X
    Categories: News

ԵՄ-ն երբեք Հայաստանին չի խնդրել դադարեցնել ՌԴ հետ հարաբերությունները․ Վասիլիս

Հոկտեմբեր 26, 2026

Հայ և թուրք լրագրողները համատեղ մեդիա շրջայցի ամփոփիչ հանդիպման ընթացքում Երևանում հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Քննարկման առանցքում եղել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը:

Մարագոսն ընդգծել է, որ Հայաստանի հետ ԵՄ համագործակցության խորացումը որևէ այլ գործընկերոջ դեմ ուղղված չէ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը՝ այլընտրանքային հնարավորություններ ստեղծելով։ «Մենք երբեք չենք խնդրել Հայաստանին դադարեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։Մենք երբեք չենք խնդրել Հայաստանին արտահանում չիրականացնել Ռուսաստան»,- հայտարարել է դեսպանը։

Նա նշել է, որ երբ Ռուսաստանը սահմանափակող միջոցներ է կիրառում հայկական արտահանման նկատմամբ, ԵՄ-ն աջակցում է Հայաստանին շուկաների դիվերսիֆիկացման հարցում։ Նույն մոտեցումը, ըստ Մարագոսի, գործում է նաև էներգետիկայի ոլորտում։

«Մենք երբեք չենք ասել Հայաստանին՝ Ռուսաստանից գազ մի՛ գնեք։ Փոխարենը՝ աջակցում ենք դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդման հնարավորություններին։ Ի վերջո, Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը պետք է որոշեն երկրի էներգետիկ աղբյուրների համադրությունը»,- ասել է նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ դեսպանը կարգավորումը կենսական է համարել երկու երկրների, և կարևոր՝ Եվրամիության համար։ Նա շեշտել է, որ դիվանագիտական աշխատանքը չի կարող արդյունավետ լինել առանց մարդկանց միջև անմիջական կապերի։ «Այս ամբողջ աշխատանքն անարդյունավետ է, եթե դրանում բացակայում է մարդկանց միջև կապերի բաղադրիչը»,- նշել է Մարագոսը։

Այս համատեքստում նա կարևորել է գործարարների և լրագրողների փոխադարձ այցելությունները։ Հիշատակելով սեպտեմբերին Երևանում անցկացված հայ-թուրքական գործարար համաժողովը՝ դեսպանը նշել է, որ մասնակիցների շրջանում տեսել է ոչ միայն դրական արձագանք, այլև միասին աշխատելու ոգևորություն ու պատրաստակամություն։ Նրա գնահատմամբ՝ հարևաններին ճանաչելու ցանկությունը նաև սեփական անվտանգության մեջ ներդրում է։

Սահմանի բացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ Մարագոսը հայտնել է, որ ԵՄ-ն աջակցում է սահմանային ենթակառուցվածքների բարելավմանն ու ճանապարհային և երկաթուղային կապերի տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին։ Նա հիշատակել է Մարգարա-Ալիջան անցակետը և Կարս-Գյումրի երկաթուղային կապի՝ Ախուրիկի հատվածը։

«ԵՄ-ն աջակցում է ֆիզիկական ենթակառուցվածքներին և տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին, որպեսզի քաղաքական որոշումն ընդունվելու պահին ամեն ինչ տեխնիկապես պատրաստ լինի»,- ընդգծել է դեսպանը։ Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ առաջ շարժվելու հետաքրքրություն են արտահայտում, և տեխնիկական քայլեր ձեռնարկվել են։ Միաժամանակ նա նշել է, որ բնական է հիասթափությունը, որ սահմանը չի բացվել ակնկալված արագությամբ։

Հարցին, թե արդյոք Բրյուսելն օգտագործում է Թուրքիայի հետ հարաբերություններում ունեցած լծակները՝ Անկարային առանց նախապայմանների սահմանը բացելուն մղելու համար, Մարագոսն արձագանքել է, որ առաջնային գործիք է համարում խրախուսումը և գործընթացի նկատմամբ կողմերի պատասխանատվությունը։

Խոսելով կարգավորման նկատմամբ Եվրամիության շահագրգռության մասին՝ դեսպանը նշել է երկու հիմնական հանգամանք՝ հարևան տարածաշրջանի կայունությունը և Եվրոպան Կենտրոնական Ասիայի ու Չինաստանի հետ կապող այլընտրանքային երթուղիների զարգացումը։ «Երբ ամրապնդում ենք հարաբերությունները գործընկերներից մեկի հետ, դա ուղղված չէ մեկ այլ գործընկերոջ դեմ։ Խաղաղությունից, կայունությունից և համագործակցությունից շահում են բոլորը»,- ընդգծել է նա։

Հանդիպման ավարտին դեսպանն ընդգծել է, որ ԵՄ դերը պայմաններ թելադրելը չէ, այլ շփման և համագործակցության հնարավորություններ ստեղծելը։

«Եթե մարդկանց միջև կապերն արմատավորվեն, և դուք շարունակեք հաղորդակցվել, ազնվորեն լուսաբանել ու կառուցել մասնագիտական և անձնական կապեր, որևէ քաղաքական խոչընդոտ չի կարող ընդմիշտ կանգնել ճանապարհին»,- ասել է Մարագոսը։

Հիշեցնենք, որ մեդիա շրջայցն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորմանը. անդրսահմանային կապերի ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացրել են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հրանտ Դինք հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը՝ TEPAV-ը։

—

Hambik Zargarian:
Related Post