X
    Categories: News

Թուրքական «ճկուն» և «հիշաչար» հաշվարկներ, կամ՝ Էրդողանի «տակտիկական նահանջը»՝

Հոկտեմբեր 26, 2026

Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կառավարությունը փոխել է դպրոցական համազգեստի կանոնները՝ արգելելով դպրոցներում կրել համազգեստից տարբերվող կամ կրթության աշխարհիկ սկզբունքին հակասող հագուստ։

Թուրք մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ սուր քննադատության ենթարկեցին Ալիևի այս որոշումը, ինչը թուրք-ադրբեջանական հարաբերություններում նոր լարվածության պատճառ դարձավ: Եվ այն, ինչ սկզբում վերաբերում էր դպրոցական համազգեստի կանոններին և կրոնական հագուստ կրող աշակերտուհիների՝ կրթություն ստանալու իրավունքին, աստիճանաբար, ըստ էության, վերածվեց երկու դաշնակից պետությունների միջև հրապարակային հակասության։

Նախ Բաքվի պաշտոնական թեզերը տարածող ադրբեջանական լրատվամիջոցները Թուրքիային հիշեցրին Շուշիի հռչակագրի մասին, որտեղ հստակ նշված է՝ «կողմերն իրականացնում են անկախ արտաքին քաղաքականություն՝ ուղղված սեփական ազգային շահերի ապահովմանն ու պաշտպանությանը»: Ուստի, ըստ ադրբեջանական կողմի, «Մեկ ազգ, երկու պետություն»-ը դաշնակցության բանաձև է, ոչ թե ներքին գործերին միջամտելու արտոնագիր։

Ադրբեջանն այս համատեքստում անդրադարձել էր նաև թուրքական այն դժգոհություններին, որոնք բացահայտ կամ անուղղակիորեն առնչվում են Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերություններին։

Կարդացեք նաև

  • Ադրբեջանում իսրայելական հենակետերի լուրը, հիջաբի արգելքն ու իրանական գործոնը․ Ինչի՞ց է վախենում Ալիևի վարչակազմը
  • Բաքուն ներողություն է պահանջում հայերից. Հաջիև
  • Փաշինյանի մեջ մի կենդանի բջիջ գտել եմ… սպառնաց՝ հանելու է, բայց ես իմ կոշիկն իրեն չեմ տա. Էդգար Ղազարյան

Ավելին, Բաքուն «կոնտրքայլ» էր արել՝ ցույց տալով, որ Թուրքիան փորձում է վերանայել իր հաշվարկները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում չհարցնել իրենց դիրքորոշումը, երբ դեռ ստորագրված չէ Հայաստան-Ադրբեջան վերջնական խաղաղության համաձայնագիրը:

Հոկտեմբերի 21-ին էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու գցել է «սև ցուցակ»՝ թուրք քաղաքական գործիչներ, լրագրողներ, սյունակագիրներ, բլոգերներ և կրոնական ոլորտի ներկայացուցիչներ։

Նրանց թվում են՝ Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի որդին՝
«Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանը, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն, HÜDA PAR կուսակցության փոխնախագահ Յահյա Ուղրաշը, Մարմարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, Այա Սոֆիա մզկիթի իմամ-խաթիբ Մեհմեթ Բոյնուքալընը:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդել է, որ Թուրքիայի նշված քաղաքացիներն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, իշխանությունը բռնի կերպով փոխելու կոչեր են հնչեցրել, ինչպես նաև կրոնական արմատականության հողի վրա բռնություն, կրոնական ատելություն և թշնամանք հրահրել։

Դրանից առաջ արդեն ալիևյան ռեժիմի թիրախում էր հայտնվել Թուրքիայի նախագահի այն ժամանակվա գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը, ով դատապարտել էր Ադրբեջանում դպրոցական համազգեստի հետ կապված նոր սահմանափակումները, շեշտել՝ անընդունելի է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտների կրթության իրավունքի սահմանափակումը։

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունն արձագանքել է Սարալի հայտարարությանը՝ կոչ անելով չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին: Ավելին, տեղեկություններ էին տարածվել, թե Բաքուն Անկարայից պահանջել է Սարալին հեռացնել պաշտոնից։

Հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնից հեռացրել է իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երբ Սարալին հարցրել են՝ արդյո՞ք իր պաշտոնանկությունը կապված է Ադրբեջանի վերաբերյալ իր հայտարարությունների հետ, նա պատասխանել է. «Այդպես է երևում»։

Ադրբեջանական minval.az-ն գրել է, որ խնդիրը միայն Սարալը չէ, և, որ Էրդողանի խորհրդականի պաշտոնանկությունը կարող է փակել միայն կոնկրետ դրվագի թեման:

«Եթե Անկարան իսկապես մտադիր է պահպանել Բաքվի վստահությունը, ապա ստիպված կլինի զբաղվել տեղի ունեցողի պատճառներով, այլ ոչ թե միայն դրա առավել տեսանելի մասնակիցներով։

Էրդողանը հեռացրեց Սարալին։ Հիմա հարց ուղիղ ԱԶԿ-ին․ արդյո՞ք կուսակցությունը մտադիր է հրաժարվել դաշնակցին խրատելու սովորությունից, որը վաղուց ապացուցել է, որ իր քաղաքականությունն ինքնուրույն է որոշում»,- հարցադրում է արել ադրբեջանական լրատվամիջոցը և մի քանի այլ դրվագ հիշեցրել:

Մասնավորապես, Թուրքիայում պաղեստինամետ արմատական ակտիվիստների՝ SOCAR-ի դեմ իրականացրած գործողությունները:

2024 թվականին ցուցարարները հարձակվել էին ադրբեջանական նավթային ընկերության՝ Ստամբուլի գրասենյակի վրա, շենքը ներկել էին ներկով և վնասել մուտքի դռները։ Թուրքիայի ոստիկանությունը, իհարկե, ձերբակալել էր հարձակման մասնակիցներին, սակայն Բաքվում այն կարծիքին են, որ SOCAR-ի դեմ ուղղված այդ արշավը ցույց տվեց ադրբեջանական ընկերության հեշտությամբ թիրախ դառնալը դաշնակից երկրում:

Ադրբեջանում հարցեր ունեն նաև թուրքական կինոարտադրության հետ կապված, որտեղ ադրբեջանցիները հանրահայտ հեռուստասերիալներում ներկայացվում են որպես ծիծաղելի և սահմանափակ մտածողությամբ կերպարներ, խաբեբաներ և քրեական աշխարհի ներկայացուցիչներ։

Իսկ ինչո՞ւ Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդառաջ գնաց Ալիևի պահանջին՝ գլխավոր խորհրդականին պաշտոնազրկելու հարցում, հատկապես, երբ 2013 թվականին Թուրքիան լայնածավալ բարեփոխումների փաթեթի շրջանակում վերացրել էր պետական հիմնարկներում իսլամական գլխաշոր կամ հիջաբ կրելու՝ տասնամյակներ շարունակ գործող արգելքը։

Իշխող կուսակցության պատգամավորների առջև ունեցած ելույթում Թուրքիայի այն ժամանակ դեռ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք ճանաչում են այն մարդկանց հավատքի իրավունքը, որոնցից նրանք տարիներ շարունակ զրկված են եղել:

Իսկ 2017 թվականին տեղեկություններ տարածվեցին, որ Գլխավոր շտաբում կամ զորատեսակների հրամանատարությունների շտաբներում ծառայող թուրք կին սպաներին ևս թույլատրվել է կրել իսլամական գլխաշորեր:

Ինչևէ, վերադառնանք Սարալի պաշտոնանկությանը: Ինչո՞ւ Էրդողանը գնաց այս փոքր «տակտիկական նահանջին»:

Նախ պետք է հիշել, որ հոկտեմբերի 29-30-ն Անկարայում տեղի է ունենալու Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովը, որին օրեր առաջ Էրդողանն Ալիևին հեռախոսազանգով անձամբ հրավիրել է մասնակցելու, ուստի պետք է փորձել մեղմել թուրք-ադրբեջանական լարվածությունը:

Եվ նախքան համաժողովը, Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին ընդունել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովին։ Այն նույն Բահչելին, որը հիջաբի արգելքի հետ կապված թուրք-ադրբեջանական վեճի ֆոնին կոչ էր արել հարգել թյուրքական պետությունների ինքնիշխանությունը և ներքին օրենսդրությունը, մյուս կողմից՝ ավելի վաղ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է իրական անունով կոչել՝ «Թուրանի միջանցք»:

«Այս երթուղին Թուրանի միջանցքն է։ Թուրանի միջանցքն ապագայի պատմական և մշակութային դարպասն է, որը տարածվում է Կարսից մինչև Թուրքեստանի տափաստաններ»,- շեշտել է նա:

Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը Թուրքիային անհրաժեշտ է տարածաշրջանում սեփական դիրքերն ամրապնդելու համար: Եվ, ըստ էության, «Թուրանի ծրագրի» կամ «Թուրանի միջանցքի» իրականացման հաշվարկով է Թուրքիան անմիջական մասնակցություն ունեցել 2020 թ. 44-օրյա պատերազմում:

Այսինքն, Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելը զուտ բարի կամքի դրսևորում չէր, այստեղ Թուրքիան իր հաշվարկներն ուներ: Եվ պատահական չէ, որ Թուրքիան 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակը դիտարկում է որպես թյուրքական աշխարհի հաղթանակ, իսկ Ադրբեջանը՝ որպես թյուրքական ծրագրի բաղադրիչ:

Եվ առնվազն քանի դեռ «Զանգեզուրի միջանցքը» կամ «Թրամփի ուղին» ամբողջությամբ չի իրականացվել, Թուրքիան գնալու է նման «տակտիկական նահանջների»:

Այսինքն՝ եթե ալիևյան Ադրբեջանը չի մոռանում որոշ դրվագներ և վիրավորանքներ, Թուրքիան առավելևս չի մոռանալու Բաքվի պահվածքը, և պարզ չէ՝ այն ինչ կերպ է դրսևորվելու:

Ի վերջո, Ադրբեջանը դեռ ռազմական և ռազմատեխնիկական առումով կախվածություն ունի Թուրքիայից, և որքան էլ Ալիևը փորձի Նախիջևանի վրա ուժեղացնել սեփական վերահսկողությունը, այնտեղ թուրքական ազդեցությունը դեռ չեզոքացված չէ:

Չմոռանանք, որ Թուրքիայի հետ Ադրբեջանի միակ ցամաքային սահմանը Նախիջևանի միջոցով է, և այն Նախիջևան զենք տեղափոխելու և տեղի բանակը զինելու անհրաժեշտ ճանապարհ է, հատկապես, երբ ասում ենք՝ ԹՐԻՓՓ-ով զենք չի տեղափոխվելու: Ալիևը լավ է պատկերացնում Նախիջևանում թուրքական ազդեցության հետ կապված հնարավոր վատագույն սցենարները: Եվ հենց այդ տրամաբանության մեջ են Նախիջևանի հետ կապված վերջին տարիների Ալիևի բոլոր որոշումները: Դրա համար է, որ Բաքուն փորձում է այնտեղ ապահովել ԱՄԷ-ից և այլ երկրներից ներդրումներ:

«Թրամփի ուղի» կամ, ինչպես Թուրքիայում են այն ընկալում՝ «Թուրանի միջանցք» ծրագրի իրականացումից հետո Ադրբեջանը կարող է Թուրքիայի «թեթև ձեռքով» տարբեր խնդիրների առաջ կանգնել: Այնպես որ, մեծ ծրագրերը նաև որոշակի նահանջներ են պահանջում:

—

Jirair Kafian:
Related Post