X
    Categories: News

Ադրբեջանում իսրայելական հենակետերի լուրը, հիջաբի արգելքն ու իրանական գործոնը․

Հոկտեմբեր 26, 2026

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր հերթական անգամ հերքել է արևմտյան ԶԼՄ-ներից մեկում հրապարակված հոդվածը, թե Իսրայելն Իրանի դեմ պատերազմի համար Ադրբեջան զինտեխնիկա է տեղափոխել։

«Բաքվի մշակույթի և մեդիայի երկխոսության հարթակի» շրջանակներում անցկացված «Խաղաղության լեզուն և պայքարն ապատեղեկատվության դեմ» նիստում Հաջիևը դեռևս հունիսին հրապարակված տեղեկատվությունը կեղծ է որակել, հրապարակման մեջ ներկայացված պնդումները տեխնիկապես անհիմն էին։

«Ինչպե՞ս կարող էր Իսրայելն այստեղ զինտեխնիկա տեղափոխել։ Եթե դա տեղի ունենար, արբանյակների կամ դիտարկման այլ միջոցների օգնությամբ այն հայտնաբերելը շատ հեշտ կլիներ: Նման պնդումները չէին համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի աշխարհագրական դիրքն ինքնին անհնարին էր դարձնում դա»,- ընդգծել է նա։ Նրա խոսքով՝ ապատեղեկատվությունը տարածվում է ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներում։

«Դա Ադրբեջանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավի մաս էր։ Ընդ որում, դրա թիրախն էին դարձել ոչ միայն լրագրողներն ու պրոֆեսիոնալ ԶԼՄ-ները, այլև դիվանագետները»,- հայտարարել է Հաջիևը։

Կարդացեք նաև

  • Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան
  • Թուրքական «ճկուն» և «հիշաչար» հաշվարկներ, կամ՝ Էրդողանի «տակտիկական նահանջը»՝ հանուն մեծ ծրագրերի
  • Հայաստանը Փաշինյանի օրոք․ Բոլթոնի պատգամներին հավատարիմ

Նա նաև քննադատել է Ադրբեջանի հարավային շրջաններում Իսրայելի կողմից իբր իրականացված որոնողափրկարարական գործողության մասին հրապարակումները։ «Եթե լրագրողները գրում են Ադրբեջանի հարավում Իսրայելի որոնողափրկարարական առաքելության մասին, նրանք պետք է հասկանան համապատասխան տերմինաբանությունը։

Նման առաքելությունը ենթադրում է ականակիրների (էսկադրային ականակիր նավերի), հատուկ նշանակության զինծառայողների մասնակցություն, լոգիստիկ բազայի և այլ օժանդակ տարրերի առկայություն։

Նախևառաջ, մենք տեսնում ենք, որ նման տեղեկատվությունը տարածվում է առանց որևէ պատասխանատվության։ Որոշ դեպքերում լրագրողները դիմում են արտաքին գործերի նախարարություններ, ստանում պաշտոնական հերքումներ, սակայն շարունակում են օգտագործել այդ տվյալները և նույնիսկ ներողություն չեն խնդրում»,- ընդգծել է նախագահի օգնականը»:

Դեռևս հունիս ամսին CNN-ը հոդված էր հրապարակել այն մասին, թե  իսրայելական ուժերը գաղտնի տեղակայվել են Ադրբեջանում։ Հոդվածի համաձայն՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում Իսրայելը գաղտնի կերպով Ադրբեջանում տեղակայել է էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ, որը Մերձավոր Արևելքում Իսրայելի ստեղծած գաղտնի հենակետերի ցանցի մի մասն է եղել:

Հոդվածագիրը նաև նշել էր, թե իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավային հատվածում գտնվող մի քանի վայրերից՝ Իրանի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ, իսկ ամենամոտ կետը գտնվել է Թավրիզ քաղաքից ընդամենը 60 մղոն (~96 կմ) հեռավորության վրա (որին Իսրայելը հարվածներ էր հասցրել պատերազմի ընթացքում)։

Նշվում էր նաև, թե տեղակայված հատուկջոկատայիններն իրականացրել են հետախուզական տվյալների հավաքագրում և օգտագործել անօդաչու թռչող սարքեր՝ Իսրայելին տալով Իրանի հյուսիսային շրջանները դիտարկելու կարևոր առավելություն:

Հրապարակման համաձայն, Ադրբեջանում իրականացված գործողությանը մասնակցել է մի քանի տասնյակ զինծառայող․ այդ թվում՝ Իսրայելի հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչներ, որոնողափրկարարական էլիտար ստորաբաժանումներ և «Մոսադ»-ի անձնակազմ, իսկ սկզբնապես նախատեսված լինելով որպես արտակարգ իրավիճակների հնարավոր փրկարարական թիմեր՝ այս տեղակայումների շրջանակն ընդլայնվել է՝ վերածվելով ռազմական և հետախուզական հենակետերի։

«Ադրբեջանի, Իրաքի, ԱՄԷ-ի և Սոմալիլենդի տարածքներում տեղակայված հենակետերի շնորհիվ Իսրայելը շրջափակման մեջ էր վերցրել Իրանը հարավային, արևմտյան և հյուսիսային հարթություններում»,- ասվում էր հրապարակման մեջ։

Գրված էր նաև, թե նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ պատերազմի ակտիվ փուլից շաբաթներ առաջ (հունվարի կեսերին), Իսրայելական ռազմաօդային ուժերն օգտագործել են «ստելս» (աննկատելի) կործանիչներ և հատուկ ջոկատայիններ՝ Ադրբեջան-Իրան սահմանի երկայնքով լսող սարքեր և հետախուզական սարքավորումներ տեղադրելու համար: Այս հետախուզական կետը, ըստ հոդվածի, Իսրայելին հնարավորություն է տվել տեղեկություններ հավաքել իրանական ռազմական տեղաշարժերի և օբյեկտների մասին, ինչպես նաև ստանալ հրթիռային արձակումների վաղ ազդարարում:

Բաքվի կողմից ամենաբարձր պաշտոնական մակարդակով CNN-ի հրապարակման նման անընդհատ հերքումները պատահական չեն․ դրանք ջրի երես են հանում այն բազմաշերտ վախերը, որոնք ունի Ադրբեջանի վարչակարգը թե՛ արտաքին, թե՛ ներքաղաքական հարթություններում։ Բաքվում սարսափում են Թեհրանի հնարավոր ուղղակի կամ անուղղակի պատասխան քայլերից։

Չնայած Ադրբեջանն ու Իսրայելը տասնամյակներ շարունակ ունեն ռազմավարական ու ռազմատեխնիկական խոր համագործակցություն, Բաքուն միշտ փորձել է հավաստիացնել Իրանին, թե իր տարածքը երբեք չի օգտագործվի՝ որպես հարթակ Իրանի դեմ հարձակումների համար։

Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցի կողմից փաստացի ապացույցների ներկայացումը, որ իսրայելական հետախուզությունն ու հատուկջոկատայինները գործել են հենց Ադրբեջանի հարավից՝ Իրանի սահմանի անմիջական հարևանությամբ, Իրանի աչքում Բաքվին դարձնում է պատերազմի ուղղակի մասնակից և թիրախ։ Ալիևի աշխատակազմում լավ են հասկանում, որ սա Թեհրանին լեգիտիմ հիմք է տալիս ապագա էսկալացիայի դեպքում թիրախավորելու ադրբեջանական ռազմավարական ենթակառուցվածքները՝ իրականացնելով կետային հարվածներ հենց այդ «գաղտնի հենակետերին»։

CNN-ի բացահայտումներն ըստ էության  կոտրում են «հավասարակշռված» արտաքին քաղաքականություն վարող երկրի այն միֆը, որը Բաքուն տարիներով կառուցում էր։ Զինտեխնիկայի, «ստելս» կործանիչների ու «Մոսադի» անձնակազմի ներկայության մասին լուրերն Ադրբեջանին ներկայացնում են ոչ թե ինքնուրույն տարածաշրջանային խաղացող, այլ արտաքին ուժերի աշխարհաքաղաքական պլանների լոգիստիկ կցորդ, ինչը թուլացնում է Բաքվի դիվանագիտական դիրքերը միջազգային ասպարեզում և ստիպում արդարանալ միջազգային հարաբերություններում։

Երրորդ և, թերևս, ամենացավոտ վախը ներքին անվտանգությունն ու կրոնական-հասարակական կայունությունն է։ Ադրբեջանը բնակչության մեծամասնությամբ շիա է, որտեղ չնայած իշխանությունների ծայրահեղ աշխարհիկ քաղաքականությանը՝ իսլամական ու հակաիսրայելական տրամադրությունները բավականին խոր արմատներ ունեն։ Իսրայելի հետ ռազմական դաշինքի այսպիսի բացահայտումը, հատկապես Իրանի դեմ պատերազմի համատեքստում, լուրջ դժգոհության ալիք է բարձրացնում հասարակության պահպանողական հատվածում։

Պատահական չէ, որ վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունները նյարդային արձագանք են ցուցաբերում նաև ներքին կրոնական դրսևորումների նկատմամբ․ օրինակ՝ դպրոցներում և պետական հիմնարկներում հիջաբ կրելու շուրջ վերաբացված լարված քննարկումները և դրա դեմ կիրառվող սահմանափակումները ցույց են տալիս, որ Բաքուն զգուշանում է Իրանի հնարավոր «փափուկ ուժի» ազդեցությունից և ներքին իսլամիստական շարժումների ակտիվացումից։

Իշխանությունները վախենում են, որ իսրայելական ներկայության փաստը կարող է կատալիզատոր դառնալ ներքին ընդվզումների համար՝ հիջաբի ու կրոնական ազատությունների սահմանափակման թեման վերածելով քաղաքական դիմադրության լուրջ օջախի։

—

Edgar Tavakalian:
Related Post