X
    Categories: News

ԵՄ անդամակցության «անցումային ցուցակը». Հայաստանի անորոշ հեռանկարն ու իրական

Հոկտեմբեր 29, 2026

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ այնպիսի երկրների անդամակցությունը ԵՄ-ին, ինչպիսիք են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, կախված կլինի այդ պետությունների հետագա զարգացումից։

ԵՄ-ի զարգացումը հաջորդ 30 տարիների ընթացքում կանխատեսելով՝ Ստուբը, ով զուգահեռաբար նաև այս օրերին հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, նշել է, որ  ընդլայնումը Եվրամիության արտաքին քաղաքականության ամենակարևոր խնդիրն է։

«Իմ տեսլականն այսպիսին է. 30 տարի անց Եվրամիությունը կունենա մոտավորապես 40 անդամ երկիր։ Դա աշխարհի բոլոր երկրների 20%-ն է։ Անդամակցության կառուցվածքը կտարբերվի, ինչպես արդեն այսօր է։ Ոչ բոլորն են եվրոն օգտագործելու՝ որպես արժույթ։ Սակայն ԵՄ-ն զգալիորեն ավելի մեծ կլինի, քան այսօր է։

Անձամբ ես կցանկանայի տեսնել Արևմտյան Բալկանների բոլոր երկրներին, Ուկրաինային և Մոլդովային դրա մեջ։ Բնականաբար, ես կցանկանայի տեսնել Իսլանդիային, Նորվեգիային, Շվեյցարիային և Միացյալ Թագավորությանը։ Կանադան կլինի առնվազն ասոցացված անդամ։ Ինչ վերաբերում է այլ երկրներին, ինչպիսիք են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, սա կախված կլինի նրանց հետագա զարգացումից»,- նշել է Ստուբը, որի խոսքերը հրապարակվել են Ֆինլանդիայի նախագահի կայքում։

Կարդացեք նաև

  • Հարբած ամուսին, մատանի… քաղաքական բռնարարների վերջին երեսպաշտությունը
  • Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն. էս ծեծկռտուքը սարքեցիր՝ փակե՞ս TRIPP-ի վտանգը. դու էլ որոշող չե՛ս. Արտակ Զաքարյան
  • Դա դարի դավաճանություն էր, աղետաբեր ճանապարհ․ Հայաստանում ադրբեջանական անկլավներ չկա՛ն․ Զավեն Գրիգորյան

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի ձևակերպումը չափազանց ուշագրավ է, որը փաստացի ցույց է տալիս, որ չնայած Եվրոպային մոտենալու Երևանի՝ առնվազն ցուցադրական ձգտումներին, Հարավային Կովկասի երկրները եվրոպական մայրցամաքային ճարտարապետությունում դեռևս դիտարկվում են «անցումային» ցուցակում, ինչն էականորեն տարբերվում է Արևմտյան Բալկաններին, Ուկրաինային կամ Մոլդովային տրված ավելի հստակ աջակցությունից։

Այս իրողությունն առանձնակի ուշադրության է արժանի Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի համատեքստում։ ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը տարածաշրջանում «ժողովրդավարության բաստիոն» է, և ակտիվորեն նախապատրաստում են ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը։

Սակայն, ինչպես փաստում է Ստուբի հայտարարությունը, «ժողովրդավարական իմիջը» դեռևս բավարար չէ ԵՄ-ից երաշխավորված կամ արագացված անդամակցության խոստում ստանալու համար։ Հայաստանը դրվում է նույն հարթության վրա, ինչ Ադրբեջանը կամ Թուրքիան՝ երկրներ, որոնք կամ բացահայտ ավտորիտար համակարգեր ունեն, կամ տարիներ շարունակ սառեցրել են ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացները։

ԵՄ-ի կողմից միանշանակ երաշխիքների և հստակ ճանապարհային քարտեզի բացակայությունը Հայաստանին կանգնեցնում է լուրջ աշխարհաքաղաքական ու տնտեսական ռիսկերի առջև։ Եվրոպական ուղղությամբ կատարվող կտրուկ քայլերն արդեն իսկ առաջացնում են ԵԱՏՄ-ի և, մասնավորապես, Ռուսաստանի հակազդեցությունը։ Տնտեսական հնարավոր պատժամիջոցները, էներգետիկ կախվածության գործոնն ու լոգիստիկ խոչընդոտները շոշափելի գին են, որը Հայաստանը կարող է  վճարել  իր արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության փորձերի համար։

Այս պարագայում առաջանում է առանցքային հարցադրում. արդյո՞ք արդարացված է այն գինը, որը Հայաստանը վճարում է այսօր՝ հանուն տասնամյակներ ձգվող և անորոշ արդյունք ունեցող մի գործընթացի։

Եվրոպական անորոշ հեռանկարի հետևում կանգնած են շատ կոնկրետ տնտեսական կորուստներ, որոնք կարող են սպառնալ երկրի կայունությանը ներկայումս, այլ ոչ թե 30 տարի անց։ Բրյուսելի կողմից հստակ քաղաքական պարտավորությունների բացակայությունը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն Հարավային Կովկասը դեռևս չի դիտարկում որպես իր անմիջական անվտանգային պատասխանատվության գոտի։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ արտաքին քաղաքականությունը պահանջում է սառը հաշվարկ և իրատեսություն։ Սակայն Հայաստանը դեռ  առաջնորդվում է լոկ հռչակագրային հայտարարություններով, երբ աշխարհաքաղաքական կենտրոնները որոշումները կայացնում են բացառապես սեփական շահերից ելնելով։ Կարելի է արձանագրել, որ առանց հստակ ճանապարհային քարտեզի ու ԵՄ-ի կողմից ստանձնած պարտավորությունների՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը դառնում է բարձր ռիսկային միջոցառում։

Քանի դեռ Բրյուսելը Հարավային Կովկասը չի դիտարկում որպես իր անմիջական պատասխանատվության գոտի, Երևանի կողմից որդեգրած միակողմանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն ավելի է թուլացնում պետության դիրքերը տարածաշրջանային բարդ աշխարհաքաղաքական դասավորության մեջ։

—

Karapet Navasardian:
Related Post