՔՊ-ն ներողություն խնդրելու կամ քննադատելու փոխարեն մի հատ էլ ասում են՝ կատակ է արել, կարող էր Իվանի փոխարեն «Ռաշիդ» ասել: Էդ մի օր չեղավ՝ «Իլհամ» ասեք, ի՞նչ է այն Հաջիևի անունը՝ «Հիքմեթ» ասեք…»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ սա հիմարագույն հայտարարություն է, և անթույլատրելի է նման բան անելը:
«Սա հերթական անգամ ցույց է տալիս էս մարդկանց և՛ տգիտությունը, և՛ պետական պաշտոն զբաղեցնելու անունակությունը, և՛ հակառուսական ու հակահայկական բնույթը»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
—