X
    Categories: News

Հաջիևի պահանջը թարմացվել է. «Բարդայի ողբերգությունը ծանր հանցագործություն է,

Հոկտեմբեր 29, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղղակի և անուղղակի շարունակում է տարբեր դեպքերի համատեքստում Հայաստանի «գործողությունների» համար իրավական գնահատական պահանջել:

Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ազգային ֆորումը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.

«Բարդայի ողբերգությունը ծանր հանցագործություն է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությունը: Մենք կարծում ենք, որ Բարդայում խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձած հարձակումները պետք է օբյեկտիվ գնահատականի արժանանան միջազգային իրավունքի շրջանակում, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։

Ադրբեջանական քաղաքացիական հասարակությունը միջազգային հանրությանը կոչ է անում սկզբունքային դիրքորոշում որդեգրել Բարդայի ողբերգության և պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ իրականացված այլ հարձակումների հարցում:

Կարդացեք նաև

  • Անդրանիկ Քոչարյանը հուշել է 44-օրյայում պարտության համար բանակի և Փաշինյանի պատասխանատվության «գոտիները»
  • Ադրբեջան պետությունը Թուրքիան է ստեղծել, նրանք հավասար չեն… Ադրբեջանի միտինգները շոու են. Լարիսա Ալավերդյան
  • Թուրքական «ճկուն» և «հիշաչար» հաշվարկներ, կամ՝ Էրդողանի «տակտիկական նահանջը»՝ հանուն մեծ ծրագրերի

Չպետք է մոռանալ անմեղ մարդկանց կյանքի իրավունքի կոպիտ խախտման մասին: Եվ անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել՝ զոհերի իրավունքները պաշտպանելու և արդարությունը վերականգնելու համար։

Արդարության ապահովումը ոչ միայն հարգանքի տուրք է ողբերգության զոհերի հիշատակին, այլև՝ ապագայում նման հանցագործությունների կանխարգելման կարևոր պայման։

Արդարությունն ու խաղաղությունը միմյանց բացառող հասկացություններ չեն»:

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին «Գյանջայի դեպքերից» հետո՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ին և 28-ին, Բաքուն Երևանին մեղադրել էր Բարդայի (Պարտավ) քաղաքի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար:

«Հայաստանի զինված ուժերը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից գնդակոծել են Բարդա քաղաքը, որը գտնվում է Ղարաբաղում մարտական գործողությունների գոտու մերձակայքում։ Հոկտեմբերի 28-ին՝ մոտավորապես ժամը 13:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 12:00-ին), Բարդա քաղաքի մարդաշատ թաղամասերին արգելված կասետային զինամթերքի կիրառմամբ հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 21 խաղաղ բնակիչ, շուրջ 70-ը՝ վիրավորվել»,- հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նուն օրը՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը «Սմերչի» կիրառմամբ հարվածներ հասցնելու այս մեղադրանքը համարել էր անհիմն և կեղծ:

Դրանից մեկ օր առաջ էլ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը տարածել էր հետևյալ հայտարարությունը.

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք:

Ո՛չ ՀՀ զինված ուժերը, ո՛չ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»:

Բայց սա հետ չի պահել Ալիևի օգնական Հաջիևին, որ 2020 թ. հոկտեմբերի 28-ին պնդի, որ «Հայաստանը Բարդայում ցեղասպանական ակտ է իրականացրել»:

«Բարդայում ռազմական նշանակության որևէ օբյեկտ չկա։ Այն տարածքում, որին հրթիռը դիպել է, շուկա էր, առևտրային օբյեկտներ… Բարդայում տեղի ունեցածը ահաբեկչություն է, ցեղասպանություն։ Մենք դիմում ենք միջազգային հանրությանը՝ այս ահաբեկչությունը պետք է դատապարտվի»,-նշել էր նա:

Ավելի ուշ, երբ «հրթիռների գործով» կալանավորվել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Հաջիևը պահանջել էր Տոնոյանին դատել նաև որպես՝ «ռազմական հանցագործ»՝ մեղադրելով նրան Գյանջայի, Բարդայի և ադրբեջանական այլ բնակավայրերի ուղղությամբ «ՀՀ զինված ուժերի կողմից հրթիռային հարվածների» համար: Եվ ոչինչ, որ գերագույն հրամանատարը Փաշինյանն էր, որ հոկտեմբերի սկզբի «Գյանջայի դեպքերի» օրերին եղել է Արցախում:

Թե ինչու է Հաջիևը թիրախավորում հենց Տոնոյանին, մեկ այլ հոդվածում անդրադարձել ենք:

Իսկ Գյանջայի և Բարդայի դեպքերը քննարկման առարկա են եղել նաև Բաքվի դատավարությունում: «Գյանջայի դեպքերով» և ոչ միայն սլաքն ուղղվել է ՀՀ զինված ուժերին և 44-օրյայի ժամանակ պաշտոնավարած ռազմական ղեկավարությանը: 

Այս թեմաներով Բաքվի դատարանում հարցեր են ուղղվել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը՝ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին՝ փորձելով Հայաստանի դեմ «ցուցմունքներ» կորզել:

Վերադառնանք Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ազգային ֆորումի հայտարարությանը, և տեղեկացնենք, որ դրա ղեկավարը Ռամիլ Իսկանդերլին է: Նա, լինելով Ադրբեջանի կառավարության քաղաքական գիծն առաջ տանող ՀԿ սեկտորի ղեկավարներից, պարբերաբեր միանում է կամ ինքն է նախաձեռնում Հայաստանի և արցախահայության դեմ ուղղված հավաքական հայտարարություններ ու բաց նամակներ, որոնք վերաբերում են ականապատ տարածքների, անհետ կորածների հարցում հայկական կողմին վերագրվող մեղադրանքներին:

Իսկանդերլին նաև Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնող «արևմտյան Ադրբեջան» քաղաքական ծրագրի ջատագովներից է: Եվ նրա այս գործելաոճը որևէ կերպ չի փոխվել, երբ նա ընդգրկվել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մեջ և այցելել Հայաստան, քանի որ գտնում է «44-օրյա պատերազմում Հայաստանի միջազգային կոնվենցիաներին հակասող գործողություններին» պիտի տրվի իրավական գնահատական, որը չի հակասում խաղաղության օրակարգին:

Այսինքն, սա բաց է թողնում դուռը Նիկոլ Փաշինյանից կոնկրետ մարդկանց պահանջելու կամ Հսյաստանի վրա քաղաքական ճնշում գործադրելու:

Եվ ոչինչ, որ Ադրբեջանն ինքն է ռազմական հանցագործություններ իրականացրել 44-օրյա պատերազմում, գնդակահարել հայ քաղաքացիական անձանց: Սակայն Երևանն ինքը մոռացության է տվել այս փաստերը, որին Բաքվից հայելային պատասխան չի ստացվում, եթե մի պահ ենթադրենք, որ ադրբեջանական կողմի պահանջը հիմք ունի:

Նշենք, որ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ազգային ֆորումի՝ Բարդայի դեպքերի «մեղավորներին» միջազգային և ոչ միջազգային օրենքի սահմաններում պատժելու  հայտարարությանը նախորդել էր Հիքմեթ Հաջիևի պնդումը, թե Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցի ժողովրդից:

—

Hovhannisian John:
Related Post